Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող, 

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի 2-րդ համարը, որն այսօրվանից մինչեւ 15 օր կարող եք հարցնել բոլոր կրպակներում։ 

Համարում կարող եք կարդալ սցենարիստ Անուշ Բաբայանի հարցազրույցը աշխարհահռչակ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ Ֆրեդ Քելեմենի հետ։ Նա խոսում է հեղինակային կինոյից, ժամանակակից ֆիլմարտադրության խնդիրներից, ինչպես նաեւ Հայաստանի հետ ունեցած իր մտերմությունից։  

Գրող, բանաստեղծ Արփի Ոսկանյանն իր էջում այս անգամ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Վեր կացեք ու աշխատեք» հորդորին։ «Քայլել» բառն արդեն ուղիղ իմաստը չունի, ինչպես մեկ տարի առաջ՝ թավշյա հեղափոխության օրերին։ 

Սցենարիստ Լիլիթ Երանյանն իր «Գրավաճառի օրագրում» կիսվում է գրախանութում աշխատելու իր փորձառությամբ՝ ներկայացնելով ամիսներ շարունակ արված գրառումները, ընթերցասերների հարցումներն ու թե «Ինչ էին կարդում ԱԱԾ-ում մինչեւ հեղափոխությունը»։ 

Թե ինչպես է աշխատում հեղինակային իրավունքի ժամացույցը հայաստանյան իրականությունում, պարզել է լրագրող Գայանե Մկրտչյանը՝ խոսելով հայաստանյան հրատարակիչների, հեղինակային իրավունքի իրավահաջորդ ժառանգների ու վերջին տարիներին արձանագրված իրավախախտումների մասին։ 

Թուրք ժամանակակից կին պոետ Բեթյուլ Դյունդերի հետ է զրուցել թուրքագետ Կարոլինա Սահակյանը։ Հայ ժամանակակից կին պոետ Կարինե Աշուղյանն էլ ներկայացրել է իր վերջին՝ «Ապրելու կամք» բանաստեղծական շարքը։ 

«Վինիլ» էջում Նոռա Գրիգորյանը թարգմանել է համաշխարհային երգարվեստի մի քանի սիրված երգեր։ Գրաֆիկ դիզայներ Անահիտ Կոստանյանն այս անգամ կոմիքսների իր շարքով անդրադարձել է կանանց միամսյակին։ 

Մեր գործընկեր «Անտարես» հրատարակչությունն այս համարին տրամադրել է Միլան Կունդերայի «Վեպի արվեստը» նոր լույս տեսնելիք գրքից անտիպ մի հատված՝ թարգմանությամբ Աշոտ Ալեքսանյանի։ 

«Մշակութային Հրապարակը» կարող եք հարցնել նաեւ «Հայ գիրք» գրախանութում։