Կարող է Նորայր Ղուկասյանը չլինել տնօրեն, բայց ԿԱԻ-ն պետք է լինի

Կարող է Նորայր Ղուկասյանը չլինել տնօրեն, բայց ԿԱԻ-ն պետք է լինի

«Հրապարակ»-ը գրել է այն մասին, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ նրա մասնաճյուղերի աշխատակիցները ստացել են ծանուցում հետեւյալ բովանդակությամբ․ «Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի խորհրդի 15․01․2019թ․ նիստի որոշումը՝ 2019թ․ մարտի 31-ից կարող է լուծվել Ձեզ հետ կնքված պայմանագիրը (հիմք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ եւ 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ եւ 115-րդ հոդվածի 1-ին մաս)։ Տնօրեն՝ Ն․ Ղուկասյան»։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը որոշել է փոխել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կառուցվածքը, անվանումը, նրա որոշ գործառույթներ։

Նոր իշխանությունները կարծում են, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն մեծ կառույց է, պետք է այստեղ լինեն որոշ կրճատումներ, հնարավոր է, որ մանկապարտեզների դաստիարակները, մանկավարժները, բուհերի դասախոսներն այսուհետ չվերապատրաստվեն ԿԱԻ-ում, այլ բուհերում, որոնք կշահեն մրցույթում։ Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԳԱԱ պրոֆեսոր Արա Ավետիսյանը կարծում է, որ Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի կարեւորագույն օղակներից մեկն է եւ պետք է կատարի բոլոր մտքերի, մոտեցումների, մեթոդիկաների ներբեռնումը։

«Ով մտածում է, որ կրթության համակարգը կարող է գործել առանց կրթության ազգային ինստիտուտի, նա ուղղակի չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ոլորտն՝ իր խնդիրներով։ ԿԱԻ-ն կարող է լինել կառուցվածքային կազմակերպաիրավական այլ ձեւերով, բայց չլինել՝ ուղղակի անհնար է։ Ամեն մի պետություն՝ լինի ԱՄՆ-ն, Չինաստանը, ՌԴ-ն, ունի մի քանի հետազոտական կամ մեթոդական ինստիտուտներ։ Դրանք կարող են լինել կազմակերպաիրավական խնդիրներից սկսած մինչեւ բովանդակային հարցերը տնօրինող եւ վարող ինստիտուտներ, ձեւաչափեր ստեղծող ինստիտուտներ, որոնց վրա հիմնված կարող է լինել վարչական վարույթը։ Այսինքն՝ մեր գերատեսչությունների հմուտ կառավարման համար պետք է լինի մասնագիտական հստակ գաղափարախոսություն»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Ավետիսյանը։

ԿԳՆ նախկին փոխնախարարը կարծում է, որ եթե մի կառույց լավ չի աշխատում, ապա պետք է փոխել նրա աշխատանքը, որը կարող է լինել վերակազմակերպման ձեւով կամ մասնագետների փոփոխության ձեւով։ Կարելի է նաեւ կարգավիճակը, կառուցվածքը փոխել, դա էլ է տարբերակ։ Բայց չունենալ ինստիտուտ՝ դա չի կարելի։ Կարող է նաեւ այդ ինստիտուտը լինել հիմնադրամ, կարող է Նորայր Ղուկասյանը չլինել ԿԱԻ-ի տնօրենը, բայց չի կարող լուրջ պրոֆեսիոնալ չլինել այդ ինստիտուտի տնօրենը, որոնց մատների վրա են հաշվում։ Այդ ինստիտուտն ունի շատ լուրջ գործառույթներ ամբողջ համակարգի համար, որոնք ամբողջ սպեկտրն են ընդգրկում՝ նախադպրոցականից մինչեւ բուհական կրթություն։ Ես ափսոսում եմ, որ այդ ինստիտուտն իր գործառույթների շրջանակներում չի աշխատել լիարժեք, բայց այն բազմազան եւ կարեւորագույն է այդ համակարգի համար»,- նշեց մեր զրուցակիցը։