Մերժեցինք Սերժին, բռնեցինք Ռոբերտին…

Մերժեցինք Սերժին, բռնեցինք Ռոբերտին…

Այսօրվա քաղաքական լուրերի թոփ թեման, բացի վարչապետ Փաշինյանի արտահայտած` մեկը մյուսից սկանդալային արտահայտություններից ու ոչ ստանդարտ պահվածքից, դարձել է Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս այսօր ակամա դարձել է քաղաքական գործոն: Այո, ակամա, քանի որ, կարելի է ասել, նրան «զոռով» տնից հանեցին-բերեցին-մտցրին քաղաքականություն, ավելի ճիշտ՝ վերադարձրին: 

Քոչարյանի դատավարությունը, ոչ մի պայմանով նրա խափանման միջոցը չփոխելը, համացանցում նրա ու ընտանիքի հանդեպ ընդգծված ուղղորդված ատելության քարոզը, ծաղրանկարների տարածումը, նրանց կողմից երկիրը թալանած ու ապօրինի հարստացած լինելու քարոզչությունը նկատելիորեն ուղղորդված են մեկ կետից: Հարկ է դիտարկել, որ Քոչարյանի նախագահության օրոք հասարակությունը նրա ընտանիքի անդամների կողմից որեւէ քրեական կամ դատապարտելի արարք չի տեսել: Քոչարյանի որդիները բավականին համեստ էին, եւ անգամ հասարակության զգալի մասը չգիտեր նրանց անունները: Միայն մեկի՝ Լեւոնի անունը հայտնի դարձավ ճանաչված երգչուհի Սիրուշոյի հետ ամուսնանալիս: Հասարակությունը չէր ճանաչում Քոչարյանի մյուս հարազատներին:

Նույնը չի կարելի ասել ՀՀ առաջին եւ երրորդ նախագահների մասին. առաջինի դեպքում ժամանակին գլխավոր «գործոն» էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, իսկ Սերժ Սարգսյանի ընտանիքին՝ փեսայով, եղբայրներով ու նրանց որդիներով, որդիների թիկնապահներով, լավ գիտի հայաստանյան հասարակությունը: Բելլա Քոչարյանի խոսքն ու պահվածքը բավականին չափված-ձեւված էին, նա չէր խառնվում ամուսնու գործերին եւ երբեք չէր անում արտահայտություններ, որոնք սրբագրելու ու խմբագրելու համար ամուսինը ստիպված լիներ «լայվ մտնել»: Նույնը չի կարելի ասել Աննա Հակոբյանի մասին: Բայց այսօր Քոչարյանների ընտանիքի անդամները համացանցում դարձել են ատելության էպիկենտրոն: Եվ, կարծես թե, ՀՀ կարեւորագույն հարցն այսօր դարձել է Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամներին խստագույնս պատժելը… Ակամայից հարց է առաջանում՝ ժողովուրդ, ոնց որ մոռացել ենք, թե ինչի համար էինք հավաքվել: Իսկ հավաքվել էինք Սերժի՛ն մերժելու համար: Եվ, ուրեմն, որտե՞ղ է Սերժը…
Անցած տարվա գարնանը սկիզբ առած քայլարշավը, որը հետո կոչվեց հեղափոխություն, ուներ մի գլխավոր կարգախոս. «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

Հասարակության զգալի մասն ականջալուր եղավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչին եւ դուրս եկավ փողոց: Իսկ երբ համոզվեցին, որ այն ժամանակվա գործող իշխանությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանն այդքան էլ դեմ չեն, որ իրենց մերժեն եւ քայլարարների առջեւ կանաչ լույս վառեն, ավելի շատ մարդ դուրս եկավ փողոց, փողոցներում լավայի նման ժայթքում էր մերժողների ալիքը: Այդ ժամանակ մարդիկ դուրս եկան ոչ թե Նիկոլին շատ սիրելով կամ նրան վարչապետ կարգելու հեռանկարով, այլ հե՛նց Սերժ Սարգսյանին մերժելու համար, դրա համար հասարակությունն ուներ շատ հիմնավորումներ եւ պատճառներ: Իսկ այդ պատճառների հարցում հասարակությանը լուսավորել էր նաեւ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը: Նա բազմիցս է երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից քննադատել նախագահ Սերժ Սարգսյանին, համոզիչ բարձրաձայնել նրա թույլ տված ապօրինությունների մասին, հայտարարել, որ գործարարները հարկերը չեն մուծում, քանի որ ճամպրուկներով փող են տանում Բաղրամյան 26, խոսել է արագաչափերից, Սաշիկի 50/50-ից եւ այլն: 2014-ին Ազգային ժողովում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ովքե՞ր են մարտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները. սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել…

Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, չբարեհաճեցին անգամ սգի օր հայտարարել 2008 թվականի մարտի օրերին, իսկ նրանց ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված 8 ցուցարար հանցագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրամանով, հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ՀՀ 10 քաղաքացիների սպանությունները քաղաքական նման հնչեղություն ունեցող համատեքստում սգի օր հայտարարելու առիթ չհայտարարել»։ 2014-ին ընդդիմադիր Փաշինյանը հայտարարեց, որ նախապատրաստվում է խորհրդարանի օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: 2015 թ․ փետրվարին պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր այդ իմպիչմենտի նախագիծը: Փաշինյանն իր նախագծում ներկայացրել էր «պետական դավաճանության 1 դեպք, 8 հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում»: Նախագիծը ներկայացնելիս նա խոսեց մարտի 1-ի իրադարձություններից եւ նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անօրինությունների շնորհիվ զավթել են իշխանությունը. «Ես ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել նախագծի առաջին կետին, որտեղ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի լուծարման մեջ: Այդ փաստահավաք խումբը լուծարվել է, որպեսզի չբացահայտվեն մարտի 1-ի հանցագործությունները»:

Նա օրինակ բերեց մարտի 1-ին զոհված Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնի անհետացումը. «Զրահաբաճկոնն անհետացավ, որպեսզի բոլոր գործողությունների պատասխանատվությունը դրվի ընդդիմադիր շարժման վրա եւ կոնկրետ ընդդիմադիր քաղաքական ուժի վրա: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործն օգտագործել են իշխանություն բռնազավթելու համար»: Այդ ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Փաշինյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում ավելի վաղ իր կողմից ներկայացված նախագահի իմպիչմենտի պահանջի համար հիմք հանդիսացող 3 դրույթներին` մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ստորագրմանը, Հայաստանի` ԵԱՏՄ-ին միանալու որոշմանը, որը, ըստ Զ. Փոստանջյանի, պետական դավաճանություն է, եւ 2013թ․ նախագահական «կեղծված ընտրություններին»: Ինչո՞ւ դրանք տեղ չեն գտել Փաշինյանի նախագծում` հետաքրքրվեց պատգամավորը: Փաշինյանը պարզաբանեց, որ նախագծում ներառել է այն դրույթները, որոնք կարող են ապացուցել ցանկացած ատյանում: «Մենք պայմանավորվել էինք ձեզ հետ, որ դուք այդ 3 կետերը ձեւակերպեք, ու դրանից հետո ես դրանք կներառեմ նախագծում»: Ընդգծենք, որ Փաշինյանը ներառել էր այն դրույթները, որոնք պատրաստ էր ապացուցել ցանկացած ատյանում…

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հերթական ծրագրային ելույթին, ասել էր, որ երկրի ղեկավար հանդիսացող անձը նոր տերմին է ներմուծել քաղաքականության մեջ` «չստուգված տեղեկություններ»: «Բայց ես այս նախագծում միայն փաստեր եմ ներկայացրել, մինչդեռ Սերժ Սարգսյանի նորամուծությունից հետո կարելի է նախագծում ավելացնել նաեւ չստուգված տեղեկություններ: Օրինակ, որ Սուրիկ Խաչատրյանը մի քանի միլիոն դոլար է կաշառք տվել` Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար, կամ որ ֆինանսների նախարարն ամեն օր միլիոններով կաշառք է վերցնում, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ․․․ ու դրանց մի մասը տալիս է Սերժ Սարգսյանին»:

2018 թ․ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպման ժամանակ խոստովանել են, որ ճամպրուկներով փող են տարել Բաղրամյան 26. «Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, եւ իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»: 

Առանց Փաշինյանի ներկայացնելու էլ հասարակությունը զգում էր իր կյանքի օր-օրի վատթարացումը, սակայն երբ այդ հայտարարություններն անող մարդը եկավ իշխանության, թվում էր, թե Փաշինյանի ներկայացրած՝ աշխարհիկ բոլոր մեղքերի մեջ թաթախված Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ից միանգամից գնալու է Նուբարաշենի կալանավայր: Բայց… այդպես չեղավ: Չնայած իշխանափոխությունից հետո մեկ-երկու «մասկի շոու» ներկայացում հրամցվեց հասարակությանը՝ «Սաշիկ եւ որդիներ» խորագրով, սակայն խոշոր հաշվով նրանք էլ առանձնապես պատժված չեն: Իսկ Սերժ Սարգսյանը ոչ միայն մնաց անպատիժ, այլեւ պաշտոնանկությունից հետո կառավարության կարեւոր հոգսն այն էր, թե որտեղ պետք է նրան առանձնատուն հատկացվի, որ Ազատիչն իրեն ազատ զգա: Տարբերակներ էին առաջարկվում, որոնց Սարգսյանը դեմ էր լինում: Սերժ Սարգսյանը ոչ միայն հանգիստ վայելում է իր ազատությունը, վերջերս Արցախում էր եւ արժանացավ ջերմ ընդունելության, ծաղկեպսակներ դրեց հուշարձաններին, հարցազրույց տվեց, կարոտեց մարտական ընկերներին, հիշեցրեց իր անձի կարեւորությունը Շուշիի ազատագրման գործում, նշեց, թե էլ ովքեր են մեծ դերակատարում ունեցել՝ իհարկե, իր թիմակիցներից: Հիմա էլ խոստանում է մեծ ասուլիս տալ եւ պատասխանել հասարակությանն ու լրագրողներին հուզող հարցերին: 

Ինչո՞վ է պայմանավորված այդքան հուժկու մերժված Սարգսյանի հանդեպ գործող իշխանության նման բարեհաճությունը: Գուցե սրանով Փաշինյանն իր շնորհակալությունն է հայտնում Սարգսյանից՝ իշխանությունը հեշտությամբ ու առանց արյան իրեն մատուցելու համար: Իսկ օրերս իր մեծ ասուլիսի ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե «այդպես էլ չհասկացանք՝ ովքեր են փող տարել Բաղրամյան 26, որքան են տարել, ում են տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչո՞ւ դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում:

Գործարարներն իրե՞նց կամքով են տվել, թե՞ պարտադրանք է եղել», Փաշինյանը պատասխանել էր. «Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել, եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի»: Իսկ այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր ոչ մի քրեական գործով մեղադրյալ չէ, պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, չի մեղադրվի։ Ես ասել եմ՝ ես քննիչ կամ դատախազ չեմ, բայց ես կարող եմ երաշխավորել՝ էն պահին, երբ որ մեղադրելու համար բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի։ Եթե ես որեւէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, նշանակում է, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, նշանակում է՝ իմ ապրած ամբողջ կյանքն է անիմաստ»: Սա նշանակում է, որ իշխանափոխությունից մեկ տարի անց բավարար իրավական հիմքեր չկան Սերժ Սարգսյանին որեւէ հանցագործության մեջ մեղադրելու: Այս ամենը հակասական է. կա՛մ այն ժամանակ է Փաշինյանը ստել, զրպարտել Սարգսյանին եւ խաբելով հասարակությանը՝ նստել նրա աթոռին, կա՛մ հիմա է, մեղմ ասած, ինչ-որ բան թաքցնում հասարակությունից: 

Եթե իրավական հիմքեր չկան մարդուն մեղադրանք առաջադրելու, ապա ինչո՞ւ այդպես խայտառակելով մերժեցինք նրան: Իսկ ի՞նչ եղան իմպիչմենտի համար հիմք հանդիսացող եւ ցանկացած ատյանում ապացուցելի դրույթները: Գուցե այս ամենը նո՞ւյնպես այլաբանություն էր: Այլաբանություն էր նաեւ, որ ասում էին, թե մերժում ենք Սերժին, բայց իրականում բռնում էին Ռոբերտին… միայն Ռոբերտին: Այս ամենի մեջ մութ, թաքնված, անհայտ ու անհասկանալի շատ բաներ կան։ Դրանց պատասխանը, գուցե, կտա ժամանակը…