9 մլն. դրամի յուրացման հետքերով, ինչո՞ւ են փորձում թիրախավորել գործող քաղաքապետին 

9 մլն. դրամի յուրացման հետքերով, ինչո՞ւ են փորձում թիրախավորել գործող քաղաքապետին 

Օրեր առաջ մամուլում գրվեց, որ  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը քաղաքացու կողմից դիմում է ստացել, որ Սևանի ներկայիս քաղաքապետ Սարգիս Մուրադյանը խոշոր չափի գումարի յուրացում է կատարել։ 2016 թվականին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  և Սևանի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ «Սևան ազգային պարկը» Սևան քաղաքում պետք է իրականացներ 9 միլիոն դրամի եղևնի տեսակի ծառերի տնկման աշխատանքներ։ Սակայն նշված աշխատանքները չեն կատարվել, և պայմանագրով նախատեսված ողջ գումարը Սարգիս Մուրադյանը յուրացրել է, ով այդ տարիներին աշխատել է Սևան ազգային պարկում որպես փոխտնօրեն։ 
Մեր տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն հրավիրվել եւ հարցաքննվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանն ու Սեւանի նախկին քաղաքապետ՝ Ռուդիկ Ղուկասյանը: 

Աշոտ Գնդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել են, բացատրություն վերցրել: Այն հարցին, թե 9 մլն. դրամը ո՞ւմ կողմից է յուրացվել, Գնդոյանը պատասխանեց.  «9 մլն. դրամի պատմություն չկա: Որեւէ կոպեկի յուրացում չէր կարող լիներ, որովհետեւ գումար դուրս չի գրվել: Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է»:

-Պարո՛ն Գնդոյան, դուք պայմանագիր էիք կնքել Սեւանի նախկին քաղաքապետի հետ, ըստ որի Ձեր կողմից պետք է քաղաքում եղեւնիներ տնկվեր: Ի՞նչ եղավ հետո, այդ աշխատանքները կատարեցի՞ք:
Այն ժամանակ բնապահպանության նախարարից հանձնարարական էինք ստացել, որ բնապահպանական գործունեության անենք Սեւան քաղաքում: Օգնության կարգով արել ենք:

Զրուցեցինք նաեւ Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ. «Երբ որ ես քաղաքապետ էի, մենք ազգային պարկի հետ պայմանագիր ենք կնքել քաղաքի կանաչապատման համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9մլն.դրամ: Գումարը պետք է փոխանցվեր «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին բնապահպանական ծրագրով աշխատանքներ կատարելու համար, բայց մենք գումար չենք փոխանցել, քանի որ այդ աշխատանքները չի կատարվել: Յուրացման խնդիր ես չեմ տեսնում, կնքվել է լոկ պայմանագիր, որը առոչինչ է»,- ասաց Ղուկասյանը, ապա հավելեց, որ իրեն դեռ վարչություն չեն հրավիրել: 
Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը չհերքեց, որ Սեւան քաղաքի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել իր դեմ: Ասաց, որ քննություն է գնում. «Եթե ես արել եմ նման բան, պատրաստ եմ կրել պատասխանատվություն օրենքի ողջ խստությամբ: Այս ամենը հերյուրանք է, շինծու տեղեկություն է, ասում եմ, որ իրականության հետ որեւէ աղերս չունի: Հիմա ոստիկանությունը ուսումնասիրություններ է կատարում, օրեր անց, կարծում եմ, հանրության համար պարզ կդառնա ամեն բան»: