Ռաֆայել Նահապետյան․ Ամառային արձակուրդ գյուղում

Ռաֆայել Նահապետյան․ Ամառային արձակուրդ գյուղում

«Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով շուտով լույս կընծայի Ռաֆայել Նահապետյանի (1946-2010) «Ուշադրություն, սկսվում է» պատմվածքների ընտրանին: Ժողովածուն կազմել է գրողի որդին՝ Հայկարամ Նահապետյանը։ Ներկայացնում ենք գրքի լավագույն գործերից մեկը՝ «Ամառային արձակուրդ գյուղում»:


– Գնացինք,– ասաց ծերուկը,– ուշ է։
– Մի վախեցիր,– ասացի ես։
Ծերուկը հանգիստ, բայց զարմացած նայեց ինձ։
– Չենք ուշանա,– ասացի ես։
Մենք մոտեցանք գետափին, երբ լուսանալ էր սկսել։ Գետի աղմուկն ու ջրափոշին հանգիստ մեռնելու ցանկություն արթնացրին մեջս, ու ես քմծիծաղեցի։
– Քանդիր կարթերը,– ասաց ծերուկը։

Մենք նստեցինք գետի մեջ ընկած քարերին եւ կարթերը ջուրը գցեցինք։ Ցուրտ էր, ու ծերուկը մի քիչ օղի լցրեց։ Ներսս տաքացավ, եւ ես հաճույքով սիգարեթ վառեցի ու մեկն էլ ծերուկին մեկնեցի։ Երեւի մի կես ժամ արդեն նստել էինք, երբ ծերուկն ասաց, որ հիմա կսկսեն կտցել։

– Էհեյ,– հանկարծ բղավեց մեկը մյուս ափից,– էհե՜յ։
Ես ու ծերուկը կատաղած մյուս ափ նայեցինք։
– Կտրիր ձայնդ,– բղավեց ծերուկը։
– Ես քեզ գիտեմ,– բղավեց աղջիկը մյուս ափից,– ես քեզ տեսել եմ։
– Կորավ մեր որսը,– ասաց ծերուկը։
– Որտե՞ղ,– հարցրի ես,– որտե՞ղ ես տեսել։
– Ըհը, սա էլ սկսեց երգել,– փնթփնթաց ծերուկը։
– Կորավ մեր որսը,– ասացի ծերուկին։
– Երեք օր առաջ,– ասաց աղջիկը,– դու ավտոբուսով եկար։ Ճանապարհին դու խոսել էիր քրոջս հետ։

Ես հիշեցի ավտոբուսի իմ հարեւանուհուն։ Նա գեղեցիկ աչքեր ուներ։ Եվ երբ ավտոբուսը կանգնեց կամուրջի մոտ, իջնելիս նա ասաց.
– Եկեք, եթե վեց կիլոմետրը Ձեզ չի հոգնեցնի։
Մեր գյուղերը գետի հակառակ ափերին էին, իսկ կամուրջը գյուղից հեռու էր երեք կիլոմետրով։ Մեքենա քիչ էր պատահում, իսկ աղջկան հասցրել էի ասել, որ լողալ չգիտեմ։

– Էհեյ,– բղավեց աղջիկը,– դու ինձ հիշեցի՞ր։
– Ոչ,– ասացի ես,– ես քեզ չեմ հիշում։
– Ես դիմավորում էի քրոջս եւ տեսա քեզ։ Իսկ հետո քույրս պատմեց քո մասին։
– Լավ, լավ,– ասացի ես,– միայն ձայնդ կտրի։ Մենք ձուկ ենք բռնում։
– Շան աղջիկ,– ասաց ծերուկը,– շան աղջիկ։– Ու հայհոյեց։
Աղջիկը ծիծաղեց։ Լավ ծիծաղով, երկար ծիծաղով։
– Էհեյ,– բղավեց աղջիկը։
– Շան աղջիկ,– բղավեց ծերուկը։
– Կտցեց,– բղավեցի ես։
Ես ձգեցի կարթաձողը։ Ձուկը կախված թպրտում էր, ու ես չգիտեի ինչպես անել, որ ձուկը չպոկվի, կամ ես ջուրը չընկնեմ։
– Դու ինձ դուր ես գալիս,– բղավեց աղջիկը,– դու թուխն ես։
– Աննամուս,– ասաց ծերուկը։
– Լա՞վ ձուկ է,– հարցրի ես։
– Էհեյ։
– Ոչինչ,– ասաց ծերուկը։
– Լսո՞ւմ ես։ 
– Ձայնդ կտրիր, ես ձուկ եմ բռնում։
– Դու մեկն արդեն բռնեցիր։
– Էլի եմ ուզում։
– Այդքանն ի՞նչ պետք է անես,– ծիծաղեց աղջիկը։
– Աղջի, ձայնդ կտրիր,– բղավեց ծերուկը։
– Իսկ քո ի՞նչ գործն է, ծերուկ։ Ես քեզ հետ չեմ խոսում։
– Լսիր,– բղավեց աղջիկը,– անցիր այս ափը։
– Ես լողալ չգիտեմ։

Աղջիկը մի քիչ էլ կանգնեց, բղավեց ու գնաց։ Մեր որսը հաջող չստացվեց։ Ծերուկի տրամադրությունն ընկած էր, իսկ ես ձկնորսությամբ չէի զբաղվել։ Ափին կիսապառկած մենք խմեցինք ծերուկի օղին, նախաճաշեցինք ու տուն վերադարձանք։ 
Մյուս օրը աղջիկը նորից ափ եկավ։
– Էհեյ,– բղավեց նա,– ես քեզ սիրում եմ։
– Աննամուս,– փնթփնթաց ծերուկը եւ, հավաքելով կարթերը, գետի ափով ներքեւ իջավ։
– Էհեյ… չե՞ս լսում։
– Լսում եմ։
– Անցիր այս ափը,– բղավեց աղջիկը,– ես քեզ սիրում եմ։
– Ես լողալ չգիտեմ։
– Ոչինչ, ես քեզ կփրկեմ։

Նա ցատկեց գետի մեջ ընկած քարերից մեկին, հետո՝ մյուսին, եւ հիմա մենք շատ մոտ էինք իրար։ Նա քրոջից գեղեցիկ էր։ Դեղին-դեղին մազեր ուներ ու կապույտ աչքեր։ Մի բան կար նրա դեմքին, մի տեսակ արտահայտություն՝ ոնց որ կյանքը եռ գար մեջը, ու ոնց որ ինքը չկարողանար դա իր մեջ տեղավորել։
– Ես դեռ ոչ մեկին չեմ սիրել,– ասաց նա,– դու առաջինն ես։ 
– Դու լավն ես,– ասացի ես,– դու շատ, շատ լավն ես։
– Ես գիտեմ,– ասաց նա՝ կիսաբացելով կարմիր, փայլուն շուրթերը։- Մեր գյուղի բոլոր տղերքը ինձ սիրում են։ Գժվում են ինձ համար, բայց ես քեզ եմ սիրում։
– Ես եկել եմ այստեղ հանգստանալու,– ասացի ես,– հետո՝ դու փոքր ես։
Նա ծիծաղեց։
– Դու քրո՞ջս ես սիրում։
– Ոչ,– ասացի ես։
– Լավ է,– ասաց աղջիկը,– թե չէ քույրս հիմար, մեծամիտ ցնդած պառավ է։
– Ես քրոջիցդ էլ մեծ եմ։
– Դա նշանակություն չունի,– ասաց աղջիկը,– ես քեզ սիրում եմ։
Ես ժպտացի։
– Դու ինձ կսիրես,– բղավեց աղջիկը,– ես այնպես կանեմ, որ դու ինձ կսիրես։ Ես կախարդ եմ։ 

Մի քանի օր շարունակ այդ աղջիկը գալիս էր գետափ։ Նա ինձ շատ էր դուր գալիս, եւ ես մտածում էի, որ այնուամենայնիվ ոտքով վեց կիլոմետր կանցնեմ։ Ամեն օր աղջիկը հարցնում էր, թե ես արդեն սիրահարվե՞լ եմ։ Ես ասում էի, որ չգիտեմ, եւ նա ուրախ ժպտում էր։ Հետո նա սկսեց բարկանալ եւ երեւի միայն նրան բարկացած տեսնելու համար ասում էի, որ չեմ սիրահարվել։ 
Երեկոները ես ծերուկին պատմում էի այդ աղջկա մասին եւ նա հաճույքով լսում էր. միայն թե վերջում թքում էր ու ասում՝ աննամուս շան աղջիկ։
Մի օր այդ աղջիկը գետափ չեկավ։ Մյուս եւ մնացած օրերը նույնպես չեկավ։ 

Մի օր ես կոկիկ հագնվեցի եւ ոտքով վեց կիլոմետր անցա։
Այդ աղջիկն ասեց՝ ուրախ եմ, որ եկել ես։ Հետո ասաց, որ քույրը հիմա կգա։
– Դու կախարդ ես,– ասացի ես,– ես քեզ սիրում եմ։
Նա ուրախ տարածեց ձեռքերն ու ժպտաց.
– Էհեյ,– բղավեց նա,– իսկ ես արդեն ուրիշին եմ սիրում։ Ես չէի հավատում, թե դու ինձ կսիրես։ 
Այսքան մի բան։

Այդ աղջիկը պարզապես սիրվել էր ուզում։ Կյանքը նրա մեջ չէր տեղավորվում, ու նա բղավում էր, շատ ծիծաղում, վազում։ Բայց դա քիչ էր, նա նաեւ սիրվել էր ուզում, իսկ ես խաղում էի։ Հիմար ու տափակ խաղերից, որոնցից մենք շատ գիտենք։

Ես շատ ուշ վերադարձա մեր գյուղ։
Ծերուկը ինձ էր սպասում, ու երբ ես նրան ասացի՝ բարի երեկո, հարցրեց։
– Հը՞։
– Նա արդեն ուրիշին է սիրում,– ասացի ես։
Ծերուկն էլ ոչինչ չհարցրեց։ 
– Շուտ քնիր,– ասաց նա,– վաղը գետափ ենք գնալու։
– Լավ,– ասացի ես,– կարծում ես մի բան կբռնե՞նք։
– Հիմա իսկական ժամանակն է,– ասաց ծերուկը։
Մի ամիս ես հանգստացա այդ գյուղում եւ շատ ձուկ բռնեցի։ Ինձ թվում էր, որ եթե մի քիչ էլ մնամ, գետում էլ ձուկ չի մնա՝ բոլորին կբռնեմ։
Ես կատաղած ձկնորս էի դարձել։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ