Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթում հաղթել է Անի Եղիազարյանը 

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթում հաղթել է Անի Եղիազարյանը 

Կայացել է Հ. Թումանյանի թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Թեեւ ի սկզբանե 3 հոգի էր դիմել մրցույթի համար, բայց 2-րդ փուլ են անցել 2-ը՝ Վարդան Գրիգորյանը եւ թանգարանի տնօրենի ԺՊ Անի Եղիազարյանը։ Արդյունքում հանձնաժողովի 8 անդամներից 8-ն էլ կողմ են քվեարկել Անի Եղիազարյանին, ով ներկայացրել է բավականին ընդարձակ հայեցակարգ, որը նախանշում է ֆունդամենտալ փոփոխություններ թանգարանի համար։ «Կարեւոր թիրախային կետերից մեկը համաշխարհային թանգարանների տենդենցներին համապատասխան նոր էքսպոզիցիայի ստեղծումն է, որը ենթադրում է առաջին հերթին հիմնանորոգում, ինչի կարիքը շատ խիստ զգացվում է։

Մյուսը արտաքին կապերի հաստատումն է, միջազգային տարբեր թանգարանների հետ համագործակցությունները, որոնց ուղղությամբ արդեն իմ պաշտոնավարման ընթացքում բավականին հաջողություններ գրանցվել են»,- ասում է Եղիազարյանն ու հավելում, որ առաջիկայում Բելառուսում տեղի կունենա Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես, իսկ աշնանը՝ նաեւ Թեհրանում։ Նա նկատում է՝ ոչ միայն Թումանյանին, այլ նաեւ թանգարանը պետք է միջազգային շուկա դուրս բերել։

«Հաջորդ կարեւոր քայլը Թումանյանի ստեղծագործությունների օտարալեզու թարգմանություններն են, որոնց մեկնարկային աշխատանքները տրված են, եւ արդեն անգլերեն շատ լավ հավաքածու ունենք թարգմանած, ունենք նաեւ վրացերեն թարգմանություն»,- ասում է Անի Եղիազարյանն ու հավելում, որ նաեւ տեղացի այցելուների համար հատուկ օրակարգային ծրագրեր են մշակվել, մասնավորապես՝ ինովացիոն համակարգերի ներմուծում։