Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

-Նախօրեին Ֆրանսիայի Սենատը հայտարարություն էր ընդունել, որի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարությունը շտապել էր հայտարարությամբ հանդես գալ, որ այն չի արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը։ Ի՞նչ է իրականում անում Ֆրանսիան, մի՞թե առքուվաճառքի առարկա են դարձրել Արցախի ու Հայաստանի հարցը։

-Ֆրանսիական խորհրդարանի կողմից ընդունված հայանպաստ բանաձևը գործադիր իշխանությանը մանևրելու լայն հնարավորություն է ընձեռում: Նման բանաձևերը մեզ համար գործնական նշանակություն կունենան  այն ժամանակ, երբ դրանցում առկա դրույթները կլինեն ֆրանսիական կառավարության գործողությունների հիմքում: Տեսանք, որ կառավարությունն այս պահին նպատակ չունի այդ բանաձևը դիտարկել որպես ուղեցույց իր կողմից վարվող քաղաքականության համատեքստում: Հայաստանին ցուցաբերվել է բարոյական աջակցություն, ինչը ևս գնահատելի է և կարող է օգտագործվել քաղաքական ինչ-ինչ նպատակների հասնելու համար, բայց, առայժմ, ոչ ավելին:

-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Արցախում ապրող հայերի անվտանգությունը։ Լավրովի հայտարարությունն ի՞նչ էր իրականում նշանակում։ Արդյոք Լավրովի ասածը հակասում էր Հայաստանի ներկայիս իշխանությունների հայտարարություններին կամ Ադրբեջանի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին։

-Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախի կարգավիճակի հարցն առաջնային չի համարում և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը վերջինիս կազմում: Ճիշտ է, մի տեսակ դառնացած էր խոսում Լավրովը և տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից դժգոհ է ու համարում է, որ պաշտոնական Երևանն Արցախից ձեռք է քաշել, ինչը պարոն Լվրովին խիստ մտահոգում է: Բայց նրա այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է, եթե հիշենք, որ ՀՀ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ լիովին սատարում է կարգավորման հենց ռուսական ծրագրին, իսկ այդ ծրագրի ընդունումը վիժեցրել է պաշտոնական Բաքուն:

-Լավրովն իր խոսքում նշում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումը հուղարկավորողները ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են, երբ հայտարարեցին, որ չեն համագործակցելու Ռուսաստանի հետ ու հավելել է, որ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում։

-Պարոն Լավրովը իրավաքաղաքական բնույթի հարցը հիշողության հետ է կապում, մինչդեռ իրավական տեսանկյունից Մինսկի խումբը գոյություն ունի, անկախ այն բանից, թե ով է դրա մասին մոռացել: Ի վերջո, քիչ չեն դեպքերը, երբ անգամ քաղաքական դեմենցիան է նահանջում նոր հանգամանքների ճնշման տակ:

-Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շատ փորձագետներ որակում են որպես Արցախը Ադրբեջանին հանձնելու շուրջ տեխնիկական հարցերի քննարկում։ Համաձա՞յն եք այդ կարծիքների հետ։

-Հայաստանն Արցախի հայաբնակ մնացած մասը հանձնել է ռուսներին ու հենց վերջիններս էլ կորոշեն, թե ինչ են անելու այնտեղ հետո: Այժմ այս հարցում արցախցիների խոսքն ավելի ծանրակշիռ է, քան ՀՀ վարչապետինը:

-Ռուբեն Վարդանյանի ներկայությունն Արցախում ինչո՞ւ է այդքան անհանգստացրել ադրբեջանցիներին։

-Չեմ կարծում որ նրանք իրականում շատ անհանգիստ են: Այդուհանդերձ, սպասենք նրա կոնկրետ գործողություններին: Գոնե այս պահին Արցախը դեռևս անգամ լիարժեք կառավարություն չունի և սա մտահոգիչ է:

-Փորձագիտական ու որոշ քաղաքական շրջանակների կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին են խոսում։ Վերջին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Փաշինյանի չստորագրելը հայտարարությունը արդյո՞ք կառույցից դուրս գալու նախերգանքն էր ու դուրս գալու պարագայում դա ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեցնի Հայաստանը։

-Հարցը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի: Չեմ բացառում, որ կարող են սպառնալիքներ առաջանալ էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման առումով և խորանան ռազմական բնույթի մարտահրավերները:

-Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպմանը չի մասնակցի։ Նա փորձում է կաթվածահա՞ր անել բանակցային գործընթացը, թե՞ սա ավելին պոկելու քաղաքականություն է։ Արդյոք դա խոսո՞ւմ է հնարավոր պատերազմի մասին։

- Ալիևը ձգտում է թեժ պահել իրավիճակը մեր տարածաշրջանում, ուզում է առավելագույնը ստանալ Հայաստանից: Եվ ոչ միայն Հայաստանից: Բաքուն նաև Իրանին է սպառնում և այս ուղղության վրա ունի հզոր դաշնակիցներ: