Չինաստանում Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև էներգետիկ համագործակցության հարցեր

Չինաստանում Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև էներգետիկ համագործակցության հարցեր

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հետևեց հաղորդագրություն, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ, և հավելում, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունը ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Չինաստանն էլ պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանն ու ենթակառուցվածքային այլ ծրագրերի իրականացմանը։ Առանձնապես շեշտվել էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու անունը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ամիսներ առաջ հայտարարելով, որ հրամայական է  2․5 ժամում  Մեղրի հասնելը, նշել էր, թե պարտադիր չէ, որ այդ՝ Չինաստանից եկող ճանապարհն Իրանից հետո գնա Թուրքիայով․ մասամբ կամ ամբողջությամբ կարող է գնալ մինչեւ վրացական նավահանգիստները եւ այնտեղից գնալ Ռուսաստան, Սեւ ծովով՝ Դանուբով մինչեւ Եվրոպայի սիրտը։ «Սա Հայաստանի համար կենսական խնդիր է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանին բարեկամ որեւէ երկիր կարող է դիտողություն անգամ անել մեզ՝ դեպի հարավ՝ Իրան, Չինաստան, Միջին Արեւելքի երկրներ կայուն ճանապարհ ստեղծելու եւ իր տնտեսությունը զարգացնելու համար։ Նրանք, ովքեր դրան դեմ են, թող կարողանան բացել փակ թուրքական սահմանը։ Եթե չեն կարողանում, ուրեմն Հայաստանն այլ կերպ կլուծի իր խնդիրները՝ ասելով, որ իր տնտեսական կապերը զարգացնում է Ծոցի երկրների հետ՝ կառուցելով ճանապարհ»։ 

Մենք տեղեկություն ունենք, որ չինական ինչ-որ ընկերություն հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոճանապարհով։ Կա՞ նման նախագիծ։ Այս մասին հարցրինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։ Նա նշեց, որ նման նախագծի համար որևէ մրցույթ հայտարարված չէ, վստահ է, որ տենդեր հայտարարվելու դեպքում չինական և բազմաթիվ այլ ընկերություններ հետաքրքրված կլինեն, քանի որ 2․5 ժամում երևանից Մեղրի հասնելն իրոք անհրաժեշտություն է։