Մի մարդ է եղել՝ Վազգեն Սարգսյանը, որին բոլորս ընդունում ու հարգում ենք

Մի մարդ է եղել՝ Վազգեն Սարգսյանը, որին բոլորս ընդունում ու հարգում ենք

Հարցազրույց  նախկին ԵԿՄ-ական, «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։ 

- Պարոն Մելքոնյան, «Ազատամարտիկների դաշինքը» չմիացավ ԵԿՄ-ին, մինչդեռ 2008 թվականին մի խումբ ազատամարտիկներ, որոնք դուրս էին եկել այդ միությունից եւ ստեղծել առանձին կառույցներ՝ համարելով, որ Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցը ծառայում է նախկին իշխանություններին, կրկին «տուն դարձան»։ Ինչո՞ւ չմասնակցեցիք համագումարին եւ ինչո՞ւ չմիացաք ԵԿՄ-ին։

- Ես Երեւանում չէի, դրա համար էլ չմասնակցեցի։ Հրավեր եղել է, հա, բայց ստացվեց այդպես, բայց դաշինքի տղաներից մասնակցել են։ Մենք ողջունել ենք էս համագումարը եւ իրար հետ կհամագործակցենք։

- Ի վերջո, Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, ու հայտարարվում է, որ ԵԿՄ-ն այլեւս քաղաքական նպատակներով չի ծառայեցվելու, ինչո՞ւ դուք չվերադարձաք ԵԿՄ կամ չմիացաք այդ կառույցին։

- Մենք սկզբից էլ ասել ենք, որ համագործակցելու ենք, եւ հիմա էլ ենք հաստատում։

- Մինչդեռ Ձեր զինակից ընկերներից ոմանք, որոնք կրկին առանձնացել էին ու ստեղծել իրենց կազմակերպությունները, վերադարձել են ԵԿՄ, վարչության անդամ դարձել, Դուք սկզբունքային տարաձայնություննե՞ր ունեք։

- Ոչ, ոչ, դե, շատ կազմակերպություններ էլ կան, որ չեն միացել։ Մենք սկզբից որոշում ենք կայացրել, որ համագործակցելու ենք իրար հետ։

- Դե՞մ եք, որ միասնական կուռ կառույց լիներ, այսպես տարանջատված․․․

- Սա տարանջատում չէ, մենք ենք սա ընտրել, այս աշխատաոճը։

- «Ազատամարտիկների դաշինքն» ի սկզբանե դեմ էր, որ ԵԿՄ-ն նախագահ ունենա, առաջարկում էիք կոլեգիալ կառավարում, գուցե այս սկզբունքից ելնելո՞վ է, որ չմիացաք։

- Այո, մենք կառավարման էդ ձեւին էինք կողմ, բայց ասեմ, որ մենք անձերին դեմ չենք, ո՛չ Սասուն Միքայելյանին, ո՛չ Արամ Սարգսյանին, ոչ ոքի դեմ ոչ մի բան չունենք։

- Ինչո՞ւ ձեր առաջարկը չընդունվեց։

- Չգիտեմ, չեմ կարող ասել։

- Երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, Սասուն Միքայելյանը ցանկություն չուներ դառնալ ԵԿՄ նախագահ, թեկնածուն Արամ Սարգսյանն էր, բայց հետո ինչ-ինչ պատճառներով եւ հանգամանքներում Միքայելյանը ցանկություն հայտնեց կամ, ինչպես ինքն է ասում՝ ընդունեց ընկերների առաջարկը։ Սա կասկածների տեղիք չի՞ տալիս, որ այս իշխանությունն էլ է ուզում ԵԿՄ-ն քաղաքական գործիք դարձնել։

- Ես չեմ կարող ասել, որովհետեւ իրենք պնդում են, որ կապ չունեն իշխանությունների հետ եւ չեն ունենա, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, որ «Երկրապահի» անդամների 80 տոկոսը ՀՀԿ-ական էր։ Հիմա չկա էդ բանը, որ վարչության անդամները ՔՊ-ի անդամ լինեն։ Կերեւա-կերեւա, էնքան ճանապարհ կա անցնելու, ժամանակը կգա, կերեւա՝ քաղաքակա՞ն են, թե՞ չէ․․․

- Ասում են՝ Լեդի Հակոբի կողմնակիցներն են վարչությունում մեծամասնություն կազմում։

- Ես նույնիսկ վարչության կազմը լրիվ չգիտեմ, թե ովքեր են։

- Որ ՀՀԿ-ական ազատամարտիկներից ազատվել են, սա ե՞ւս չի նշանակում, որ քաղաքական ճաշակով են ձեւավորում կառույցը։

- Չէ, ինչի՞ են հանել, կան մարդիկ, որոնք վերընտրվել են, առաջ բոլորն էին ՀՀԿ-ական։

- Արա Խուդավերդյանի եւ ԵԿՄ-ի միջեւ հակամարտություն է առաջացել համագումարից հետո, Խուդավերդյանը, երեւի տեղյակ եք՝ ինչու, նա անգամ հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանը «Երկրապահի» անդամատոմսեր էր վաճառում, ինչին արձագանքեց ԵԿՄ-ն՝ անարգանքի սյունին գամելով Կոռնիձորցի Արոյին։

- Ես չեմ լսել, թե ինքն ինչ է ասել, բայց Վազգեն Սարգսյանի անունը թող չարատավորեն, դա առնվազն սրիկայություն է, Վազգեն Սարգսյանը չէր կարա տոմս ծախեր, Վազգեն Սարգսյանի ժամանակ «Երկրապահը» կուռ, ամուր կառույց էր, որը կարողանում էր էս երկրում բոլորին թելադրեր էն ճիշտն ու օգտակարը պետության համար։

- Սասուն Միքայելյանը կկարողանա՞ այդ գիծը շարունակել։

- Ես չեմ կարող ասել․․․ Մի մարդ է եղել, դա Վազգեն Սարգսյանն էր, որին բոլորս ընդունում ու հարգում ենք, մնացածը՝ ով ինչ կանի, կերեւա։