«Ճղոպուրով ածուխ» նախագիծը բլեֆ է
Արցախի գործարարների շրջանում վերջերս գովազդվում է մի գիտական նախաձեռնություն։ Գտել են ածխից էժան եւ որակով հեղուկ վառելիք ստանալու ձեւը։ Դրա համար ածխին խառնում են ընկույզի կեղեւներ՝ համարելով, որ այսկերպ բարձրանում է ածխի կալորիականությունը։ Այս նոր տեխնոլոգիայի վերաբերյալ պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը նույնիսկ հատուկ զեկույց է կարդացել Արցախի նախագահի, կրթության նախարարության պաշտոնյաների, գործարարների առաջ, որոնք պատրաստ են գումար ներդնել նոր վառելանյութի արտադրության համար։
Հայրենասիրական գյուտն իրականում մեծ ու վատ փչված փուչիկ է։ Դա ապացուցել է Պոլիտեխնիկական համալսարանում գործող քիմիական տեխնոլոգիաների 057 մասնագիտական խորհուրդը։ 2017 թվականի մայիսի 20-ին այս խորհրդում տեղի է ունեցել «Գորշ ածխից հեղուկ վառելանյութի տեխնոլոգիայի մշակումը» թեմայով ատենախոսության պաշտպանություն։ Հայցորդը Ժիրայր Հակոբյանն է եղել, իսկ գիտական ղեկավարը՝ գյուտի մասին թմբկահարող նույն Գագիկ Թորոսյանը։
Մասնագիտական խորհուրդն ուսումնասիրել է գյուտը եւ ապացուցել, որ դրված խնդիրն անլուծելի է։ Թիվ 057 մասնագիտական խորհրդի անդամները գրություն են ուղարկել «Հրապարակ»՝ տեղեկացնելով․ «Արցախի ածխի շատ ցածր կալորիականության պատճառով ստացված վառելանյութի քանակը եւ որակը չեն համապատասխանում դրված խնդրին։ Արցախի ածուխը չի կարելի օգտագործել հեղուկ վառելանյութ ստանալու նպատակով՝ անկախ որեւէ հավելանյութի օգտագործումից, քանի որ տվյալ ածխի որակը չի համապատասխանում պահանջվող պարամետրերին»։
Ո՛չ Արցախի, ո՛չ էլ մեկ այլ պետության ածուխ, առհասարակ՝ Երկիր մոլորակի որեւէ վայրում գոյացած ածուխ, նույնիսկ եթե այն բարձր կալորիականություն ունի, չի կարող հեղուկ վառելանյութի այլընտրանք հանդիսանալ։ «Բրազիլիայում, ԱՄՆ-ում ածխից հեղուկ վառելիք ստանալու մինի-տեխնոլոգիան պահել են՝ զուտ ցուցադրական նմուշ որպես։ Այն կարող է օգտագործվել պատերազմական իրավիճակում, եթե վառելիքի այլ տեսակներն անհասանելի լինեն, բայց արձանագրվել է, որ նման արտադրությունը ֆինանսապես արդարացված չէ»,- ասում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը, որը 057 մասնագիտական խորհրդի անդամներից է։
Խորհուրդը, այնուամենայնիվ, հաստատել է թեկնածուականը եւ Ժիրայր Հակոբյանին տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան շնորհել, քանի որ, ինչպես արտահայտվել է փորձագետներից մեկը, «բացասական արդյունքը եւս արդյունք է»։ «Նա աշխատանք է կատարել, եւ մենք հաստատեցինք ատենախոսությունը, բայց դա գումարային պրոյեկտ է։ Արցախի Հանրապետությունը կարող է գումարներ դնել, ինչ-որ փորձարկումներ անել Արցախի բյուջեից, բայց կկատարվի մի աշխատանք, որն արդյունք չի տալու։ Դա կարելի է մտցնել որպես ֆինանսական նախագիծ միայն այն դեպքում, եթե լինի համապատասխան փորձագիտական եզրակացություն»,- ասում է պրոֆեսոր Տոնոյանը։
Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք գումար պահանջել մերժված գաղափարի համար․ հարց, որը պետք է հետաքրքրի իրավապահներին։
Կարծիքներ