Ոստիկաններն «ասֆալտին են փռել» ոստիկանության աշխատակիցներին

Ոստիկաններն «ասֆալտին են փռել» ոստիկանության աշխատակիցներին

Ապրիլի 30-ին armtimes.com կայքում տեղեկություն տարածվեց, թե «ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:

Ըստ կայքի տեղեկությունների՝ ասֆալտին պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել: Ոստիկանությունից չեն հերքել այս տեղեկությունը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումներ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է։ Ավելի ուշ shamshyan.com կայքն էլ իրեն հատուկ ոճով գրեց, թե ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երեւանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով, կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։ Գործողության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» եւ 2 հատ «Վիկինգ» տեսակի ատրճանակ։

«Ասֆալտին փռելու» գաղափարի հեղինակը, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա երբ զայրացած է լինում, նման մի գրանդիոզ հրաման է արձակում, ասենք՝ ասֆալտին փռել թիկնազորով շրջող բոլորին կամ «բռնել, տեղորոշել ու ծաղկավոր բաբըչկա կապել բոլոր սեւազգեստ խմբերին» եւ այլն։ Ոստիկանությունն էլ, որ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ դարձել է Փաշինյանի էմոցիոնալ հրամանների անվերապահ ու հլու-հնազանդ կատարողը, անմիջապես վազում ու կյանքի է կոչում դրանք՝ առանց խորանալու իրավական հետեւանքների մեջ։ Դերժավայի Արկադի թիկնազորին «ասֆալտին փռելու» դեպքն էլ դրանցից մեկն է եղել, որը նորմալ կդիտվեր «նոր Հայաստանում», եթե չլիներ մի կարեւոր նրբերանգ։ 

Պարզվում է՝ ոստիկաններն «ասֆալտին են փռել» ոստիկանության աշխատակիցներին, մասնավորապես՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) ծառայողներին։ Արկադի Համբարձումյանն անձամբ պայմանագիր է կնքել ՊՊԳՎ-ի հետ՝ որպես պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության, որպեսզի այն պահնորդներ (թիկնապահներ) տրամադրի իրեն՝ ապահովելու իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունն ու գույքի պահպանությունը։ Այս ամենը նախատեսված է օրենքով ու պայմանագրով։ Նրանք, մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքի համաձայն, իրավունք ունեն զենք կրելու եւ հարկ եղած դեպքում այն կիրառելու, երբ, օրինակ, հարձակում է տեղի ունենում իրենց պահպանյալի նկատմամբ։ 

Մեզ պատմեցին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Ոստիկանության ծառայողները, որոնք այդ պահին եղել են քաղաքացիական հագուստով, օպերատիվ համարանիշով Toyota մակնիշի ավտոմեքենայով կանգնեցրել են Արկադի Համբարձումյանի եւ նրան ուղեկցող մեքենաներն ու հարձակվել թիկնապահների վրա, որ նրանց «փռեն ասֆալտին»։ Համբարձումյանի թիկնապահներն այդ պահին կարող էին զենք գործադրել՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների կատարած գործողությունը գնահատելով որպես իրենց պահպանյալի նկատմամբ հարձակում, եւ միայն Համբարձումյանի թիկնապահների, մասնավորապես՝ «թիկնազորի պետի» ողջախոհության արդյունքում է, որ բանը զենքի գործադրման չի հասել, ու արյունահեղություն տեղի չի ունեցել։ Նրանք անմիջապես հասկացել են, որ սա վարչապետի հրահանգով ոստիկանության հերթական շոուն է, եւ որոշել են ուղղակի խելոք ենթարկվել՝ ինքնակամ «պառկել ասֆալտին», մինչեւ շոուն ավարտվի։ Հակառակ պարագայում այս ամենը կարող էր ավարտվել փոխհրաձգությամբ եւ ողբերգությամբ։

Նման խայտառակ միջադեպ կարող էր տեղի ունենալ միայն «նոր Հայաստանում»` Օսիպյանը եւ իրավապահ մյուս համակարգերն ուղղակի գործիք են դարձել վարչապետի քմահաճույքների ձեռքը։ Նորմալ երկրում ոստիկանությունը չէր կարող ապօրինի զենքի կասկածանքով հարձակվել իր աշխատակիցների վրա, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։ Աբսուրդային է հնչում, բայց նորմալ երկրում ոստիկանությունը տեղյակ կլիներ՝ արդյոք իրեն ենթակա կառույցի աշխատակիցների մոտ գտնվող զենքը, որն իրենք են տրամադրել, օրինակա՞ն է, թե՞ ապօրինի, եւ եթե նույնիսկ կասկած կար, որ ապօրինի է, պե՞տք է դա հայտնաբերելու համար նման շոու բեմադրել, թե՞ կարող էին ՊՊԳՎ-ի միջոցով այդ ամենը պարզել։ Հայաստանը մի կողմից հավակնում է դառնալ օրենքի գերակայությամբ նորմալ երկիր, մյուս կողմից՝ նման խելացնոր ու հակաիրավական գործողություններով մեզ կիլոմետրերով վանում ենք նման երկիր դառնալու երազանքից։

Մենք այս դեպքի հետ կապված զրուցեցինք ոստիկանության ՊՊԳՎ՝ անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնի պետ Կարեն Պապոյանի հետ։ Հենց այս բաժնի ծառայողներն են ապահովում Արկադի Համբարձումյանի անձի անվտանգությունն ու գույքի պահպանությունը։ Նա հաստատեց, որ Համբարձումյանի անվտանգությունն իրենց աշխատակիցներն են ապահովում։ «Անմիջապես, այո, Արկադի Համբարձումյանի հետ է կնքված պայմանագիրը»,- ասաց Կարեն Պապոյանը։ Իսկ երբ փորձեցինք հարց տալ վերոնշյալ դեպքի վերաբերյալ, Պապոյանը, զգալով, որ դա լավ տեղ չի տանելու, չցանկացավ պատասխանել այս ցավոտ հարցին․ «Էդ հարցով, խնդրում եմ, ոստիկանության լրատվական վարչությանը դիմեք, էլի, իրենք կպատասխանեն։ Ես չեմ կարող պատասխանել»։

Դիմեցինք ոստիկանության լրատվական վարչությանը, բայց այստեղից, «հին Հայաստանից» մնացած ավանդույթի ուժով, խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել, որին, Աստված գիտի՝ երբ  կպատասխանեն։ Փորձեցինք կապ հաստատել նաեւ Արկադի Համբարձումյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։