Հարուցվել է քրգործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12–ին, տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր նույնականացման քարտով:

Այնուհետև՝ ժամը 16.17-ին, նույն բնակիչը կրկին գնացել է հիշյալ ընտրական տեղամաս և այս անգամ ներկայացնելով իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ցանկացել քվեարկել, սակայն տեխնիկական սարքավորման կողմից արձանագրվել է վերջինիս արդեն իսկ քվեարկած լինելու փաստը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: