Երբ նախկինների արածը վերագրում են իրենց

Երբ նախկինների արածը վերագրում են իրենց

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ներկայացրեց 100 փաստ, որոնք, իր խոսքով, տեղի են ունեցել հեղափոխությունից հետո՝ վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ բացառապես իր շնորհքն են, եւ եթե չլինեին պարոն Փաշինյանն ու հեղափոխությունը, մեր երկրում տեղի չէին ունենա այս «մեգահեղափոխական» փոփոխությունները, որոնք իրենք բարեփոխում են անվանում։ Այդ 100 փաստերից մի քանիսը վերաբերում էին հարկային ու մաքսային ոլորտի փոփոխություններին, օրինակ՝ ցանկացած հարկ վճարող կարող է սպասարկվել ցանկացած ստորաբաժանման կողմից՝ անկախ իր գրանցման վայրից, կամ՝ ավտոմեքենաների մաքսազերծում կարող են կատարել հանրապետության բոլոր մաքսատներում, ոչ թե միայն Նորագավիթի մաքսատանը, եւ ամենահեղափոխականը՝ ՊԵԿ պաշտոնական կայքում «մշակվել եւ ներդրվել է ներմուծվող մեքենաների մաքսազերծման էլեկտրոնային հաշվիչ»։

Եվ սա ասում է վարչապետը՝ ուղիղ նայելով տեսախցիկներին, այն է՝ ժողովրդի աչքերին։ Ու երեւի մտքով չի անցնում, որ կգտնվեն մարդիկ, որոնք կհիշեն, որ նույն այս մաքսայինում եւ հարկայինում իր թվարկած բարեփոխումները տեղի են ունեցել վաղուց՝ իր պաշտոնավարումից էլ առաջ, նախորդ կառավարության ու ՊԵԿ նախկին ղեկավարության օրոք՝ սկսած էլեկտրոնային հաշվիչի ներդրումից մինչեւ մաքսատներում ձեւակերպումներ եւ ոչ միայն։ Դրա վերաբերյալ կան 2 տարի առաջ հրապարակված պաշտոնական հաղորդագրություններ, հոդվածներ ու ռեպորտաժներ։ Բայց մեր իշխանությունները, չգիտես ինչու, «խասյաթ են դարձրել» յուրացնել նախկինների աշխատանքն ու ուրիշների արածը ներկայացնել որպես իրենց աշխատանքի արդյունք։ Կամ՝ եղածի 10 տոկոս բարելավումը համարել նոր բարեփոխում։ Եվ սա այն դեպքում, երբ իրենք այս մեկ տարվա ընթացքում իրականում դեռ ոչ մի հեղափոխական, ինստիտուցիոնալ բարեփոխում չեն իրականացրել։

Եվ զարմանալին այն է, որ վարչապետի հետ համաձայն է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով այս մեկ տարում կատարել է որոշակի դրական քայլեր, բայց Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի անունից որպես «հեղափոխական բարեփոխումներ» ներկայացնում է ոչ թե հենց Անանյանի կատարած աշխատանքը, այլ նրա նախորդների։

«Տեսեք, ուրեմն, էլեկտրոնային հաշվիչ նախկինում էլ է եղել, բայց դա չի եղել կողմնորոշիչ գնի հաշվարկ, դա եղել է․․․ դա հաշվիչ էլ չի եղել, դու ուղղակի ներմուծում էիր քո մեքենայի տարեթիվը, ինքը տալիս էր մաքսային արժեքների վերաբերյալ հստակ թվեր։ Մենք հունվարի 1-ից կողմնորոշիչ գնի հաշվարկի հաշվիչ ենք ներմուծել, որը նախկինում չի եղել»,- փորձեց արդարանալ Անանյանը՝ մոռանալով, որ իրականում նախկինում էլ, հիմա էլ եղել է նույն հաշվիչը՝ նույն տեսքով ու գործիքներով։ Անանյանին նորից հիշեցրինք, որ այն ամենը, ինչ այսօր ներկայացվում է որպես վերջին մեկ տարվա աշխատանքի արդյունք, իրականում նախկինում արված քայլեր են, լավագույն  դեպքում՝ չնչին փոփոխություններով, ո՛չ ավելին։ «Չէ, էդպես չի, էլի, տեսեք՝ Պետական եկամուտների կոմիտեն այն մարմինն է, որը որ, համենայնդեպս, թե՛ նախկինում, թե՛ հիմա ունեցել է բարձր հագեցվածությամբ տեխնոլոգիական համակարգեր։ Այո, նախկինում էլ են մատուցվել ծառայություններ, բայց ես ասում եմ, որ նախորդ տարվա հունիսի 1-ից սկսած՝ մեքենաների հոսքը որ ավելացավ, ես վստահեցնում եմ Ձեզ, որ մեր օդանավակայանի մաքսատանը, օրինակ, մեքենա չէին կարող ձեւակերպել, հիմա ձեւակերպում են, մաքսակետերում չէին կարող ձեւակերպել, հիմա ձեւակերպում են, վստահեցնում եմ Ձեզ, որ հիմա մենք աշխատում ենք առանց ընդմիջման ժամերի»,- փորձեց թվարկել պարոն Անանյանը։

- Այդուհանդերձ, այնպիսի տպավորություն է, թե ներկաները յուրացնում են նախկինների աշխատանքը։

- Ոչ, ներողություն պիտի խնդրեմ եւ ասեմ հետեւյալը․ եթե նախկինում եղել է կուտակված արժեքավոր փորձ, եթե մենք էդ փորձը չնորացնենք, չլավացնենք ու լավ ձեւով չգնանք առաջ, մենք կլինենք ի՞նչ՝ մենք կլինենք հինը մերժող եսիմինչ։ Եվ կա հինն իմաստավորելու եւ առաջ շարժվելու հստակ մտադրություն։ Եթե հնում եղել է լավ համակարգ, մենք ասենք՝ ոչ, էդ համակարգը մե՞նք ենք ձեւավորել։ Իհարկե, ոչ։

- Հիմա այդ ամենը պե՞տք էր ներկայացնել որպես 100 հեղափոխական փաստ։

- Չէ, իմ տոնայնությունն էդպես չէր, Վահե ջան, ես ցավում եմ, եթե Ձեզ մոտ էդպիսի տպավորություն է ստեղծվել։ Եթե տեսաք, վարչապետը, այո, կարող էր հրապարակել հազար հատ փաստ, բայց ինքն ընտրել է այնպիսի փաստեր, որոնք հանրությանը շատ ավելի մատչելի լինեն ընկալելու տեսակետից։ Օրինակ՝ այնքան ծանրակշիռ բաներ կային, որոնք եթե ներկայացվեին հանրությանը, կարող է ընկալելու տեսանկյունից բարդություններ ունենային։ Շատ ու շատ բաներ կային, որոնք որ կատարել են, բայց դրանք հանրությանը մասնատված, մի քանի քայլով ներկայացվեցին, որ մարդը դրանք հստակ իր վրա զգա։

- Պարոն Անանյան, կներեք, բայց ՀՀՇ-ի թվերից մինչեւ այսօր կարելի է հազարավոր այդպիսի փաստեր թվարկել եւ ամեն մի օրենքի փոփոխություն անվանել լուրջ բարեփոխում։

- Ես Ձեզ մի բան ասեմ։ Օրինակ՝ մեկ պատուհանի սկզբունքի կիրառման հետ կապված՝ մենք հսկայական գործ ենք արել մաքսային համակարգում եւ էլեկտրոնային թվայնացման հետ կապված ենք շատ մեծ գործ արել, որը նախկին արածի վերջնականացումն է եղել, բայց մենք դա հանրությանը չենք ներկայացնում, որովհետեւ արտաքին տնտեսական գործունեության, ազգային մեկ պատուհանի կիրառման առումով եթե մենք դա ներկայացնեինք որպես քայլ, ժողովուրդը չէր հասկանա դա։ Բայց մի քիչ ավելի անձնական զրույցի շրջանակներում ես շատ ավելի բաներ կարող եմ Ձեզ ներկայացնել, որը ես հիմա ուղղակի իրավունք չունեմ ներկայացնելու։ Ես բաներ կան, որոնք կարող էի ասել, որը կարող է ուրիշ ձեւ ընկալվեր։