Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա 

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, առավել ևս երկու երկրների ղեկավարների ամեն հանդիպումից առաջ մամուլում և փորձագիտական շրջանակներում ակտիվանում են ղարաբաղյան բանակցային գործնթացից հնարավոր ակնկալիքների մասին խոսակցությունները:
Դա միանգամայն բնական է, քանի որ ենթադրել, որ հակամարտության կողմերի արտաքին գերչատեսչությունների ղեկավարները կամ առաջին դեմքերը հանդիպում են հենց այնպես՝ մտերմիկ զրուցելու, մեկ բաժակ սուրճ խմելու և մինչ նոր հանդիպումը միմյանց հրաժեշտ տալու համար, առնվազն անհեթեթ է թվում: Մինչդեռ, վերջին մոտ երկու տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումները, որպես կանոն, հենց այդպես էլ ավարտվում են՝ առանց որևէ արդյունքի:

Այս առումով, վստահաբար, բացառություն չի լինի նաև հունիսի 21-ին Վաշինգտոնում սպասվող՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ի դեպ, այն, որ վաշինգտոնյան հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկան, այդ մասին արդեն իսկ մամուլին տված մեկնաբանություններում ասել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտգործնախարարները: Նույն ոգով են պարուրված նաև երկու երկրների փորձագետների հրապարակած վերլուծությունները:

Այն պնդման օգտին, որ այս անգամ էլ բանակցություններում հնարավոր առաջընթաց արաձանագրելուն առնչվող սպասելիքներ չեն կարող լինել, խոսում է պարզ հանգամանքը, որ ինչպես քննարկումների սեղանին դրված փաստաթղթում, այնպես էլ բանակցային ձևաչափում, գոնե դատելով հրապարակային հայտարարություններից, ոչինչ չի փոխվել:

Շուրջ մեկ տասնամյակ համանախագահների կողմից առաջարկված ու ցայսօր քննարկվող «Մադրիդյան սկզբունքներում», թերևս որոշ մասնակի տեխնիկական շտկումներից բացի, ոչինչ չի փոխվել: Իսկ այդ սկզբունքերին տարբեր առիթներով դեմ են արտահայտվել ինչպես Երևանն ոը Ստեփանակերտը, այնպես էլ Բաքուն: Հայկական կողմը, սակայն, քանիցս հայտարարել է, որ դրանք իր համար ընդունելի են որպես բանակցությունների հիմք, ոչ ավելին: Մինչդեռ Բաքուն կտրականապես մերժում է դրանք նաև որպես հիմք ընդունել: Այս համատեքստում խիստ ուշագրավ է այն, որ Բաքուն, փաստորեն, մերժում է Հայաստանում շատերի կողմից «դավաճանական» որակված փաստաթուղթը… ինչևէ:

Սակայն խնդիրն այն է, որ սպասելիքների բացակայությունն ու ստեղծված փակուղային վիճակը ոչ միայն ու ոչ այնքան քննարկվող փաստաթղի բովանդակությամբ են պայմանավորված, այլև ներկումս ձևավորված տարածաշրջանային ու միջազգային իրողություններով: Այն, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում, ամենևին չի կարելի գնահատել, որպես գործընթացում ամերիկյան կողմի ակտիվացում:

Այս իմաստով միանգամայն կարելի է համաձայնել մի շարք դիտորդների այն պնդմանը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր կողմից արվող քայերին մեծ կարևորություն չի տալիս և դրանք ընդամենը դիտարկում է որպես ընթացիկ պարտականություն՝ պարզապես պահպանելով եռանախագահության ինստիտուտում իրեն վերապահված դերակատարությունը:  
Նման պնդումը միանգամայն ճշմարտանման է թվում անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին թվիթերյան գրառման համատեքստում: Վերջինս, հիշեցնենք, գրել էր. «Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելու նպատակով: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Փաստ է, որ աշխարհի ուժային կենտրոնների համար ղարաբաղյան թեկուզև խիստ բարդ հակամարտությունն այսօրվա առաջնահերթությունների շարքում չէ: Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք, ինչու չէ՝ նաև Թուրքիա-Արևմուտք խորը հակասությունների ֆոնին այսօր առավել կարևոր են դիտվում ուկրաինական,  սիրիական և արաբա-իսրայելական հակամարտությունները: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա դա, ինչպես հայտնի է, այն եզակիներից է, որի շուրջ բոլոր միջնորդ կողմերի միջև առկա է որոշակի կոնսենսուս, այդ թվում՝ խնդիրն առայժմ հետաձգելու լուռ փոխհամաձայնություն: 

Լա՞վ է դա, թե՞ վատ: Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխան տալ: Թերևս լավ է այնքանով, որ աշխարհի հզորները, մի շարք հանգամանքների ճնշմամբ, առայժմ թույլ չեն տա, որ ղարաբաղյան հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից ու դարձյալ վերածվի ռազմական ծավալուն բախումների թատերաբեմի: Վատ է այնքանով, որ խնդիրը, փաստորեն, շարունակաբար չի լուծվում: Բայց ո՞վ է ասել, որ այդ խնդիրը, անգամ միջազգային եռանդուն ջանքերի գործադրման պարագայում, կարող է հեշտությամբ լուծվել: 

Այս առումով կարելի է թերևս արձանագրել, որ Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից առնվազն մեկ դրական սպասելիք, այնուամենայնիվ, կարելի է ունենալ. դա այն է, որ նրանց գոնե հաջողվի մտերմիկ զրուցել, սուրճ խմել և պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ հանդիպման շուրջ: Այս պահին դա հավանաբար ձեռնտու է բոլոր կողմերին: