Մենակ ապուշը կարող է մտածել, որ Քոչարյանը Հայաստանից կարող է գնալ. Հայկ Ալումյան

Մենակ ապուշը կարող է մտածել, որ Քոչարյանը Հայաստանից կարող է գնալ. Հայկ Ալումյան

Մարտի մեկի գործով դատը նման չէ մյուս նմանատիպ դատավարություններին եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն առաջին անգամ է հանրապետության նախագահի ամբաստանյալի աթոռին նստեցրել։ Հանրությունը, նաեւ մեղադրյալը հնարավորություն ունեին տեսնել այն, ինչ սովորաբար կատարվում է դատավորի խորհրդակցական սենյակում։ Դատավարության այս արտառոց կարգի մասին զրուցեցինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ, որն ուղղակի առնչություն ունի դատավարական կարգի այս փոփոխության հետ։ 

- Կարծում էինք, որ դատարանը սկզբում պետք է ներկայացնի բոլոր ամբաստանյալներին, կողմերին, մեղադրանք կարդա եւ այլն, ապա նոր միջնորդություն լինի խափանման միջոցը փոխելու մասին։ Բայց այս անգամ չեղավ այդ ամենը։ Ինչո՞ւ։

- Մեր Քրեական դատավարության օրենքով ու մինչեւ վերջերս ընդունված քրեական դատավարության պրակտիկայով դատավորը՝ գործը վարույթ ընդունելուց հետո, որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին։ Որոշումն այս նա, ըստ օրենքի, կայացնում է իր սենյակում։ Դրա հետ մեկտեղ քրեական դատավարության 300-րդ հոդվածով դատավորը նաեւ որոշում է կայացնում մեղադրյալների խափանման միջոցների մասին՝ թողնել ուժի մեջ, թե ոչ, ազատության մեջ գտնվողին կալանավորել կամ հակառակը։ Այդ որոշումները եւս նա կայացնում է իր աշխատասենյակում, նիստի օր է նշանակում եւ բոլորին բերում է դատարան։ Մենք Արմեն Սողոյանի գործով բողոքարկել էինք մինչեւ Եվրոպական դատարան, ասում էինք՝ ո՞նց է ստացվում, որ դատավորը խափանման միջոցի հարց է լուծում իր աշխատասենյակում, որ մեղադրյալն այդտեղ չլինի ու իր փաստարկները չկարողանա ներկայացնել։ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր ինքը գրել, որ դա հակաիրավական է, բայց իր վրայից գցեց, դիմեց Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն էլ անցյալ տարի որոշում կայացրեց, որ այդ փուլում մեղադրյալի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի մեղադրյալի մասնակցությամբ, որ մեղադրյալը կարողանա իր փաստարկը ներկայացնել։

- Այսինքն՝ դեռ մարտի մեկի գործով քննություն չի սկսվել։ Սա ասենք հստակ։

- Քննություն դեռ չի սկսվել, բայց այն, ինչ նախկինում կատարվում էր դատարանի աշխատասենյակում, արվում է դռնբաց դատական նիստով։

- Հանրության ներկայությունը խափանման միջոցի քննարկման ժամանակ նույնպես, փաստորեն, նորություն էր։

- Ոչ մի պատճառ չկա դռնփակ անելու։ Սա նորություն է, բայց նորությունը նրանից չէ, որ մեր դատական համակարգն էր սրան ձգտում, այլ նրանից է, որ տարիներ շարունակ հակասահմանադրական ու հակաիրավական ընթացակարգ է գործել, հետո դիմեցինք եւ փոխեցինք ընթացակարգը։

- Հիմա սրանից հետո խափանման միջոց կիրառելու քննարկումներն էլի հանրության ներկայությա՞մբ են լինելու, թե՞ սա նրանից է, որ հանրապետության երկրորդ նախագահին է վերաբերում։ 

- Խափանման միջոցի քննարկումը պետք է միշտ էլ հանրության ներկայությամբ լինի, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք այս գործով առնչվելու են պետական անվտանգությանը կամ պետական գաղտնիքին։ 

- Կալանքի հիմքերի մասին այս 4 օրվա ընթացքում քիչ էր խոսվում։ Ավելի շատ կողմերն անդրադառնում էին բուն մեղադրանքին, խոսում էին մեղադրանքի մասին, թեեւ Քոչարյանը ցուցմունք էլ չի տվել։ Ինչո՞ւ։

- Երբ որ մարդն ուզում է ապացուցի, որ ինչ-որ մի բան կա, նա շատ երկար կարող է խոսել այդ մասին։ Բայց երբ որ մարդն ուզում է ասի, որ մի բան չկա՝ հնարավոր չի երկար խոսել, ասել, որ հիմքերը չկան ու ինչու չկան։ Կարելի է ասել, որ մյուս կողմը ոչ մի հիմք չի ներկայացրել, կարելի է ասել, որ ընդհանրապես խոչընդոտելու հնարավորությունը գնալով նվազում է այն դեպքում, երբ սկզբում գոյություն է ունեցել, կարելի է ասել, որ երկրորդ նախագահի ամբողջ տեղաշարժը վերահսկվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից, եւ նրա բոլոր հանդիպումները նախապես համաձայնեցվում են ԱԱԾ աշխատակիցների հետ, որովհետեւ նա օրենքով պահպանվող մարդ է, եւ հնարավոր չէ, որ նա ինչ-որ մի հանդիպում ունենա, ու պետությունն այդ հանդիպման մասին ոչինչ չիմանա։ Ենթադրենք, նա ուզում է գնալ օդանավակայան։ Սկզբում այդ խմբի մի մասը գնում է այնտեղ, ուսումնասիրում է տեղը, որտեղ նա պետք է մտնի, մյուսները նրան խմբով ուղեկցում են օդանավակայան, այսինքն՝ մենակ ապուշը կարող է մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից կարող է թողել գնալ, ու այդ մասին պետությունը տեղյակ չլինի։

- Մի հարց էլ՝ երաշխավորությունների մասին։ Մեղադրանքում կա, որ մարտի 1-ից առաջ Արցախից ռազմական ուժեր են բերվել, եւ Բակո Սահակյան ու Արկադի Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ են եղել այդ մասին։ Դատարանը կարող է, չէ՞, այդ հիմքով մերժել նրանց միջնորդությունը։

- Մենք փակ ռեժիմով քննարկեցինք Արցախի Հանրապետության զինված ուժերի ներգրավվածության հետ կապված հարցը։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այդ հարցը, համենայնդեպս այս փուլում, կարելի է համարել սպառված։

- Ի՞նչ իմաստով։ 

- Մանրամասներ ասել չեմ կարող, բայց այդ հարցն այս փուլում կարելի է համարել սպառված։

- Համաձայնությո՞ւն կա մեղադրական կողմի հետ։

- Դրանից ավել չխոսեմ։ Համենայնդեպս, Արցախի Հանրապետության զինուժի ներգրավվածության վերաբերյալ հարց մենք չենք քննարկելու։ Այն այս պահին կանգնած չի։ 

- Երաշխավորների մասով՝ նրանք մեղադրանքում նշված հանգամանքներին են առնչվում։ 

- Չկա արգելք կամ խնդիր, որ անձնական երաշխավորություն տված անձը հետագայում չի հարցաքննվի։ 

- Բայց վստահության խնդիր չկա՞։   

- Ինչո՞ւ, ո՞վ է անվստահություն հայտնել այդ մարդկանց։ 

- Անձնական երաշխավորություն բավարարելը դատարանի հայեցողությունն է։ Շատ են եղել դեպքեր, երբ դատավորները մերժել են։

- Հետո էլ էդ մերժելուց հետո շատ են եղել դեպքեր, երբ գնացել ենք Եվրոպական դատարան, եւ այդ մերժողը կլիզմաներ ա ստացել, պետությունն էլ դրա համար տույժեր է վճարել։ Այնպես որ՝ այդ հայեցողությունը եգիպտական փարավոնի մակարդակի չի։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ Բակո Սահակյանը կամ Արկադի Ղուկասյանը հանրային վստահություն չեն վայելում։