Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը

Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը

Մայիսի 4-22-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը, որի նպատակը հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը եւ պահպանումը:

Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․ լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադեւոսյանի 95 եւ մեր ժամանակակիցներից Միխայիլ Կոկժաեւի 75, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով երկար տարիներ չհնչած նրանց ստեղծագործությունները, որոնք թվայնացման եւ կրկին ներկայացման կարիք ունեն։ Կներկայացվեն նաեւ մեր օրերում գրված մի շարք մեծակտավ ստեղծագործություններ, որոնք հնչելու են առաջին անգամ։ 

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը ներառում է 3 համերգային երեկո, որոնց ծրագրերում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Ջոն Տեր-Թադեւոսյանի, Հայկ Բոյաջյանի, Երվանդ Երկանյանի, Միխայիլ Կոկժաեւի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։ 

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը եւ թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը եւ Վահագն Պապյանը։