Մեզ հետեւում են

Մեզ հետեւում են

Երեկ ընկերներիցս մեկը, որ նոր է վերադարձել ԱՄՆ-ից եւ այնտեղ տարբեր փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել, ուշագրավ դիտարկումներ ներկայացրեց։ Ասաց, որ այնտեղ շատ ուշադիր հետեւում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ շատ լավ պատկերացնում, թե ինչ է կատարվում մեզանում։ Եվ քանի որ 100 տարում հսկայական ճանապարհ անցած երկրի քաղաքացիներ են, կողքից ավելին են տեսնում, քան մենք՝ ներսում։ Ընդ որում՝ հոյակապ հասկանում են մեր իշխանությունների բոլոր քայլերի ենթատեքստը, տարբերում են սուտն ու կեղծիքը ճշմարտությունից, գիտակցում են, թե ինչքան է մեր անկախության չափը եւ հատկապես՝ Ռուսաստանից կախյալության պատճառները։

Գիտեն, թե որքան է մեր մանեւրելու սահմանը, եւ զարմանում են, որ հեղափոխական իշխանությունները չեն մանեւրում եւ այդ սահմաններն ընդարձակելու փոխարեն օրեցօր նեղացնում են։ Ծիծաղում են ամերիկյան բարձր շրջանակների հետ հանդիպումներ կազմակերպելու մեր ջանքերի վրա եւ ասում են, որ շատ լավ գիտեն, որ այդ հանդիպումներն ավելի շատ ներքին լսարանի վրա «ծախելու» համար է, այլ ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու։ Ինձ համար, մասնավորապես, հետաքրքիր էր, թե ամերիկյան վերլուծաբաններն ինչ են մտածում մեր լրատվամիջոցների աշխատանքի, մեզանում խոսքի ազատության մասին։

Եվ զրուցակիցս մի հանճարեղ նախադասություն փոխանցեց, որը, անշուշտ, ես գիտեի, բայց վախենում էի բարձրաձայնել։ Ամերիկյան փորձագետներից մեկը հայաստանյան մամուլի աննախադեպ ազատության մասին ասել էր՝ այո, պաշտոնական գրաքննությունը նկատելիորեն նվազել է, բայց գրաքննությունը տեղափոխվել է խմբագիրների մեջ, հիմա խմբագիրներն իրենք են գրաքննություն իրականացնում, որ «հեղափոխական» մասսաների կողմից չբզկտվեն։