Քաղաքապետը Մոնումենտի մեծահարուստներին սնանկացնում է
Այ Հայկո ջան, այ տղա ջան, Մոնումենտում ապրող մեծահարուստների ապարանքները, ունեցվածքը թողած, ընկել ես նրանց աղբամանների ետևի՞ց։ Էն աչքը «շոռ մարդու նման», որ մի նախշուն, կնիկա տեսնում, «թաթիկը պաչումա» հետո թե՝ սրտիս կարոտը առա։ Հիմա լսենք Հայկոյին․
«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», – քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ դիմում է «Սանիթեքի» ներկայացուցչին:
Բա էն փարթամ տները, բնության հրաշքները թողած աչքդ աղբամաններին կպա՞վ։ Հազարավոր քաղաքացիների «ա՞չքն ես ուզում մտնել», թե տեսեք, տեսեք՝ աղբամանները ձերն են, ձեզ եմ վերադարձնում։ Մեկը ես՝ այդ հատվածներում բնակվող աղքատաբնակ եմ, բերում ես՝ ինձ հանձնես, որ ի՞նչ անեմ։ Մեր կերածն ի՞նչ է, որ այդքան ամուր, ոսկեջրած աղբաման ես մեզ նվիրում, փոխանակ ասես՝ ժողովուրդ, աղբը երկրորդային սնունդ է, մենք ձեզ դրա հույսին ենք թողել, դա էլ կերեք, զիբիլ մի արեք։ Հարուստների ոսկեջրած աղբամանը տալիս ես մեզ, որ ինչ անենք։ Էդ ի՞նչ օրն ես ընկել, որ մի քանի աղբամանի համար «քյալլա ես տալիս»։ Միլիոնանանոց տոնածառը դնում ես, բայց աչքդ էլի տոնածառի կոնֆետի վրա է, կողքերը շուրջպար ես բռնում ու ասում՝ «գլխովդ շուռ տամ, կոնֆետդ կուլ տամ»։
Մեզ էլ թվում էր՝ քաղաքապետը Մոնումենտի մեծահարուստներին սնանկացնում է։ Գուցե մանրից է սկսում, մենք չենք հասկանում։
․․․Լավ էլի, Հայկո։ Մի քանի աղբարկղ էլ տարար, հետո՞․․․ Լավ բան է կշիռը, քաշի հետ չխառնեք։ Մի քիչ ձեզ ծանր, տեսած պահեք։
Կարծիքներ