Տարածաշրջանի կայունացման միակ խելամիտ գաղափարը

Տարածաշրջանի կայունացման միակ խելամիտ գաղափարը

Էլ ի՞նչ ԵԱՀԿ Մինսկի խումբ, էլ ի՞նչ ՄԱԿ ու այլ պարապ, այլասերված, կոռուպցիայի մեջ խրված կառույցներ: Վիրավորական է: ՄԱԿ, որտե՞ղ էիր, երբ մի թուրք լամուկ անդամահատում էր հայուհուն… երբ «հենց այնպես», մի երկու օրում «մսաղաց» նետվեցին 200-ից ավելի լուսավոր հայորդիներ: Հա, հայտնեցիք այդ բռնարարքների, ագրեսիայի անթույլատրելի լինելու մասին, կողմերին կոչ արեցիք՝ դադարեցնել հետագա էսկալացիան: Բայց Հայաստա՞նն է էսկալացիայի գնացել: 

Ըստ Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանի հայտարարության, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն ասել է, որ Իրանը պատմական մղձավանջի կվերածի տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը։ Ավելին, ըստ նրա, փորձագիտական որոշակի շրջանակներ խոսում են Իրանի կողմից Նախիջեւանը գրավելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրանց՝ եթե Իրանը գրավի Նախիջեւանը, ապա դա վերջնականապես կթաղի տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներն ու վերջ կդնի ադրբեջանաթուրքական ծավալապաշտական ծրագրերին։

Դե, եթե Թուրքիային թույլատրված է, այսպես կոչված, անվտանգային գոտիներ ստեղծել, օրինակ, Սիրիայի հյուսիսում, ապա Իրանն ինչո՞ւ չի կարող անել մի բան, որը, ըստ էության, պատմական արդարության վերականգնման քայլ կարող է դիտվել. մինչեւ ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը Նախիջեւանը եղել է Իրանի ենթակայության տակ: Հետեւաբար այսօր, երբ գերտերություններից ստացվում են Հայաստանի լիակատար աջակցության ուղերձներ, խոստումներ առ այն, որ ՀՀ ինքնիշխանության պահպանման, ժողովրդավարության, չեզոք սեռի իրավունքների պաշտպանության եւ այլ սենտիմենտալ ու կասկածահարույց հարցերում հանձնառություն են ստանձնում, ապա բոլորին կարելի է շնորհակալություն հայտնել եւ խնդրել՝ չխանգարել, եթե չեն աջակցելու Իրանին՝ ետ վերադարձնել Նախիջեւանը, որն իրեն է պատկանել մինչեւ 1828 թվականը: Սա էլ կլինի տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման անկյունաքարը, եւ անհրաժեշտություն չի լինի կնքել այդ կասկածելի փաստաթուղթը՝ ինչ-որ խաղաղության պայմանագրի տեսքով:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ