Կոռեկտ չէ քաղաքական կյանքի մասին խոսել ԵԱՏՄ անդամ երկրներում

Կոռեկտ չէ քաղաքական կյանքի մասին խոսել ԵԱՏՄ անդամ երկրներում

ԽՍՀՄ օրոք այլախոհ, 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ունենք մասամբ հեղափոխական խորհրդարան։ Ըստ նրա՝ «Իմ քայլը» դաշինքը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հեղափոխականներ են, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը մնաց որպես ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության մասնաճյուղը Հայաստանում։ 
«Եդինայա Ռոսիա»-ի մյուս գործընկերները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, դուրս մնացին ԱԺ-ից, զրկվեցին իշխանությունից։ Ինձ համար կարեւոր է, որ «Եդինայա Ռոսիա»-ն ներկա է Հայաստանի խորհրդարանում՝ ի դեմս ԲՀԿ-ի, ինչը վատ է։ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ ԱԺ-ից դուրս մնալն արդեն նվաճում է, ձախողում է, որ դեռեւս մնացել է ԲՀԿ-ն»,- ասաց Ազատ Արշակյանը։ 


Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք խնդիրը «Բարգավաճ Հայաստանն» է, թե՞ այն, որ «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրվածների ճնշող մեծամասնությունը խորհրդարանում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի անվան եւ հեղինակության շնորհիվ, նրանք հանրությանն անհայտ անձինք են, Ազատ Արշակյանն արձագանքեց․ «Դա չէ խնդիրը։ ԵԱՏՄ-ում, մեր գործընկեր պետություններում, բռնատիրական պետություններում չկա քաղաքական կյանք, չկա իշխանափոխություն, չկա ժողովրդավարություն, չկա ազատականություն։ Կոռեկտ չէ քաղաքական կյանքի մասին խոսել ԵԱՏՄ-ում։

Նիկոլը հավաքական կերպար է, առաջնորդն է, իսկ երիտասարդ քաղաքական գործիչների մեջ հետաքրքիր, քաղաքական ապագա ունեցող անձինք կան։ Ուղղակի Նիկոլը նրանց համար ճանապարհ է բացել։ Նրանցից են՝ Մանե Թանդիլյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը։ Նրանք խոստումնալից են եւ շատ հետաքրքիր են դարձնելու մեր քաղաքական կյանքը։ Կա նաեւ ընդդիմություն։ Նախորդ իշխանության սիմվոլիկ  ուժերից մեկը պահպանել է իր իշխանությունը։

Նրանց մեջ անպայման կլինի ընդհարում։ Վայրի կապիտալիզմը ներկա է Հայաստանի ԱԺ-ում։ Իսկ ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որ ՀՀ-ն լինի սոցիալական եւ իրավական պետություն։ ԲՀԿ-ն պատասխանատու է կոռուպցիայի, կոլաբորացիոնիզմի համար, անցած տարիներին ընդունել են օրենքներ ընտրությունների մասին, ընդունել են նոր սահմանադրությունը, Հարկային օրենսգիրքը եւ Հողային օրենսգիրքը պահպանում են քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունը, եւ պայքարն ընթանալու է նրանց միջեւ։ Իսկ ԲՀԿ-ն մինչեւ հիմա ներողություն չի խնդրել այս վիճակի համար»։