ՀԴՄ-ներ կարող են արտադրել նաև Հայաստանում

ՀԴՄ-ներ կարող են արտադրել նաև Հայաստանում

ՀԴՄ-ների ճգնաժամը, ըստ որոշ գնահատականների, ՊԵԿ-ի հակաքայլն է շուկայի ազատականացմանը։ Երեկ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է աշխատեն նոր հիմնված ընկերությունները, եթե ՀԴՄ-ներ չկան, ասել է․ «Թող գնան ձեռք բերեն շուկայից: Ով ազատականացման ջատագով էր եւ ուզում էր, ասում էր՝ մենք ունենք, թող բերեին անեին: Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք»:

Անանյանի տրամաբանությամբ՝ նախկինում գործադիրը կարող էր ՀԴՄ-ների դեֆիցիտի պայմաններում պարզապես մեկ գնում հայտարարել եւ լրացնել այն, սակայն այսօր եթե շուկան ազատականացվում է, կառավարությունը չունի այլեւս անելիք։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն հուլիսի 18-ին ահազանգեց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների քանակը բավարար չէ, որ մոտ 9 հազար մեքենա է հարկավոր, եւ գործարարներին կոչ արեց շտապ ներմուծել դրանք։ Առայժմ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն սահմանամերձ գյուղերի հարկ վճարողներին, զուգահեռաբար մշակվում են շուկայի ազատականացմանը միտված իրավական ակտեր։
Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես հայտնի է, դժգոհ է ՀԴՄ-ների համար սահմանված 160 հազար դրամ արժեքից։ Նա հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60 հազար դրամով: Մնացած գումարը պետք է փոխհատուցեր պետությունը։

«Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որին գործարարները տարիներ շարունակ ամեն ամիս մոտ 1500 դրամ սպասարկման վարձ էին մուծում, անկախ նրանից՝ ՀԴՄ-ները փչանում էին, թե ոչ, նույնպես փոփոխությունների փուլում է։  ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Օրդինյանը վերջերս ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, մեր հարցերին պատասխանելով, հայտնեց, որ այս ՊՈԱԿ-ով զբաղվում են իրավապահները։ «ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի (անձանց) գործունեության ընթացքում հնարավոր հանցավոր դրսեւորումների վերաբերյալ մամուլի հրապարակման, ինչպես նաեւ ստացված որոշակի օպերատիվ տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչությունում սկսել են քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստվել: Այս պահին ավելի մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց նա։  Մեր տեղեկություններով, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը հարցաքննվել է։

Թե ինչ կլինի այն դեպքում, եթե հանկարծ մարդիկ, լսելով Նիկոլ Փաշինյանի կոչերը, ամեն զուգարանի թղթի համար ՀԴՄ կտրոն պահանջեն, ու պարզվի, որ ՀԴՄ չկա, պետական ոչ մի կառույց այսօր չի պատասխանում։ Ֆինանսների նախարարությունից հորդորեցին հարցն ուղղել ՊԵԿ-ին, քանի որ իրենք կապ չունեն։  ՊԵԿ-ից մեր հարցին պատասխանեցին․ «Խնդիրն ուղղակի ՊԵԿ-ի դաշտում չէ, ՊԵԿ-ը չէ այդ սարքերի ներմուծողը։ ՊԵԿ-ն այդ սարքերի միջոցով ուղղակի ֆիսկալ քաղաքականություն է իրականացնում:

Մենք հայտարարություն տվեցինք, որ կարիքը կա, որ գործարար աշխարհն իմանա ու սկսի ներմուծել, մնացածը թող ոլորտային գերատեսչությունները կարգավորեն»։ «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից էլ պատասխանեցին, որ իրականում ՊՈԱԿ-ի պրոբլեմը չէ սա․ «Առաջ ՊՈԱԿ-ն էր ՀԴՄ-ները բերում, իսկ հիմա ով ուզում է, կարող է բերել չափորոշիչներին համապատասխան ցանկացած սարք։ Ամեն բան արվում է՝ հարցն արագ լուծելու համար»։ Այժմ ՊՈԱԿ-ը եզրակացություն է տալիս, թե որքանով են բերված ՀԴՄ-ները համապատասխանում չափանիշներին, եւ ապահովում է ՀԴՄ-ների սպասարկումը։ Այս ծառայությունից է գոյանում «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի» աշխատակիցների աշխատավարձը։

Գրասենյակն այս ստեղծվել է 2012 թվականին, երբ կառավարությունը փոխեց ՀԴՄ-ներին ներկայացվող չափանիշները ու պարտադրեց 500 մլն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող գործարարներին նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել 370 հազար դրամով։ Հետագայում գինը երկու անգամ իջավ՝ հասնելով 160 հազարի։ Փաստորեն, այն, ինչ բերվում էր 370 հազարով, կարող էր բերվել 160 հազարով։  Տեղեկություններ կան, որ ՀԴՄ-ների իրական գները շատ ավելի ցածր են։
ՀԴՄ-ների մատակարարը  «Միթաք ինֆորմեյշն թեքնոլոջի» ընկերությունն էր, որը հայկական կողմի հետ, փաստորեն, աշխատել է անհասկանալի գներով։ Ըստ գործարար Ռազմիկ Դովլաթյանի, թայվանական ընկերության գործունեության հետ է կապված ՀԴՄ-ների ճգնաժամը։ Ռազմիկ Դովլաթյանը նախկինում ՀԴՄ-ների ներմուծմամբ է զբաղվել։ Ոլորտի՝ մենաշնորհային դառնալուց հետո նա դուրս է եկել այդ բիզնեսից։ «Ինչ է կատարվում իրականում, ինչ գնով են գնում ՀԴՄ-ները, ոչ ոք չգիտի,- ասում է Դովլաթյանը,- քանի որ միայն այս մի ընկերության հետ են աշխատում, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ուշացումներ են լինում։ Կա՛մ գումարն են ուշ-ուշ վճարում, կա՛մ մատակարարումն է ձգձգվում։ Ես կարող եմ ուրիշ բան ասել։

ՀԴՄ-ն շատ ավելի պարզ ապարատ է, քան, ասենք, մեր ձեռքի հեռախոսը, եւ դրա արտադրությունը հեշտությամբ կարելի է կազմակերպել Հայաստանում։ Այդ ՀԴՄ-ն 120 հազարից էլ ավելի էժան կարելի է արտադրել»։

Հայկական շուկայում մի քանի տասնյակ հազար դոլարի մեքենայի պահանջարկ կա։ «Այդ 9 հազարն այն դիմումատուներն են, որոնք դիմել են ՊԵԿ ու չեն ստացել ՀԴՄ։ Իսկ այս պահի դրությամբ հայկական շուկայում մոտ 25-30 հազար ՀԴՄ-ի պահանջ կա։  Արտադրություն հիմնելու համար այսպիսի շուկան նեղ է։ Գործարարն այսպիսի քանակի համար ներդրում չի անի։ Բայց եթե պետությունն աջակցի, գործարարները կարող են աստիճանաբար արտադրություն հիմնել։ Սկզբում կարող են պահեստամասեր բերել, ՀԴՄ-ների վերանորոգման արտադրամասեր ստեղծել, հետո սկսել արտադրել»,- ազատականացման իր սխեման է ներկայացնում Ռազմիկ Դովլաթյանը։