Ադրբեջանը չի ուզում հանդիպել, թող չհանդիպի, հո չե՞նք խնդրելու 

Ադրբեջանը չի ուզում հանդիպել, թող չհանդիպի, հո չե՞նք խնդրելու 

ԵԱՀԿ ՄԽ առաջարկով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չկայացավ, քանի որ նախօրեին մի խումբ պատգամավորներ այցելել էին Արցախ։ Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայության ձևակերպումը հետևյալն է․ «Այսպես, տեղեկություններ են հայտնվել Հայաստանի խորհրդարանականների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ ապօրինի այցի հետ կապված»։ «Հրապարակն» առիթներ ունեցել էր գրելու, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Նիկոլ Փաշինյանը և, առհասարակ, այլ պաշտոնատար անձինք Արցախ չեն այցելել։ Եվ երբ պետք է լինում «Արցախն է գալիս Հայաստան», այսինքն՝ Արայիկ Հարությունյանի և այլ պաշտոնատար անձանց Հայաստան այցերը։

«Հրապարակը» զրույցել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, ադրբեջանական կողմը մեկնաբանում է, որ նախօրեին հայաստանցի պատգամավորներն այցելել են Արցախ, ուստի նպատակահարմար չեն համարում հանդիպել։ Ձեր մեկնաբանությունը։

-Ադրբեջանից ուրիշ էլ ի՞նչ էիք սպասում։ Բնական է, որ այդպիսի քայլերի է դիմելու, և մենք դա կանախատեսել էինք և ասել էինք, որ գնալով` դիմելու է նման սադրանքների։ Իհարկե՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, մեզ համար ոչ այլ ինչ է, քան սադրանք, Արցախը մեկուսացնելու, Հայաստանի և, առհասարակ, արտաքին աշխարհի մհետ մեր կապը խզելու, կտրելու։ Եվ այսօր ասում են՝ «ապօրինի այցելություններ պատգամավորների, պաշտոնյաների», վաղը կասեն՝ մարդկանց, հետո էլ կասեն՝ ապօրինի են ապրում էդ հայերը, և նրանք ահաբեկիչներ ու հանցագործներ են։ Էս ա իր նպատակը։

-Այդ դեպքում ո՞րն է բանակցությունների իմաստը, ինչի՞ համար են դրանք։

-Բանակցությունները պետք է վարվեն, այլ տարբերակ չկա, բայց դա չի նշանակում․․․ չի հանդիպում, թող չհանդիպի, չի ուզում, թող չլինի։ Հո մենք չե՞նք խնդրելու։ Եթե  էդպես է անում, սա մի տարբերակ է, պետք է համապատասխան կեցվածքով կանգնել և ասել, որ սա մեզ համար ընդունելի չէ։ Երբեք չխնդրել հանդիպում։

-Եթե հիշում եք, ես Ձեզ հարցրեցի այն մասին, որ մեր բարձրաստիճան պաշտոնատար դեմքերը խուսափում են Արցախ այցելել, Դուք այն ժամանակ կարծես հերքում էիք։

-Անկեղծ ասած, չեմ հիշում կոնկրետ։ Բայց մի բան կարող եմ ասել․ մեր կապը Հայաստանի հետ Ադրբեջանը չպետք է կարողանա կտրել։ Եվ արտաքին աշխարհի հետ, առհասարակ։ Բնական է՝ փորձեր է ձեռնարկելու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է տեղիք տանք։ Կա այստեղ ևս մի խնդիր․ մենք պետք է և՛ մարտավարական, և՛ ռազմավարական առումով մեր աշխատանքը մի քիչ վերակազմակերպենք։ Երբեմն լինում են մարդիկ, որոնք ուզում են այցելել` պարզապես  «սելֆիներ» անելու համար։ Սա անթույլատրելի է, սա Արցախի, մեր հայության ու այն զոհերի համար ինքին վիրավորական է։ Կան այդպիսի կատեգորիայի մարդիկ, ի՞նչ ասեմ՝ քաղաքական շոումեններ։ Բայց, ընդհանուր առմամբ, մեր կապը կա և պետք է լինի ամուր, և այստեղ Ադրբեջանի սադրանքները, կապրիզները պետք է մի կողմ դնենք։

-Նաև տեղեկություն ունենք, որ իրենց պահանջներից է նաև այն, որ Հայաստանից Արցախ չզորակոչվեն։

-Նախապայմաններ իրենք շատ են դնում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է իրենց նախապայմաններին տեղի տանք։ Եվ չի նշանակում, որ պետք է տարբեր թեմաներ արծարծենք, որոնք չպետք է արծարծենք։ Դա նաև վերաբերում է լրատվամիջոցներին, Ձեզ, մնացածին։ Եթե  սիրում եք Արցախը, պետք է ներքին զսպիչներ ունենաք, որ այս կամ այն թեմաներից, հասկանալով, որ դրանք բարդ են, խուսափեք և ինչ-որ մուտիլովկաներով չտարվեք։ Մենք իրոք լուրջ խնդիրներ ունենք լուծելու, և այստեղ շահարկումներ, այդպիսի բաներ անթույլատրելի են։ Եթե մարդիկ սիրում են Արցախը, եթե ոչ, այլ հարց է։

-Բրյուսելում  կայանալու է Փաշինյան-Ալիև հանդիպում` Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Նա մի պարբերության մեջ մի քանի անգամ ընդգծել էր, որ Արցախի կարգավիճակի հարց պետք է քննարկվի, որ հակամարտությունը լուծված չէ, և այլն։ Երևանը Ստեփանակերտի հետ կոնսուլտացվե՞լ է։

-Կան հարցեր, որոնք այնքան պարզ են։ Ամեն անգամ հո կոնսուլտացիա չի՞ արվելու մեր ապագայի հետ կապված։ Մեր  ապագան պարզ է․ մենք չենք լինելու երբեք Ադրբեջանի կազմում։ Սա «կարմիր գիծ» է: Ադրբեջանն էլ ասում է՝ մենք պիտի լինենք իր կազմում։ Ստեղ ի՞նչ բանակցենք, մեզ համար դա անընդունելի է։ Հո ամեն անգամ կոնսուլտացիան ու հասարակ էդ աքսիոմաների շուրջ հարց չե՞նք քննարկելու։ Հետևաբար, մեզ համար այս տեսակետից որևէ բան չի փոխվել։ Եվ մենք հաստատակամ ենք այս հարցում։

- Պարոն Բաբայան, «Արցախի կարգավիճակ» ասելով ի՞նչ եք հասկանում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի՞նչ են հասկանում «Արցախի կարգավիճակ» ասելով։

-Արցախի կարգավիճակ․ դա մեզնից է կախված․ ի՞նչ ենք մենք ուզում։ Պատկերացրեք, թե բոլորն ունենան մի մոտեցում, մենք չենք ուզում, չէ՞, լինել Ադրբեջանի կազմում։ Հիմա ինչ, միջազգային հանրություն, մեզ կոտորելու՞ են։ Հետևաբար, մեզնից է կախված։ Հիմա եթե վաղն Ադրբեջանը ճանաչում է մեզ, ի՞նչ պիտի անի միջազգային հանրությունը։ Ամփոփեմ՝ ամեն ինչ կախված է մեզնից։ Մեր արժանապատվությունից, մեր արժեհամակարգից, նրանից, թե ինչքան ենք մենք հայրենասեր, ինչքան ենք մենք խելոք։ Սրանից է կախված, ոչ թե միջազգային հանրությունից։ Նա ընդունելու է այն տարբերակը, որն ընդունենք մենք և Ադրբեջանը։ Ադրբեջանը չի ընդունում մեր տարբերակը, մենք էլ չենք ընդունում իր տարբերակը։ Հետևաբար, միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ մի երկխոսություն կազմակերպել։