ԱԾ-ի, ՍԱԾ-ի, ԴԲԾ-ի, ՊՊԾ-ի և ԴԱՀԿԾ-ի մասին

ԱԾ-ի, ՍԱԾ-ի, ԴԲԾ-ի, ՊՊԾ-ի և ԴԱՀԿԾ-ի մասին

Ինչպե՞ս են արտասանվում տառային հապավումները։

Այնպես, ինչպես գրվում են։ Օրինակ՝ ՄԱԿ, ՄՕԿ, ՀՕՖ, ՏԻՄ: Բաղաձայններով կազմվածների դեպքում արտասանվում է գաղտնավանկի ը-ն՝ ԼՂՀ (ԼըՂըՀը), ԿԳՆ (ԿըԳըՆը), ՀԳՄ (ՀըԳըՄը), ՀՍԴԿ (ՀըՍըԴըԿը) և այլն:

Արտասանության հետ կապված խնդիր հիմնականում չկա, բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե այս մասին է, այլ այն, թե նպատակահարմա՞ր է արդյոք բաղադրյալ ամեն անվանում հապավել և եթերում արտասանել այդպես: Օրինակ՝ մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը ասել ՀՀ, Ազգային ժողովին՝ ԱԺ, Սահմանադրական դատարանին՝ ՍԴ և այլն:

Ուշադրություն դարձնենք և կնկատենք, որ որոշ հապավումների դեպքում եթերում այդ արտասանությունը գեղեցիկ, նպատակահարմար չէ: Օրինակ՝ մի՞թե արժի հաղորդման ընթացքում հնչող հազարավոր բառերի մեջ ընդամենը մի քանի բառ պակաս արտասանելու համար բարեհնչությունն անտեսել և ասել ՀԾԿՀ նախագահ, ԱԽ քարտուղար, ՊՊԾ գունդ, ԴԱՀԿ ղեկավար, ԹՄՄ մասնաճյուղ, ՀՔԾ հաղորդագրություն, ԹԳՄ համագումար, «ՊՍԺ»-ի հարձակվող, ՀԿ, ՉԹՕ, ՉԹԱ, ՊՎԾ և այլն։

Հակիրճությունը՝ հակիրճություն, բայց խոսքը, մանավանդ եթերի՛ խոսքը, նախ և առաջ պետք է լինի գեղեցիկ, հնչեղ։

Պետք է նաև նկատի ունենալ, որ այսպիսի հապավումները շատերին նույնիսկ անհասկանալի են: Օրինակ՝ քանի՞ հեռուստադիտող կամ ռադիոլսող գիտի, որ ինչ-որ ընկերության տուգանած ՏՄՊՊՀ-ն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է։

Խե՜ղճ հեռուստադիտող ու ընթերցող, դե ե՛կ ու վերծանիր ԱԾ-ն, ՍԱԾ-ն, ԴԱՀԿԾ-ն, ԴԲԾ-ն, ԱԾԻԳ-ը, ՉԼ-ն, ՍՏՀԿ-ն, ՄԶԳ-ն, ՄԶԶ-ն...

Հիշում եմ. երեխա ժամանակ, որպես խաղ, բակում խոսում էինք ինչ-որ ծածկալեզվով, որի բառերը կազմվում էին կրճատելու, համառոտելու սկզբունքով։ Հիմա մեր եթերի լրագրողները կարծես որոշել են խոսել այդպիսի լեզվով։

Քանի որ մեր ժամանակներում էլ հապավումներն ստեղծվում ու տարածվում են «դարին վայել» արագությամբ, երևի հեռու չէ այն օրը, երբ ամեն նախադասությունից հետո մենք իրար պիտի հարցնենք, թե ի՛նչ էր նշանակում այս կամ այն բառը։ Օրինակ՝ ԳՏՄԿ-ն, ԳՓՄ-ն, ԳՖԲ-ն, ԳՖԴ-ն, ՀՌՖ-ն, ՀՎՄ-ն, ՀՏԳՄ-ն...

Իմաստները հասկացա՞ք... Դժվար թե։ Ավա՜ղ, ես էլ չեմ կարող օգնել, որովհետև... մոռացա։

Եվ գուցե ճիշտ կլինի որևէ մարմին անվանակոչելիս նաև մտածենք, թե հակիրճության ձգտող մեր դարում ինչպե՛ս է հնչելու դրա հապավումը, որպեսզի չսկսենք նաև ակամայից հայհոյել...

Ճիշտ է, հապավումները նույնպես մեր բառամթերքի կարևոր մասն են, բայց, ինչպես ամեն բառ, եկեք դրանք գործածենք տեղին, չափավոր։ Օգտագործե՛նք, այլ ոչ թե չարաշահենք։

Գուրգեն Միքայելյան

Լեզվի կոմիտեի աշխատակից