Դուք իմ փոխարեն խնդրում եմ մի՛ ամաչեք․ Վանեցյանը՝ լրագրողին

Դուք իմ փոխարեն խնդրում եմ մի՛ ամաչեք․ Վանեցյանը՝ լրագրողին

«Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ, չնայած՝ գիտե՞ք ինչ, դրանք որևէ արժեք չունեցող․․․ եթե ես չարձագանքեի, ոչ ոք երբևէ չի կարա ասի կամ հիմնավորի դատական մարմիններում, որ դա իմ խոսակցությունն ա։ Բայց հենց առաջին օրվանից ես եկել նստել եմ ԶԼՄ-ների առաջ և խոսել եմ։ Ես որևէ բան չեմ ասել այդ խոսակցության մեջ, որ կարող է բացասական ազդեցություն ունենա։ Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին շատ հարցերի վրա»,- այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսման թեմային։

Նա, սակայն, չցանկացավ խորանալ դետալների մեջ և խնդրեց այս հարցը փակել՝ միայն նշելով․ «Ես հույս ունեմ, որ առաջիկայում գաղտնալսողները կհայտնաբերվեն և կկրեն իրենց պատիժը, իսկ եթե երբևէ կլինի մի բան, որի համար պետք է պատասխան տամ, ես պատրաստ եմ ցանկացած իմ խոսքի համար պատասխան տալ»։

Անկախ պարոն Վանեցյանի համառ ցանկությանը՝ չանդրադառնալ այս թեմային, Hraparak.am-ն, ամեն դեպքում, մեջբերեց իր և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված խոսակցությունից մի հատված ու խնդրեց մեկնաբանել։

Ահա այդ հատվածը․ «Սասունի հետ խոսել եմ, Սասունը ասում ա հաստատ ա, դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավոը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա, կասի, պարոն վարչապետ»։

Հարցրինք՝ ինչպե՞ս է ասում, որ ինքը չի զանգել դատավորին, երբ այս զրույցում հստակ նշում է, որ դատավորը զանգել է իրեն ասել, որ վախենում էր կալանքը տալ։  Բայց Վանեցյանն ամեն կերպ փորձեց շրջանցել այս փաստը․

«Համոզվա՞ծ եք, որ էդ խոսակցության ամբողջական մասն է սղագրված»,- հարցրեց նա։

-Ես հենց այս նախադասությունն եմ ասում, պարոն Վանեցյան։

-Այդ նախադասությունը Դուք համոզվա՞ծ եք, որ մոնտաժված չի։

-Այսինքն՝ բառերը տարբեր տեղերից բերել կպցրել են իրա՞ր։

-Այո։

-Լավ, «դատավորը զանգեց ինձ», սա մի կտոր է, զանգե՞լ է, թե՞ ոչ։

-Չէ, դատավորը ինձ չի զանգել։

-Բա ինչո՞ւ եք ասում՝ զանգեց ինձ։

-Ուրեմն դատավորը ինձ չի զանգել, ես որևէ մեկից չեմ վախում ասել, որ զանգել ա դատավորը ինձ, թե չի զանգել։ Դատավորը ինձ չի զանգել, ես դատավորի հետ որևէ խոսակցություն չեմ ունեցել։  Ուրեմն, վարչապետը ինձ, էնտեղ ամենակարևոր մասն ա դա, հանձնարարել ա ապահովել դատարանների անկախությունը, որ որևէ մեկը չազդի դատարանի վրա։ Էդ մասը հանած ա։ Հանած ա էլի որոշակի մասեր, և էդ գաղտնալսման մասով ես բոլորիդ ասել եմ՝ այլևս չեմ խոսելու։ Կա հարուցված քրեական գործ, փառք Աստծու, կա լուրջ մի հատ թիմ, որն աշխատում ա կոնկրետ ամեն բառի, ամեն ստորակետի, ամեն վերջակետի ճշտությունը և օրինականությունը պարզելու ուղղությամբ։ Մարդիկ դիմում են Եվրոպական դատարան, խնդրեմ, թող դիմեն, թող իրականացվի քննություն, ու եթե որևէ տեղ կգտնվի մի բան, որի համար ես պետք է պատասխանատվություն կրեմ, պատրաստ եմ կրել։ Ասել եմ և կրկնում եմ ևս մեկ անգամ, չեմ արել մի բան, որից ամաչում եմ, ինչ արել եմ, ինչ ասել եմ, պատասխանատու եմ իմ ասածների և արածների համար։

-Մենք ենք ամաչում երևույթի համար, պարոն Վանեցյան։

-Դուք իմ փոխարեն խնդրում եմ մի՛ ամաչեք։

-Ձեր փոխարեն չէ, երևույթի համար, որ նման բան է տեղի ունեցել «նոր Հայաստանում»։

-Ինչի՞ց ես ամաչում, մի՛ ամաչի, դու ասա՝ պարոն Վանեցյանն ա սա, դու իմ համար մի՛ ամաչի։