Ոստիկանության գլխավոր ձեռքբերումը սահման պահելն ու իր հանդեպ ատելության վերացո՞ւմն է

Ոստիկանության գլխավոր ձեռքբերումը սահման պահելն ու իր հանդեպ ատելության վերացո՞ւմն է

Երեկ տոնում էին ոստիկանության հիմնադրման 101-րդ տարեդարձը։ Մթնոլորտն ու միջավայրը տոնական էին, ելույթները՝ նույնպես։ Ոստիկանության նվագախումբը գեղեցիկ համար էր պատրաստել, որով դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուժային կառույցների ղեկավարներին ու նախարարներին։ Հետո անցան դահլիճ՝ ոստիկանության տարեդարձի առթիվ շնորհավորական կենաց-ելույթներ ասելու եւ իրար պարգեւատրելու։ Մինչ այդ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին տեսնելով՝ հպարտությամբ նկատեց, որ մենք նախկինում հնարավորություն չունեինք ոստիկանության շենքում նման միջոցառման մասնակցելու՝ հասկացնելով, որ հեղափոխությունից հետո մեր բախտը բերել է, այ, այսպիսի դեմոկրատական առաջընթաց է գրանցել ոստիկանությունը, արդեն լրագրողներին էլ են հրավիրում իրենց տարեդարձին։

Օսիպյանը ճիշտ էր, իհարկե, բայց ոստիկանության դռները լրագրողների առաջ բացելը չպետք է լրագրողների վրա «ծախել» որպես ոստիկանության աշխատանքի հեղափոխական արդյունք։ Հատկապես որ միջոցառման ավարտից հետո լրագրողների առաջ փակվեցին բոլոր դռները, մեզ խորամանկորեն դուրս հանեցին շենքից, որ մեկուսացնեն բարձրաստիճան պաշտոնյաներից։ Նրանք էլ, օգտվելով առիթից, գաղտագողի նստեցին մեքենաներն ու ծլկեցին։ Միայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «համարձակվեց» ոտքով անցնել լրագրողների մոտով, մեկ-երկու հարցի պատասխանել ու հեռանալ, մեկ էլ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ բայց առանց հարցերի պատասխանելու։ Մյուսներն ինչպես Սերժ Սարգսյանի թվերին էին անում, նույնկերպ էլ հիմա՝ ճողոպրեցին լրագրողներից։ Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նաեւ խաբեց մեզ՝ խոստանալով, որ կիջնի, կխոսի, բայց մեքենան նստեց ու «թռավ»։ 

Ոստիկանության դահլիճում նախ հնչեց հաղորդավարի հրահանգը․ «ՀՀ դրոշի ներքո, զգա՛ստ»։ Ապա ներս բերվեցին հայոց եռագույնն ու ոստիկանության դրոշը։ Զգաստ ու ձիգ կանգնած Օսիպյանի կողքը կանգնել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ուսերը կախ, մեջքը՝ թեք, մի տեսակ խեղճ հայացքով։ Սա այն նույն Փաշինյանն էր, ով մի քանի օր առաջ ավտոմաքսատանը աշխատակցից պահանջում էր ձգված կանգնել իր առաջ եւ հարգել պետական դրոշը։ Առաջինը ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ հիշելով մեկ տարի առաջ այս օրերը, երբ իրենք ոստիկանների հետ դարձյալ միասին էին, բայց փշալարերի տարբեր կողմերում։

Փաշինյանն այս օրը նշանային համարեց՝ նկատելով, որ անցյալ տարի տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, եւ այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ ատելություն։ Ուստի վարչապետը կարծում է, որ ոստիկանության գործողությունները չպետք է ատելություն առաջացնեն եւ արտահայտեն։ Եվ որպես վերջին ամիսներին ոստիկանության ամենամեծ ձեռքբերում՝ վարչապետը համարեց, որ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության եւ հասարակության հարաբերություններից։

Նիկոլ Փաշինյանը որեւէ խնդիր չմատնանշեց ոստիկանության աշխատանքում, չնկատեց այն թերացումներն ու պրոբլեմները, որոնք առկա են համակարգում։ Նրա ելույթն ավելի շատ հուզական էր, ոչ առարկայական։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ոստիկանության զորքերի այն ծառայողներին, որոնք այսօր մարտական հերթապահություն են իրականացնում՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները:

Առհասարակ, այս թեզը, որ ՀՀ ոստիկանության զորքերը սկսել են սահման պահել, կարմիր թելի պես անցավ գրեթե բոլոր պաշտոնյաների ելույթներում։ Նրանք բոլորը հատուկ դրվատանքով ընդգծեցին այդ հանգամանքը։ Այնպիսի տպավորություն էր, որ ոստիկանության միակ արժանիքն ու գլխավոր ձեռքբերումը հեղափոխությունից հետո դիրքեր բարձրանալն ու սահման պահելն է, ինչը, իհարկե, պետք չէ թերագնահատել, բայց պետք չէ նաեւ դարձնել ոստիկանության հիմնական գործառույթ։ Ուստի տարօրինակ է, որ այլ՝ ավելի կարեւոր արժանիք որեւէ մեկը չընդգծեց ոստիկանության աշխատանքում ու դերակատարման մեջ։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ելույթն էլ ասես պատմական ակնարկ լիներ։ Նա եկավ 20-րդ դարի սկզբներից՝ ոստիկանության սկզբնավորման օրվանից, ու հասավ մեր օրեր՝ հիշեցնելով, թե որն է ոստիկանության իրական դերն ու նշանակությունը։ Օսիպյանն էլ հատուկ ընդգծեց, որ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելուց զատ, նաեւ պաշտպանում է ՀՀ սահմանները։ 

Ուշագրավ էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ելույթը, որում որոշ նրբերանգներ էին զգացվում։ «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ հասարակության բարձր գնահատականը եւ վստահությունը դարձել են իրավապահ մարմինների լավ աշխատանքի պարտադիր պայման: Մաղթում եմ ձեզ, որ վայելեք ավելի մեծ վստահություն եւ հեղինակություն հասարակության մեջ»,- շնորհավորելով ոստիկանության ծառայողներին՝ ասաց Վանեցյանը՝ հատուկ ընդգծելով, որ ԱԱԾ-ն պատրաստ է ոստիկանության հետ ամենասերտ համագործակցության եւ փոխօգնության։ Իսկ ելույթի վերջում ԱԱԾ տնօրենը «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգեւատրեց ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին: Սա ուշագրավ է Վանեցյան-Օսիպյան ոչ այնքան ջերմ հարաբերությունների եւ այն մրցակցության ֆոնին, թե ով ավելի արդյունավետ կկատարի վարչապետի հանձնարարականը՝ ասֆալտին փռելու, պատին ծեփելու գործում։ 

Դատախազի, ՀՔԾ պետի ու Քննչական կոմիտեի նախագահի ելույթները նույն ոճի էին՝ նախորդ իշխանությունից մնացած «քառակուսի», ակադեմիական՝ ստանդարտ բառերով։ 
Ստեղծագործական ջիղ եւ որոշակի օրիգինալություն էր պարունակում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթը։ Նա նկատեց, որ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» եւ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին» խոսքերի մեջ չպետք է լինի տարբերություն։ Զեյնալյանը պնդեց, որ Հայաստանում խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում: Նա, հավանաբար, տեղյակ չէր վերջին դեպքից, թե ինչպես են ոստիկանության բաժանմունքում խոշտանգել մի երիտասարդի, որ ցուցմունք կորզեն։ 

Պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր ելույթն ավարտելուց հետո մեդալով էր պարգեւատրում ոստիկանության ծառայողներին։ Մոտ երկու ժամ տեւած արարողությունից հետո ներկաները բարձրացան ֆուրշեթի սրահ՝ մի բաժակ բան խմելու։ Սա լրագրողների համար, բնականաբար, փակ էր, որից հետո էլ «ծլկեցին»՝ խուսափելով պատասխանել մեր հարցերին։