Ովքե՞ր են հավաքված Վազգեն Մանուկյանի «Վերնատանը» (տեսանյութ, ֆոտոշարք)

Ովքե՞ր են հավաքված Վազգեն Մանուկյանի «Վերնատանը» (տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ Մարզահամերգային համալիրում սկսվեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համագումարը: Ակումբի նախագահ, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից երկու օր առաջ հրաժարական տված Վազգեն Մանուկյանը հայոց հիմնի հնչյունների ներքո ազդարարեց ակումբի մեկնարկը, ապա բացատրեց, թե ինչու է այս ակումբը ստեղծվել, ինչու է առաջացել նման հարթակի շուրջ միավորվելու անհրաժեշտությունը:

Ակումբի անդամների կազմը դիտարկելով՝ կարելի է նկատել բազմաթիվ «սևերի», որոնք դժգոհ են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, մի քանի նոր, երիտասարդ քաղաքական դեմքերի և զգալի թվով «ժամկետանց» քաղաքական գործիչների, որոնք ժամանակ առ ժամանակ «վերակենդանացման», ակտիվանալու փորձեր են անում նման ձևաչափով միավորումների միջոցով:

«Վերնատան» համագումարում ներկա են նաև դաշնակցական գործիչներ՝ Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, Սպարտակ Սեյրանյան, Իշխան Սաղաթելյան, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյան, ՀՀԿ-ականներ ևս կան՝ Արտակ Զաքարյան, Արփինե Հովհաննիսյան, «Երկիր Ծիրանիից» Զարուհի Փոստանջյան էլ է այստեղ, ներկա են նաև Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ Վիկտոր Սողոմոնյան, Անդրանիկ Թևանյան, Արեգնազ Մանուկյան, Արեն Ապիկյան և այլք:

Նրանց մեծ մասը հյուրի կարգավիճակում են, հիմնադիր կազմն այլ է՝ Վազգեն Մանուկյան, Դավիթ Շահնազարյան և էլի մի քանի հոգի: Մասնակիցների թվում նշված է նաև Սեյրան Օհանյանի անունը, որը, սակայն, ներկա չէ: