«Մասիս» ԲԿ-ում իրավիճակ չի փոխվել. շարունակում են «քերել» այցելուներին

«Մասիս» ԲԿ-ում իրավիճակ չի փոխվել. շարունակում են «քերել» այցելուներին

Իշխանափոխությունից հետո իշխանափոխություն տեղի ունեցավ նաեւ մարզային շատ հիվանդանոցներում, այդ թվում՝ «Մասիս» ԲԿ-ում: Թեեւ այստեղ իրավիճակը լարված էր նաեւ մինչ հեղափոխությունը՝ կապված նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի գործունեության հետ: Նորանշանակ տնօրեն Հայկ Հովհաննիսյանը նոր՝ հետհեղափոխական իշխանության նշանակած մարդն է, ասում են՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմը, եւ թվում էր՝ կենտրոնը կղեկավարի նոր՝ հեղափոխական մոտեցումներով: Մինչդեռ այցելուներն այլ բան են փաստում: Հիվանդանոցն աշխատում է այնպես, ինչպես նախկին բոլոր տնօրենների օրոք: Մասնավորապես՝ մանկաբուժական բաժանմունքում, որտեղ բուժումն անվճար է, ծնողներից պահանջում են այն, ինչը հնարավոր է: «Հրապարակին» է դիմել Ս. Ն.-ն, ում երեխան վերջերս է այնտեղ բուժվել. «Ամեն օր պարտադիր 5-6 ներարկիչ էին ուզում:

Իսկ երբ ասում էի, որ հնարավորություն չունեմ, ի՞նչ պետք է անենք, ասում էին. «Ձեր երեխան կտուժի»: Հարցնում էի՝ ինչ է, հիվանդանոցը ներարկիչ չունի՞, ասում էին, թե չի բավականացնում, հիվանդները շատ են: Այսպիսի պատասխան տալիս էին նաեւ նախկին տնօրենների օրոք: Երեկոյան տեսնում էինք, որ տուփերով ներարկիչներ են ստանում, թե ինչ էին անում՝ չեմ հասկանում, առավոտյան նորից ուզում էին: Հետաքրքիրն այն է, որ այնպես չէր, թե մի օր հիվանդանոցն էր տալիս, մի օր մենք էինք գնում, որ մտածեինք՝ վերջացավ: Ընդ որում, մեր պալատում բոլորս էլ մենք էինք գնում ներարկիչները եւ ամեն օր: Այդ դեպքում ո՞ւր էին գնում ստացածները՝ հայտնի չէ: Մենք ստիպված սուսուփուս բերում էինք, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, մեր երեխաները չտուժեն:

Շատ հաճախ ուզում էին նաեւ կատետր, գլյուկոզա, ջերմիջեցնող մոմիկ, բժիշկը նշանակում էր «Լակտոջի» դեղահաբը․ դա էլ էինք մենք գնում: Անգամ բժշկական կպչուն ժապավեն էին ուզում: Ասում եմ՝ հիվանդանոցը չունի՞, բուժքույրն ասում է՝ ունի, անորակ է, շուտ պոկվում է: Բա ինչո՞ւ են ստանում անորակը, թող լավը բերեն: Կատետրը դնում են, փոխանակ բինտով կամ բժշկական կպչուն ժապավենով ամրացնեն, թաշկինակ են ուզում․ թե այդ երբվանի՞ց է թաշկինակը դարձել բժշկական պարագա: Մարդիկ  հաճախ հապճեպ ու անպատրաստ են երեխաներին տանում հիվանդանոց, չեն իմանում, թե ինչ է իրենց պետք գալու, ուստի շատերը գրպանից հանում են թաշկինակը, որը կարող է լինել ոչ այնքան մաքուր, եւ կապում են երեխայի ձեռքի վրայի կատետրին, որը միանում է ուղիղ երակին: Իսկ սա կարող է տարբեր ինֆեկցիաների պատճառ դառնալ: Ընդհանուր առմամբ, ասել, թե բուժանձնակազմը վատ է վերաբերվում, սուտ կլինի․ թե՛ բուժքույրերը, թե՛ բժշկուհիները ուշադիր են, հոգատար: Հավանաբար, իրենց վերեւից է հրահանգված, որ այդ ամենն ուզում են այցելուներից»:
 

Մասիսի հիվանդանոցից շատ են դժգոհությունները նաեւ մաքրության եւ հիգիենայի առումով: Երբ հրատապ հիվանդ է գալիս, մաքուր անկողին չեն տրամադրում, հիվանդը,  նաեւ հիվանդ երեխաները պառկում են կա՛մ նախորդ հիվանդի  անկողնու մեջ, կա՛մ մաշված ու քրքրված ռետինե ներքնակների վրա, մինչեւ տնից անկողին կբերեն: Գրիպով եւ տարբեր վիրուսներով հիվանդ երեխաներից հետո սենյակը, մահճակալը եւ դրան կից փոքրիկ պահարանը չեն ախտահանվում: Իսկ նոր եկած երեխայի ծնողը մինչեւ դրանք ախտահանելու համար անհրաժեշտ պարագաներ է ձեռք բերում կամ տնից բերում, այդ ընթացքում երեխան լիարժեք վերցնում է նախորդ հիվանդի ինֆեկցիաները: 

Ի դեպ, նախորդ տնօրեն Նունե Ավանեսյանը դարձել էր նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման հերոսներից մեկը՝ «շնորհիվ» լիզինգով գնած թանկարժեք ավտոմեքենայի: Նախարարը ֆեյսբուքյան այսպիսի գրառում էր արել. «110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենի կողմից գնված մեքենան է։ Գնվել է լիզինգով, արժե մոտ 10 մլն դրամ»: Կից հրապարակել էր նաեւ ավտոմեքենայի լուսանկարը։ Թվում էր՝ հեղափոխության շնչով պաշտոնի եկած նորանշանակ տնօրենի առաջնային գործերից մեկը կլիներ այդ մեքենայի վաճառքը եւ դրանով հիվանդանոցի ֆինանսական խնդիրների լուծումը: Բայց ոչ՝ նորանշանակ տնօրեն Հայկ Հովհաննիսյանը կարծես թե իրեն բավականին կոմֆորտ է զգում այդ մեքենայով շրջելիս. նա մինչ օրս վարում է այդ սկանդալային եւ աղմկահարույց մեքենան: Մինչդեռ այդ մեքենայի գումարով հիվանդանոցը կարող էր գնել անկողնային պարագաներ, ներքնակներ եւ առաջին անհրաժեշտության շատ պարագաներ: Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, Ավանեսյանն իր աշխատավարձը բարձրացրել էր եւ դարձրել ամսական 500 հազար դրամ, եւ դա անփոփոխ է մնում նաեւ ներկայիս տնօրենի օրոք:

«Հրապարակը» փորձեց այս եւ հիվանդանոցում առկա այլ խնդիրների վերաբերյալ հարցեր ուղղել ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանին: Մեզ, սակայն, հաջողվեց ընդամենը մեկ հարց ուղղել՝ կապված հիվանդներից ներարկիչներ պահանջելու հետ: Տնօրեն Հովհաննիսյանը պատասխանեց, թե իրենց մոտ վաղուց նման բան չկա: Իսկ հստակեցնող հարցին, թե կոնկրետ երբվանից չկա, տնօրենը մի փոքր լռելուց հետո անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին:  
ՀԳ․ «Մասիս» ԲԿ-ի կոլեկտիվի մի մասը դեռեւս չի ստացել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Չնչին աշխատավարձ ստացող բուժաշխատողները կանգնած են վարկեր եւ կոմունալներ վճարելու խնդիրների առաջ: Սա՝ իբրեւ հիշեցում դուխով ինքնապարգեւատրված մարզային իշխանություններին: