Վերականգնել համերաշխության մթնոլորտը, մարել պայթյունավտանգ օջախները և անցնել ստեղծագործ աշխատանքի

Վերականգնել համերաշխության մթնոլորտը, մարել պայթյունավտանգ օջախները և անցնել ստեղծագործ աշխատանքի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի մշակույթի գծով տեղակալ Արա Խզմալյանը համակարգելու է կինոյի, թատրոնի, կերպարվեստի, երաժշտության, խորեոգրաֆիայի ոլորտները։   

Նորանշանակ փոխնախարար Արա Խզմալյանը մեզ հետ զրույցում նկատում է․ «Բարեբախտություն է, երբ պաշտոն ես ստանձնում՝ լինելով արդեն այդ համքարության անդամ, այսինքն՝ խնդիրներին ծանոթանալն ինձ համար նոր պրոցես չէ, ես մշակութային ոլորտից եմ, մշակութային գործիչ եմ։ Անձնապես ճանաչում եմ շատերին, մոտիկից գիտեմ խնդիրները, եւ նպատակս է՝ շատ կարճ ժամանակում լուծել դեռեւս օդում առկախ, չփակված խնդիրները, որոնք պարբերաբար հասարակական խմորումներ են առաջացնում եւ դժգոհության ալիք բարձրացնում։ Փորձենք համերաշխության մթնոլորտը վերականգնել, պայթյունավտանգ օջախները մարել եւ անցնել ստեղծագործական աշխատանքի»։  

Առաջիկա կարեւոր անելիքներից մեկը հաջորդ տարվա բյուջեի քննարկումն է, որի ընթացքում, ըստ նրա, վերանայման, ճշգրտման խնդիրներ կդրվեն․ «Բնականաբար, կլինեն ինտենսիվ շփումներ բոլորի հետ՝ խնդիրները լսել հենց մասնագետներից։ Շատ հարցեր կան՝ նաեւ կառուցվածքային փոփոխությունների, կառուցվածքի առավել արդյունավետ գործադրման տրամաբանությունը հասկանալու ուղղությամբ։ Այնպես որ՝ խնդիրները մեկը չեն եւ մի բնույթի չեն, բայց պետք է ասեմ, որ, բարեբախտաբար, զգում եմ հասարակության բարոյական աջակցությունը։ Մարդկանց հետ շփվելով, զրուցելով՝ ես տեսնում եմ, որ լուրջ հավատ կա մեր նշանակման հանդեպ, եւ սա որքան ուրախալի է, նույնքան էլ անասելի պատասխանատվության բեռ է դնում թե՛ ինձ, թե՛ տիկին Թուխիկյանի վրա։ Հավատացնում եմ, որ մենք գիտակցում ենք ամբողջ պատասխանատվությունը, մեզ ուղղակի օրը չի բավականացնում բոլոր խնդիրներին անդրադառնալու եւ դրանց լուծումներ տալու համար։ Երազում եմ, որ խնդիրները երբեւէ չլուծվեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատերի ներսում, որ բոլոր խնդիրների կարգավորումներն արվեն մասնագետների ընդգրկմամբ՝ շատ թափանցիկ, բոլոր շահագրգիռ կողմերի ընդգրկմամբ։ Կարծում եմ՝ սա կլինի ամենաարդյունավետ համագործակցության ձեւաչափը»։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա նշանակման օրը սկսեց շրջանառվել մեկ տարի առաջվա իր մի հարցազրույց, որտեղ ասել էր, որ մշակութային գործիչները նվազագույն մասնակցություն պետք է ունենան մշակութային քաղաքականության ձեւավորման հարցում, դա նրանց «խելքի բանը չէ», դրանով պետք է զբաղվեն սոցիոլոգները, հոգեբանները, դիվանագետները։ Այս միտքն իրարամերժ եւ նեգատիվ քննարկումների տեղիք տվեց, հիմա է՞լ է այդպես կարծում։

«Ես ուղղակի զարմացած եմ այդ արձագանքներից, ասեմ՝ ինչու․ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես ասեմ, որ մարդու վիրահատությամբ պետք է զբաղվեն վիրաբույժները, բայց այլ մասնագիտությունների տեր մարդիկ վիրավորվեն ու ասեն, թե այդ ինչպես մարդու վիրահատությամբ պետք է զբաղվեն վիրաբույժները։ Մշակութային քաղաքականությունը շարադրելը մասնագիտական այլ կարողությունների եւ իմացությունների խնդիր է։ Ես խոսել եմ սրա մասին, որ եթե մենք պետք է ձեւակերպենք մի ռազմավարական փաստաթուղթ, ծրագիր, որն ուղենշելու է մեր անցնելիք ճանապարհը, այստեղ անհրաժեշտ է մասնագիտական այլ կարողությունների եւ գիտելիքների տեր մարդկանց մասնակցություն, սա չի նշանակում, որ կոչ եմ անում արհամարհել մշակութային հանրությունն ու մշակութային գործիչներին, որովհետեւ, ի վերջո, ազդակները եւ անելիքների մեսիջները գալիս են մշակութային հանրությունից։ Մշակութային հանրությունն իրականացնողն է մշակութային քաղաքականության եւ որոշակիորեն այդ քաղաքականության հուշողը, բայց ես խոսել եմ պետական քաղաքականության ձեւակերպման եւ շարադրման մասին։ Ես կարող եմ առաջարկել մի էքսպերիմենտ անել․ հանձնարարենք մշակութային գործիչներին՝ գրելու մշակութային պետական քաղաքականություն, եւ կհամոզվեն, որ ես ճիշտ եմ»։

Խզմալյանն օրինակ բերեց «Կինոյի մասին» օրենքը, ու թե ինչպես է այն մշակվել․ «Նախ մոնիթորինգ են արվել բոլոր խնդիրները, այսինքն՝ փորձագետները գնացել-լսել են բոլոր մշակութային գործիչների ստեղծագործական խնդիրները եւ այդ խնդիրների բազայի հիման վրա ձեւակերպել են դրա իրավական, օրենսդրական կարգավորումները․ սա է ճիշտ մոդելը։ Բացի այդ՝ մշակույթը չի որոշվում միայն մշակութային գործունեությամբ, մշակույթն ունի հսկայական սոցիալ-հոգեբանական, բարոյական, քաղաքական նշանակություն, այսինքն՝ նրա մասնակցիները շատ ավելի լայն շրջանակ են ընդգրկում, քան զուտ միայն մշակութային գործիչները»։ 

Ինչ վերաբերում է օպերային թատրոնի շուրջ ծագած խնդիրներին՝ ի՞նչ լուծում է տալու դրանց։ Խզմալյանն առայժմ ձեռնպահ մնաց այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալ՝ խոստանալով առաջիկայում անդրադառնալ օպերային թատրոնի թեմային։ «Ես՝ ինքս, ինձ խոսք եմ տվել երբեւէ չանդրադառնալ իմ նախորդների կատարած աշխատանքին»,- ասաց նա ու անդրադարձավ «Թատրոնի մասին» օրենքին՝ նշելով, որ այն պետք է մշակվի փորձագետների մասնակցությամբ, եւ դա պետք է լինի իրավաբանական աշխատանք, ինչպես արել են կինոգործիչները՝ կինոյի օրենքի հետ կապված․ «Եթե մենք պետք է ստեղծագործողներին հավաքենք մեր աշխատասենյակում եւ առանց լուրջ իրավագիտական մասնակցության փորձենք ինչ-որ օրենք գծել, ճիշտ չէ։ Աշխարհում չկա նման բան»։