Քաղաքագրություն. Լիմոնադի գործը՝ Երևանում

Քաղաքագրություն. Լիմոնադի գործը՝ Երևանում

Նալբանդյան փողոցում՝ Սպայի տան հարեւանությամբ, սեւ տուֆաշեն մի առանձնատուն կա: Հոյակերտ սյուների խոյակներին առյուծի գլուխներ են քանդակված: Դրանց միջեւ՝ շենքի ճակատին, մի ժամանակ գրված է եղել առանձնատան տիրոջ անուն-ազգանունը: Բայց հեղափոխությունից հետո, երբ շենքն «ազգայնացվել» է, ներկով ծածկել են այդ գրությունը: Տարիներ անց ներկը որոշ չափով թափվել էր, եւ ուշադիր աչքը առանձնատան ճակատին կարող էր կարդալ՝ Խ. Գիլանյանց Դ: 
Խաչատուր Գիլանյանցը՝ Դավթի որդին, ծնվել է Երեւանում։ 1864թ. սովորել է Երեւանի պրոգիմնազիայում, այնուհետեւ՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Ութ տարեկան հասակում նա կորցրել է հորը, եւ մայրը դժվարությամբ է հոգացել որդու ուսման ծախսերը: Մորը օգնելու համար Խ. Գիլանյանցը թողել է ուսումը, Բաթում է գնացել եւ աշխատանքի է անցել Ծովյանովների լիմոնադի գործարանում:

1892 թվականին նա վերադարձել է Երեւան, լիմոնադի մի փոքրիկ գործատուն է բացել: Նրա արտադրած լիմոնադը դուր է եկել երեւանցիներին: Գործերը լավ են գնացել: Գործատունը հետագայում ընդարձակվել է, դարձել է իսկական գործարան, որտեղ, բացի մրգահյութերի լիմոնադից, արտադրվել են նաեւ բուժիչ հանքային ջրեր՝ սոդայի, զելտերյան, կարլսբադյան (Կարլովի Վարի): Այս գործարանում արտադրված ըմպելիքները մեծ համբավ են բերել Խ. Գիլանյանցին, իսկ նրա բաղադրատոմսով ստեղծված «Սուրճի» լիմոնադը նրա անունը դուրս է բերել Հայաստանի սահմաններից: Կամաց-կամաց նրա գործարանի թողարկած օշարակները, որոնք հայտնի են դարձել «Լաստո» անվամբ, մեծ ճանաչում են գտել ոչ միայն Կովկասում, այլեւ արտասահմանում: Խ. Գիլանյանցի արտադրած խմիչքները 1897 թվականին արժանացել են Կիեւի համառուսաստանյան գյուղատնտեսական ցուցահանդեսի մեծ պատվոգրին: Մեկ տարի անց պտուղներից պատրաստված լիմոնադները Փարիզի ցուցահանդեսում արժանացել են ոսկե մեդալի եւ դիպլոմի: Այս հաջողություններից թեւավորված՝ Խ. Գիլանյանցն իր ֆիրմայի՝ «Լաստոյի» մասնաճյուղն է բացել Թիֆլիսում եւ մրցության մեջ մտել հայտնի «Լագիձեի» հետ: Իր այս նշանակալից արտադրական գործունեությունից բացի, նա իր անմիջական մասնակցությունն է բերել հին Երեւանի հասարակական եւ տնտեսական կյանքին, օգնել է եկեղեցուն, դպրոցներին:

1914-1915 թվականներին պատերազմի եւ եղեռնի արհավիրքներից Երեւան են լցվում փախստական խլյակները: Այս օրերին Խ. Գիլանյանցը, ինչպես ասում են, քուն ու դադար չուներ: Նրա նախաձեռնությամբ փախստական երեխաների համար Երեւանում որբանոցներ են բացվում, կազմակերպվում են տնայնագործ արհեստանոցներ՝ փախստական կանանց համար:
1921 թվականին խորհրդային կարգեր հաստատվելուց հետո «ազգայնացվում» է նաեւ «Լաստո» գործարանը: Սակայն Խ. Գիլանյանցի սկսած գործը շարունակել չեն կարողանում: Մասնագետներն ու հմուտ մարդիկ հեռացել էին արտադրությունից, եւ 1925 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ գործարանը դրվում է «Հայտնտկոոպի» տրամադրության տակ: Խ. Գիլանյանցին աշխատանքի են ընդունում իր նախկին գործարանում՝ որպես զովացուցիչ ըմպելիքների մասնագետ: Եվ ահա նախկին գործարանատերը, այժմ՝ միակ մասնագետը, նույն եռանդով ու նվիրումով նորից կպչում է իր սիրած գործին եւ աշխատում մինչեւ իր մահը՝ 1932 թվականը:

Երեւան քաղաքի պատմության թանգարանում՝ Խ. Գիլանյանցի ոչ մեծ ֆոնդում, պահվում են նրա ստացած գովասանագիրը, ոսկե մեդալի պատվոգիրը: Ֆոնդում մնում է նաեւ 1932-ին նրա ձեռքով գրված երկու աշխատություն՝ «Համառոտ ձեռնարկ արվեստական հանքային եւ մրգեղենից պատրաստված ջրերի» եւ «Համառոտ ձեռնարկ պատրաստելու արվեստական հանքային եւ զովացուցիչ ջրեր եւ զանազան համուհոտի լիմոնադներ»: 

Այս ձեռագրերում հեղինակը նախ շատ համառոտակի տալիս է լիմոնադի արտադրանքի պատմությունը, որը սկսվել է Ֆրանսիայում եւ ապա՝ Շվեյցարիայում: Հետո նա շարադրում է լիմոնադի արտադրանքի իր իսկ հեղինակած մեթոդները, տալիս է խմիչքի ստացման եղանակները, խորհուրդներ այդ գործի կազմակերպիչներին: Ձեռագրի առաջաբանում Խ. Գիլայանցը գրում է. «Համառոտ ձեռնարկս մի կաթիլ ջուր է, որ կաթեցնում եմ հայ աղքատիկ գրականության բաժակի մեջ»: Գրականություն ասելով՝ նա նկատի է ունեցել այն իմացությունը, որ անհրաժեշտ էր իր գործում: Ավելորդ չէ հիշեցնել, որ մասնագետները պետք է հետաքրքրվեն այս ձեռագրերով: Ըմպելիքների արտադրության հին մասնագետի մեծ փորձի կաթիլը դեռ չի կորցրել իր համն ու հոտը: Որքա՜ն նոր բան կարող են սովորել մեր ներկա մասնագետները, եթե օգտվեն Երեւան քաղաքի պատմության թանգարանում պահվող Խ. Գիլանյանցի վերը նշված հազվագյուտ ձեռագրերից:

Էդուարդ Ավագյանի «Էրիվանի հայրերն ու այրերը» երկից

Արամ ՊԱՉՅԱՆ