Քաղաքապետարանը ձևական մրցույթներ է անցկացնում, որտեղ ժպ-ները հաղթում են

Քաղաքապետարանը ձևական մրցույթներ է անցկացնում, որտեղ ժպ-ները հաղթում են

Երեւանի քաղաքապետարանի թափուր պաշտոնների համալրման համար անցկացվող մրցույթները շարունակվում են: 

Նախատեսվում է, որ դրանք կտեւեն եւս մեկ ամիս: «Սրանով կավարտվեն, այսպես ասած՝ զանգվածային մրցույթները, իսկ առանձին թափուր տեղեր կան եւ կլինեն, եւ դրանց համալրման համար մրցույթները շարունակական բնույթ են կրում»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը: Նրան խնդրել էինք մեզ պարբերաբար տեղեկացնել մրցույթների ընթացքի մասին: 

Երեկ ստացված տեղեկանքի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերի՝ ընդհանուր թվով 128 թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին 2019թ. դիմել է 2 հազար 571 դիմորդ: 
Ինչպեսեւ կանխատեսել էինք, այդ պաշտոնները ժամանակավորապես վարող անձանց մեծ մասը վերանշանակվելու է: Ըստ քաղաքապետարանի տվյալների, հայտարարված 128 թափուր պաշտոններց 97-ը համալրված է եղել ժամանակավոր պաշտոնակատարների կողմից: «Ժամանակավոր պաշտոնակատարներից 19-ը հաղթող չեն ճանաչվել, եւ նրանց հետ լուծվել են աշխատանքային պայմանագրերը: Դիմորդներից 18-ը (դրսից) հաղթող է ճանաչվել եւ նշանակվել է թափուր պաշտոններում: Շուրջ 40 մասնակից գրանցվել է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում, որոնցից 3-ի հետ արդեն իսկ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր: Մինչեւ 2019 թվականն անցկացվող համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթների մասնակիցներից եւ ոչ մեկը չի ընդգրկվել տվյալ թափուր հաստիքի կադրերի ռեզերվում, քանի որ չեն եղել մրցույթում մեկից ավելի մասնակիցների հաղթելու դեպքեր»,- հաղորդում է քաղաքապետարանը: 

Աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար 12 դիմողներից հաղթող է ճանաչվել ԺՊ Վահե Խաչատրյանը: Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմորդները 3-ն են եղել, մեկը չի ներկայացել մրցույթին, հաղթող է ճանաչվել ԺՊ Հովիկ Սաֆարյանը: Բնապահպանության վարչության պետի պաշտոնի համար 8 հոգի է պայքարել, հաղթել է Խաչիկ Հակոբյանը: 

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Գարեգին Խաչատրյանը: Այս պաշտոնին ժամանակավոր նշանակված չի եղել, բայց պարտվող դիմորդը՝ Արսեն Ավետիսյանը, բողոքել է, բողոքը քննվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, եւ մրցույթի արդյունքները մնացել են անփոփոխ: Ի դեպ, նույն անձը փորձել է նաեւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնին նշանակվել, բայց այստեղ էլ հաղթել է ԺՊ Մհեր Աղաբեկյանը, եւ Ավետիսյանը կրկին բողոքել է, ու կրկին նրա բողոքը չի բավարարվել: 

Կոմունալ տնտեսության վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթում հաղթել է ԺՊ Արարատ Խաչիկյանը, մշակույթի վարչության պետի՝ ԺՊ Գոշ Սարգսյանը, շինարարության եւ բարեկարգման,  վարչության պետի՝ ԺՊ Գրիգոր Հարությունյանը, վերահսկողության վարչության պետի՝ ԺՊ Արթուր Ավետիսյանը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի՝ ԺՊ Իոսիֆ Կուբատյանը, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի՝ ԺՊ Ռոբերտ Դարբինյանը,  հասարակական կարգի պահպանության ծառայության պետի՝ ԺՊ Արամ Գյուլզադյանը: ԺՊ-ներ են հաղթել նաեւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալի, բնապահպանության վարչության պետի տեղակալի, եւս երկու ստորաբաժանումների պետերի տեղակալների պաշտոններում: 
Գնումների վարչության ապագա պետը՝  Էդգար Կիրակոսյանը, դրսի մարդ է, ինչպես նաեւ սոցիալական աջակցության Կենտրոնի տարածքային բաժնի ապագա պետ Գայանե Յազիչյանը: Լուծվել է պայմանագիրը տրանսպորտի վարչության պետի տեղակալի ԺՊ Վազգեն Հարությունյանի հետ, ով չի հաղթել մրցույթում: 

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նուբարաշենի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար 4 հոգուց ոչ ոք չի հաղթել: Հաղթող չկա նաեւ կոմունալ տնտեսության, շինբարեկարգման վարչության պետի տեղակալների  պաշտոնների համալրման համար մրցույթում: