ՔՊ-ն գտել է Ռուսաստանի հակառակ կողմը

ՔՊ-ն գտել է Ռուսաստանի հակառակ կողմը

Նիկոլն ու իր թիմակիցները բյուրեղացնում են իրենց գաղափարախոսությունը, այն նպատակակետը, որի ուղղությամբ շարժվում են` Հայաստանի հպատակեցում եւ թուրքացում: Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի կարող դառնալ, դա անիրականանալի նպատակ է, մանավանդ որ դրան դեմ է նաեւ Թուրքիան, իսկ թուրքական աշխարհի մաս միանգամայն հնարավոր է դառնալ: Դրա համար է վերջին շրջանում ՔՊ-ի քաղաքական-գաղափարախոսական առաջնագծում հայտնվել կուսակցությունում թուրքական շահերի առաջամարտիկ Մարիա Կարապետյանը: Օրերս նա գրել էր․ «Մեր պատմական փորձառության տեսանկյունից Ռուսաստանի «հակառակը» Եվրոպան չէ։ Ռուսաստանի «հակառակը» հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են»։

Ի՞նչ նկատի ունի Մարիա Կարապետյանը, երբ ասում է, որ պատմական փորձառության տեսակետից Ռուսաստանի հակառակը Եվրոպան չէ: Շատ պարզ, ուզում է ասել, որ երբ Ռուսաստանը չէր եկել տարածաշրջան, չէր գրավել Հարավային Կովկասը, այն գտնվում էր ոչ թե Եվրոպայի կամ եվրոպական որեւէ երկրի, այլ Թուրքիայի կամ Պարսկաստանի տիրապետության տակ: Ըստ Կարապետյանի՝ հիմա էլ եթե Հայաստանն ուզում է հակադրվել, պոկվել Ռուսաստանից, դարձյալ հայացքը պետք է ուղղի դեպի Եվրոպա, նաեւ պետք է հարաբերությունները կարգավորի հարեւանների հետ` վերադառնա Թուրքիայի տիրապետության տակ: Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր չկա, Իրանի տիրապետության տակ վերադառնալու հարցը չի քննարկվում, ընդհակառակը՝ իրենք ուզում են Հայաստանը կտրել Իրանից: Դասական իմաստով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ, Թուրքիան ուզում է ոչ թե հարաբերություններ կարգավորել, բարիդրացիություն անել հարեւան Հայաստանի հետ, եթե ցանկանար` վաղուց կաներ, այլ ձգտում է Հայաստան պետության ոչնչացմանը: 

Թուրքիան հիմա ինքը չի ուզում Եվրոպա գնալ, հիմա Թուրքիան սկսել է հարաբերություններ հաստատել Արեւելքի երկրների հետ: Հարցը միայն այն չէ, որ Թուրքիային Եվրոպայում չեն սպասում, տնտեսական առումով եւս Թուրքիան Եվրոպային ոչինչ չունի առաջարկելու` բացի տուրիզմից, սննդի ու թեթեւ արդյունաբերության արտադրանքից: Թուրքիան ուզում է դառնալ միջնորդ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, ուզում է փող աշխատել Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների վրա, Միջին Ասիայի, Ադրբեջանի էներգակիրները Եվրոպա հասցնելու միջոցով: Թուրքիան հիմա էլ է դա անում, բայց թուրքական աշխարհի միջեւ կա միջնորդ`Վրաստանը: Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված են վճարել Վրաստանին: Մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Թուրքիան եւ Ադրբեջանը հսկայական միջոցներ եւ ջանքեր էին գործադրում Վրաստանը հպատակեցնելու, իրենցով անելու ուղղությամբ, բայց առանձնապես մեծ ձեռքբերումներ չունեին: Հիշում եք, չէ՞, որ մինչեւ պատերազմը Հայաստանում ասում էին` տեսեք, թե թուրքերն ինչպես են Աջարիան իրենցով անում, ինչպես է, որ Վրաստանի իշխանությունները, վրացիները դա չեն տեսնում, հիմա Հայաստանը դրանից ավելի վատ վիճակում է հայտնվելու, Հայաստանի թրքացումն ընթանալու է անհամեմատ ավելի արագ, եթե Փաշինյանին հաջողվի իրագործել ծրագրվածը: Պատերազմից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը հասկացան, որ այն միլիարդները, որ դնում են Վրաստանի վրա, կարելի կլինի ծախսել այլ նպատակներով, եթե կարողանան կոտրել Հայաստանի դիմադրությունը, եթե կարողանան առանց միջնորդի ուղիղ կապ հաստատել միմյանց հետ: 

Հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ՝ նշանակում է թուրքական պահանջների կատարում, որը Թուրքիան ներկայացնում է Ադրբեջանի միջոցով: Դա առաջին հերթին Սյունիքից միջանցքի տրամադրումն է Թուրքիային եւ Ադրբեջանին: Չի բացառվում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարեն, որ այդ միջանցքի համար պատրաստ են Հայաստանին ամեն տարի որոշակի գումար տրամադրել: Ինչու եմ այսպես մտածում: Մարիա Կարապետյանի` Ռուսաստանի հակառակ կողմին վերադառնալու քարոզին զուգահեռ եւ փոխհամաձայնեցված, Նիկոլ Փաշինյանն էլ տանում է «լավ ապրելու» հանրային պահանջի բավարարման քարոզը: Լավ ապրելը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում։ Նիկոլ Փաշինյանի՝ լավ ապրելու տեսլականն է․ փորը կուշտ լինի, գրպանում փող լինի: Շուտով նա ասելու է, որ եթե կարող ենք Սյունիքից միջանցք տալ թուրքերին, դրա դիմաց փող վերցնել ու լավ ապրել, ինչո՞ւ, ուրեմն, չվերցնենք այդ փողը, չէ՞ որ մեր համազգային նպատակը լավ ապրելն է: Իսկ առանց փողի ի՞նչ լավ ապրել, ի՞նչ լավ կյանք: Փողը վերցնենք, արդար բաժանենք իրար մեջ ու բոլորով լավ ապրենք, դրանից էլ լավ բա՞ն:

Այնպես որ, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը եւ մյուսները թող պատրաստվեն ոչ թե ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնելուն, հանրաքվեի հարցը ձեւակերպելու է Նիկոլ Փաշինյանը, եւ այն հնչելու է այսպես․ «Ովքե՞ր են կողմ լավ ապրելուն»: Եթե կողմ ես լավ ապրելուն, ուրեմն կողմ ես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, կողմ ես այդ երկրների պահանջների բավարարմանը: Այդ մի հանրաքվեով բոլոր հարցերը կլուծվեն. է՛լ տարածքային զիջումներ, է՛լ սահմանների բացում, զինանշանի ու Սահմանադրության փոփոխության հարցն ընդհանրապես օրակարգից դուրս կգա, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի գրել նոր Սահմանադրություն, երբ այնտեղ ընդամենը գրվելու է, որ մեր նպատակը լավ ապրելն է, զինանշանի վրա էլ պետք է պատկերված լինի խորովածի ու քյաբաբի շշերի խաչաձեւ պատկերը, տակը՝ մի շիշ օղի ու մի բաժակ: Միակ հարցը, որ չի լուծվի, լավ ապրելու հարցն է, դե, ո՞վ է տեսել, որ ստրուկը կամ ճորտը լավ ապրի, բայց դա արդեն Նիկոլ Փաշինյանի ու Մարիա Կարապետյանի խնդիրը չէ:

Ավետիս Բաբաջանյան