Փաշինյանի փրկօղակը հանրաքվեի անցկացո՞ւմն է

Փաշինյանի փրկօղակը հանրաքվեի անցկացո՞ւմն է

Ընթացիկ շաբաթվա սկզբից ՀՀ իշխանություն կոչվող փաշինյանական կրկեսը մի քանի գալա ներկայացում տվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղում, Երեւանի Նալբանդյան փողոցում, ՀՀ ԱԺ-ում, Շենգավիթի դատարանում: Թվում է՝ ներկայացումների շարքը դեռ կշարունակվի, քանի որ դրանք պտտվում են ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի շուրջ, ով էլ իր հերթին հրապարակավ ծիծաղում է Փաշինյանի վրա, Փաշինյանի իրավապահների հայտնաբերած իբր կաշառատվություն մերկացնող թղթերի, նաեւ՝ այդ հիմքով իրեն ներկայացվող մեղադրանքների վրա: 

Նույն այն Ծառուկյանը, որի համար 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանի մի ելույթը բավական էր, որպեսզի հայտարարեր, թե իր կյանքում փակում է քաղաքականության էջը, կոնյակի գործարանի պատից իջեցներ ԲՀԿ-ի ցուցատախտակը եւ երկարատեւ դադարեցներ քաղաքականությանը խառնվելը, այժմ փաշինյանական ԱԱԾ-ի եւ ոստիկանության՝ օրեր տեւած маски-шоу-ներին, փողոցներում ԲՀԿ-ականների հանդեպ գործադրվող վայրագություններին, ԱԺ-ում կալանավորման սանկցիա պահանջած դատախազին եւ միաձայն քվեարկությամբ սանկցիան տված իմքայլական հոտին ի պատասխան՝ հանգիստ ասում է, որ ինքը պայքարը չի դադարեցնելու` վերջնանպատակ հռչակելով Փաշինյանի եւ իր խմբավորման հեռացումն իշխանությունից: 

Ծառուկյանի ինքնավստահությունը, անթաքույց անվրդով տրամադրությունը, ծիծաղելը, պայքարը շարունակելու հրապարակային հանձնառությունները ինքնաբերաբար ավելի ու ավելի են նյարդայնացնում ու հավասարակշռությունից հանում Փաշինյանին, քանի որ ավելորդ անգամ հուշում են, որ գուցե իր դեմ վերջնախաղ է ծրագրված, որտեղ Ծառուկյանը դերակատարում ունի, եւ ինքն այդ վերջնախաղը չի կարողանում ո՛չ բացահայտել, ո՛չ կանխել: Չորեքշաբթի Փաշինյանն այնքան էր կորցրել իրեն, որ ԱԺ-ում սպառնում էր, թե գուցե որոշ կուսակցություններ արժե փակել, կամ էլ ժողովուրդը՝ որոշ ուժերի վզից բռնած, դուրս կշպրտի խորհրդարանի դահլիճից: 

Այս վերջին սպառնալիքը հետաքրքիր է, քանի որ ինքնաներշնչման պես բան է թվում․ այն, ինչ կարող է կատարվել իր հետ, Փաշինյանը բարձրաձայն իրեն համոզում է, թե կկատարվի ուրիշների հետ: Իհարկե, դա առանձին հարց է, թե Փաշինյանն ինչ է հասկանում կամ ինչ նկատի ունի «ժողովուրդ» ասելով. այն հազիվ մեկ-երկու հազար մարդո՞ւն, որ կարողացավ հավաքել հանրապետության դատարանների դռների առջեւ՝ 2019-ի մայիսին, այն դպրոցահասակ երեխաների՞ն, որ առանց անհարմար զգալու տարել էր 2020-ի մարտին Սյունիքի բնակավայրերում ընթացող իր քարոզարշավին, թե՞ այն` լավագույն դեպքում 30 հազար մարդուն, այսինքն՝ ՀՀ բնակչության մեկ տոկոսին, որ 2018-ի ապրիլ-մայիսին հորդացել էր Հանրապետության հրապարակ եւ կենդանական «դըմփ-դըմփ-հու» ձայնարկությունն էր աղաղակում: 

Ընդ որում, որեւէ մեկը չհամարձակվի ասել, թե 2018-ի ապրիլ-մայիսին հանրապետության բնակչության 1%-ից ավելի է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքներին, քանի որ Հանրապետության հրապարակում եթե իրար ուսերի չբարձրանան եւ իրար գլխի չկանգնեն, ապա որքան էլ շարքերը խիտ լինեն, երբեք 25 հազար հոգուց ավելի մարդ չի կարող տեղավորվել: Ենթադրենք՝ մի 5 հազար հոգի էլ հարակից փողոցներում, պուրակներում էին կանգնել կամ ծառերին բարձրացել: Դա՞ չէր ամբողջը: Ենթադրենք, ազգաբնակչության եւս 1%-ն էլ` եւս մի 30 հազար մարդ, մարզային բնակավայրերում էր փողոց դուրս եկել: Համարենք, որ եւս 1%-ն էլ տարբեր օրերի այստեղ-այնտեղ ինքնաբուխ ակցիաների է մասնակցել: Վերջ: 

Հետեւաբար, սթափ բանականությամբ ինչպես էլ հաշվարկես, Փաշինյանն իր օխլոկրատիկ հեղափոխությունն իրականացրել է լավագույն դեպքում հասարակության 3%-ի անմիջական աջակցությամբ եւ ներգրավմամբ: Իսկ կա՞ գիտակից մեկը, ով կասկածում է, որ թե՛ 2018-ին, թե՛ այսօր կամ վաղը Հայաստանի երեք միլիոն բնակչության մեջ հանգիստ կգտնվի մեկ այլ 1, 2, 3%` 30, 60, 100 հազար մարդ, որոնք պատրաստ են Հանրապետության հրապարակ հորդալ Փաշինյանին տապալելու համար: Ամբոխի դեմ միշտ կա ամբոխ, մանավանդ՝ եթե «ամբոխ» կոչվածում ազգաբնակչության ընդամենը 1, 2, 3 տոկոսն է: 

Այդքանով էլ Փաշինյանը չի կարող առանձնապես վստահ լինել, որ մի X պահի իր դեմ չի գեներացվի նոր 1, 2, 3%-անոց ամբոխ եւ իրեն ու իմքայլականներին դուրս չի շպրտի իշխանությունից: Խնդիրն այդ ամբոխը գեներացնելու քաղաքական որոշման կայացումն է` երկրի ներսում եւ դրսում: Իմքայլական բիոզանգվածից արդեն վայրկյանը մեկ բարձրաձայնում են, թե Ռուսաստանն է կանգնած Փաշինյանի խմբավորման դեմ սինխրոնացված քաղաքական ընդվզումների ետեւում, երբ իրարից անկախ, բայց գրեթե միաժամանակ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն Փաշինյանի հրաժարականն են պահանջում, ՀՀ նախկին երեք վարչապետեր հանդիպում են երկրի փրկության հարցեր քննարկելու, Արթուր Վանեցյանը, եւս մի քանի մարդ-կուսակցություններ համատեղ հայտարարություններ են տարածում եւ այլն:

Արտաքուստ՝ այո, հնարավոր է, որ Ռուսաստանը խմբավարում է կամ գոնե շփման մեջ է ե՛ւ Ծառուկյանի հետ, ե՛ւ նախկին վարչապետերից մեկնումեկի, ե՛ւ ՀՅԴ-ի նախաձեռնած կոնսոլիդացիոն խմբակից ոմանց հետ: Հասկանալի է, որ դրանից իմքայլականները սարսափում են, դրա համար էլ վայրկյանը մեկ ճչում են, թե Մոսկվան է գործում իրենց դեմ, եւ, չգիտես ինչու, որոշել են, թե маски-шоу-ներով կամ ռեպրեսիաներով կարող են իրադարձություններ կանխել: Բայց իմքայլականների այդ սարսափներն ու ֆոբիաներն իրենց ողջ դժբախտությունը չեն: 

Փաշինյանի, իմքայլականների, նրանց կառավարության եւ ավելի ցածր օղակներում խլրտացող ու պարգեւավճարների անվան ներքո գանձագողությամբ զբաղվող իրենց կուսակիցների ողջ դժբախտությունն այն չէ, որ Ռուսաստանը կարող է ցանկանալ Փաշինյանին իշխանությունից հեռացնել: Նրանց ողջ դժբախտությունն այն է, որ Փաշինյանը մերօրյա «գիքոր» է միջազգային արենայում, որին ո՞վ ուրախ չի լինի իշխանությունից հեռացած տեսնել` Վաշինգտոնից մինչեւ եվրոպական մայրաքաղաքներ ու Մոսկվա: Փաշինյանը սխալ տեղում հայտնված սխալ անձ է, որի գոյությունն իրենց կողքին համարյա վիրավորանք է միջազգային ասպարեզում շատերի համար: 
Ինչ եք կարծում, Թումանյանը հիմա՞ր էր, որ Գիքորին իր պատմվածքում սպանում էր, ոչ թե, դիցուք, ետ ուղարկում հայրենի գյուղ կամ Թիֆլիսում մեկի մարդասիրության ու խղճահարության հաշվին ապաքինում ու ապրեցնում: Թումանյանին էլ, ցանկացած մտածելու ունակ մարդու էլ հասկանալի է, որ չի կարող անձն այդքան սխալ ու անհամարժեք լինել միջավայրին, որում հայտնվել է ու վերապրել:
Փաշինյանն էլ Հայաստանի «գիքորն» է միջազգային ասպարեզում, նույնքան անհամարժեք, նույնքան մերժված եւ նույնքան դատապարտված:

Հետեւաբար, Ռուսաստանը լինի, Եվրոպան, թե ԱՄՆ-ն, ով էլ որոշի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ քայլեր գեներացնել, նա, անկասկած, վայելելու է մյուս խաղացողների ողջ համակրանքն ու աջակցությունը: Փաշինյանից ազատվել բոլորն են ցանկանում, որովհետեւ ո՛չ բանականության, ո՛չ բարոյականության հարթությունում նա ընդունելի մեկը չէ: Ի վերջո, Փաշինյանին բոլորն այնպես են մերժում եւ ատում, որ նույնիսկ կորոնավիրուսի տարածման այս աննախադեպ տեմպերի, ծանր հիվանդների քանակի աճի, չբավարարող հիվանդանոցային մահճակալների խառնաշփոթի մեջ չկա մի փոքրիշատե ազդեցիկ երկրի ղեկավար, որ Փաշինյանին զանգահարի կամ վերջինիս զանգին պատասխանի եւ Հայաստանին մահճակալների, մնացյալ սարքավորումների օգնություն ցուցաբերի: Հազիվ առողջապահության եւ արտաքին գործերի նախարարությունների չգիտես որերորդական պաշտոնյաներն են WHO-ից ու այլոցից դեղորայք ու թեստ մուրում կամ գնում: 

Փաշինյանը մերժված ու դատապարտված է՝ այսպես թե այնպես, եւ, հետեւաբար, միշտ էլ կարող է գտնվել մեկը կամ մյուսը, ով նպաստում է Փաշինյանին հեռացնելուն: ՍԴ հարցով Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող էր մինչեւ հանրաքվեի կայանալը գոնե երկու ամիս թայմ-աութ ապահովել Փաշինյանին, որովհետեւ ամենքն էլ կսպասեին տեսնելու, թե Փաշինյանը Հայաստանում ինչ վստահության քվե ունի, եւ արդյոք նրա վստահության տոկոսը կբավարարի՞ Ղարաբաղի հարցով ստորագրվող որեւէ համաձայնագրի համար Հայաստանում հանրաքվե անցկացնելուն եւ դրական արդյունք ապահովելուն: Ի վերջո եւ մեծ հաշվով, Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է (ինքը դա խոստովանի, թե` ոչ) այդ միակ առաքելությունն իրականացնելու համար: 

Իսկ այն, որ Փաշինյանը գեղջուկի իր շուստրիությամբ կարծեց, թե սահմանադրական հանրաքվեի անցկացումը ձգձգելով, ի վերջո չեղարկելով եւ հասարակության մեջ ունեցած իր վստահության քվեն չպարզելով կարող է ժամանակ ձգել, հետեւանքներ բերող սխալ էր: Փաշինյանի շուստրիությանն ի պատասխան՝ այլոք էլ գուցե որոշեցին, որ անիմաստ է այլեւս Փաշինյանի վրա ժամանակ վատնել, մանավանդ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանի կատարյալ տապալման խորքին, եւ միանգամայն գոհ կլինեն նրան իշխանությունից հեռացած տեսնել: 
Հանրաքվեի նշանակումը, հնարավոր է, միակ փրկօղակն է, որ Փաշինյանին երկու ամսվա թայմ-աութ կտա երկրում գեներացվող իշխանափոխության շարժումներում: