Փո՞ղն է հզոր, թե՞ ՀՀ քաղաքացին․ մի շենքի պատմություն

Փո՞ղն է հզոր, թե՞ ՀՀ քաղաքացին․ մի շենքի պատմություն

Նորայր Մակվեցյանը 2003 թվականին Գրիբոյեդով փողոցում աճուրդով 1550 մետր հող է գնել։ Երազել է տուն կառուցել, բայց այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել շինարարությունը։ Արդեն 14 տարի է՝  դատական պայքարի մեջ է։

Բանն այն է, որ քաղաքապետարանը նրա հողամասի եւ Գրիբոյեդով փողոցի մայթի միջեւ ընկած տարածքը վարձով տվել էր այլ անձանց՝ խախտելով Հողային օրենսգրքով սահմանված պահանջները, որոնց համաձայն՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազի, հոսանքի համակարգերով հողատարածքները չի կարելի փոխանցել քաղաքացիներին։ «Իմ հողակտորի դիմացն ամբողջությամբ փակվում էր, այդտեղ տաղավարներ էին կառուցելու։ Բայց այդտեղ մայթ է, ես հոսանք, գազ պետք է անցկացնեի»,- ասում է Մակվեցյանը։

2005թ․-ին նա դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ վարձակալների եւ կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման։ Պահանջել է, որ գործարքները ճանաչվեն անվավեր, եւ տարածքը բերվի նախկին տեսքին: Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին էր ընդդեմ նույն անձանց հայց ներկայացրել՝ պահանջելով լուծել նրանց վարձակալության պայմանագիրը։ 

Դատարանը բավարարել էր քաղաքապետարանի հայցը, հետագայում, սակայն, քաղաքապետարանը փոխեց դիրքորոշումը։ Անցել էր Մակվեցյանի անկոչ հարեւանների կողմը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք Մակվեցյանին թույլ չէին տվել, որ ամբողջովին օգտագործի իր տարածքը՝ հրահանգելով 8 մետր հեռու գնալ, քանի որ այդտեղ կարմիր գիծ պետք է անցներ։ Իսկ գազատարով, հոսանքի լարերով ծանրաբեռնված հողակտորը մինչեւ մայթ՝ գումարած իր 8 մետրը, կրկին վաճառեց այլ անձանց։ 

2012 թվականին, երբ գործը դատական ատյաններում էր, Նորայր Մակվեցյանն իմացել էր, որ տարածքում պատրաստվում են ինչ-որ օբյեկտ սարքել։ Նա դիմել էր դատարան՝ պահանջելով հայցի ապահովման միջոց կիրառել եւ կանգնեցնել շինարարությունը։ Դատարանը չէր բավարարել նրա պահանջը՝ հնարավորություն տալով հակառակ կողմին կառուցապատել վիճարկվող տարածքը։ 
Դատական պրոցեսը մինչ օրս չի ավարտվել։ Այն «վստահելի» արդարադատության փայլուն օրինակ է։ Օրերս Նորայր Մակվեցյանը վերաքննիչ դատարանի վճիռն է ստացել։ Ըստ դրա՝ դատարանը մերժել է նրա բողոքն ընդդեմ առաջին ատյանի եւ Գրիբոյեդովի 23/5 հողատարածքի հասարակական նշանակության օբյեկտը քանդել պարտավորեցնելու պահանջը։ 

Գործն անցել է բոլոր դատական ատյաններով, դրանով զբաղվել են դատավորներ Հրաչ Այվազյանը, Արա Բաբայանը, Ռուզաննա Հակոբյանը, Ալեքսանդր Հարությունյանը, այլք։ 6 տարի դատարանը միայն քննում էր, թե արդյոք մյուս կողմն իրավունք ունե՞ր այդ տարածքում շինարարություն ծավալել, թե՞ ոչ։ 15 անգամ միայն հակառակորդի գույքի վրա արգելանք է դրվել։ «Դրվել-հանվել է, դրվել-հանվել է։ Երկու անգամ հարկադիրը եկել-պլոմբել է, պլոմբը պոկել են, տուգանք են վճարել, պրծել են»,- ասում է Մակվեցյանը։ Նա վստահ է, որ իր դեմ աշխատել է փողը։