Քաղաքացուն «պասլատ» անող նախարարը հաղթեց

Քաղաքացուն «պասլատ» անող նախարարը հաղթեց

Մենք դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետ Էդգար Խուրշուդյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ ընթացող «պատերազմի» մասին։ Ընդհուպ բանը հասել էր նրան, որ եթե Թորոսյանը մեկին ազատում էր համակարգից, Խուրշուդյանն ընդունում էր, եւ հակառակը։ Իրավիճակը հատկապես սրվեց, երբ ԱԱՏՄ պետը նկատողություն հայտնեց Թորոսյանի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանի նկատմամբ՝ օրենքը խախտելով ուղիղ եթերում «Գարդասիլ» պատվաստանյութ գովազդելու համար։ Եվ առողջապահական խորhրդի նիստի ժամանակ Թորոսյանը ներկաներին առաջարկել էր վարչապետի մոտ խորհրդի անունից բարձրացնել Խուրշուդյանի պաշտոնանկության հարցը, ինչի մասին հայտարարել էր նաեւ հարցազրույցում․

«Տեղի են ունենում տեսչական մարմնի աշխատողների կողմից տարբեր բուժհաստատություններում կիսաահաբեկման գործողություններ, որ ինչի եք էդ պատվաստումն անում: Ես էդ հարցը դրեմ եմ խորհրդի նիստին, եւ մենք խորհրդի անդամներով որոշել ենք տեսչական մարմնի պետի պաշտոնավարման հարցի քննարկումը ներկայացնել վարչապետին։ Որովհետեւ այսպես չի կարող շարունակվել, երբ որ տեսչական մարմինը հակադարձ գործողություններ է իրականացնում քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմնին»: Օրերս մամուլում լուր հրապարակվեց, թե Էդգար Խուրշուդյանը ծանուցվել է, որ օգոստոսի 1-ից իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է։

Մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ Խուրշուդյանը հոդվածներ է պատվիրում իրենց դեմ՝ նա «սեւ» է։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին  մենք հարց ուղղեցինք՝ ի՞նչ հիմնավորմամբ է Խուրշուդյանը թողնում պաշտոնը։ Խոսնակն առաջարկեց այդ հարցով դիմել հենց Խուրշուդյանին։ Բայց վերջինիս հետ  կապ հաստատել չի հաջողվում, ուստի պրն Կարապետյանին հարցրինք՝ արդյո՞ք այս ազատումը չի նշանակում, որ սրանով կառավարությունն ուղիղ մեսիջ է հղում՝ «քաղաքացուն պասլատ անողը» ճիշտ է (այդ նիստի ժամանակ Թորոսյանը հենց նման արտահայտություն էր օգտագործել)։ Այն կառավարության, որի ղեկավարը դեռ մեկ տարի առաջ ասում էր, որ քաղաքացին կարող է քացով բացել իր կառավարության դուռը։ Վլադիմիր Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Մամուլն ազատ է յուրաքանչյուր բան գրելու։ Եվ այս պահին Ձեր մատնանշած հոդվածը մեկնաբանելու հարց չունեմ։ Հարգում եմ մամուլի ազատությունը»։

Առողջապահական 26 ՀԿ-ներից բաղկացած Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ սույն հիշարժան նիստի մեջ «պասլատ արա»-ն փոխարինվել էր «անտեսել» արտահայտությամբ, այդ արտահայտությունն անողին դա չի ազատում պատժվելուց։ «Բա ինչի՞ համար էր նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունը։ Որպեսզի ունենանք անաչառ պաշտոնյաներ»,- ասաց խորհրդի նախագահն ու արձանագրեց․ «Եվ եթե սա հերթական խաբեությունն է, ինչպես շատ դեպքերում են խաբել ժողովրդին, ապա ես միայն կարող եմ փաստել, որ առողջապահության ոլորտում առողջապահության նախարարը ձգտոււմ է բռնապետության։ Ձգտում է միակարծության, ձգտում է նրան, որ լինի այն, ինչ ինքն է ասում։ Իսկ մնացածի կարծիքը հաշվի չառնվի»։

Գրիգորյանի խոսքով՝ սրա մասին փաստում է նաեւ այն, որ առողջապահության նախարարը խուսափում է բժշկական հանրության հետ հանդիպումներից, այդ թվում՝ բժշկական հանրության ձայնը բարձրացնող իրենց կոալիցիայի հետ։ Նրա պնդմամբ՝ նախարար Թորոսյանի ղեկավարած հիմնարկը խուսափում է այլ կարծիք լսելուց եւ իրենց սխալներն ընդունելուց։

Նման գործելաոճը շարունակելու դեպքում այս կոալիցիայի մեջ մտնող ՀԿ-ները դիմելու են Եվրախորհուրդ, ԱՄՆ դեսպանատուն, բոլոր այն կառույցներին, որոնք համարվում են ժողովրդավարության խորհրդանիշներ ու «ժողովրդավարության երաշխավորներ»։ «Մենք պատրաստվում ենք դիմել եւ առաջարկել, որպեսզի նման մեթոդներ Հայաստանի Հանրապետությունում չկիրառվեն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է»,- ասաց նախագահը։

Ի  դեպ, Խուրշուդյանը Գեւորգ Գրիգորյանին նույնպես տուգանել է, ինչի կապակցությամբ նա ասաց․ «Սա վկայում է, որ տեսչությունը կողմնակալ կերպով չի աշխատում»։