Մի տարի է՝ ուզում ենք հանդիպել քաղաքապետին, չենք կարողանում

Մի տարի է՝ ուզում ենք հանդիպել քաղաքապետին, չենք կարողանում

Երևանի հեծանվահրապարակի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպել չի հաջողվել, փոխարենը զրուցել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ։ 

Հեծանվահրապարակի փոխտնօրենի խոսքով՝ բողոքի ակցիայի պատճառն այն է, որ քաղաքապետարանը ուզում է հեծանվահրապարակի շահագործումը մրցութային կարգով իրականացնել։

«Մենք պրն Վիրաբյանին հարց տվեցինք։ Պրն Վիրաբյան ջան, եթե կոլեկտիվի մեջ ամեն ինչ նորմալ է, եթե հեծանվահրապարակում ամեն ինչ նորմալ է, գումարները չեն կորել, դրանք բոլորը ճիշտ ծախսել ենք, ո՞րն է նպատակը նորից դնել մրցույթի, որ ուրիշը գա շահի։ Ասեմ, որ մրցույթը ամեն տարի է, այսինքն՝ մի տարի կարող է մեկը շահել, մի տարի՝ մեկը, երրորդ տարին՝ մեկը։ Բայց կարող է այնպես ստացվել, որ հաղթողը նույնիսկ ոչ միայն կապ չունենա տվյալ սպորտաձևի, այլ առհասարակ սպորտի հետ, իսկ հեծանվահրապարակը նեղ մասնագիտական կառույց է»,-ասաց հեծանվահրապարակի փոխտնօրենը։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ լրագրողներին հայտնեց, որ վերոնշյալ հեծանվահրապարակի շահագործումը միշտ էլ մրցութային կարգով է իրականացել, այնպես չէ, որ առաջին անգամն է։

«Երկար տարիներ կազմակերպվել է մրցութային կարգով, այսինքն՝ հավասար պայմաններով բոլորի համար հայտարարվել են մրցույթներ, բայց եղել են կետեր, որ բավարարել են միայն այս հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ որպես այդպիսին մրցույթ տեղի չի ունեցել, ուղղակի արվել է կազմակերպության համար՝ հաշվի առնելով որոշ կետեր, որոնք բավարարում էին միայն այս կազմակերպության ներկայացուցիչները։ Բնականաբար այս կազմակերպությունը իր պատմությունով, անցյալով մեծ ներդրում ունի, որ Երևանն այսօր նման հեծանվահրապարակ ունի, բայց համայնքը պիտի առաջնորդվի բոլորի շահերից, համայնքը քննարկում է, որպեսզի տվյալ կազմակերպությունը շահագործելու իրավունք ձեռք բերի մրցութային կարգով, տվյալ կազմակերպությունը նույնպես իրավունք ունի մասնակցելու այդ մրցույթին, մանավանդ, որ նրանք առավելություն ունեն, քանի որ երկար տարիներ իրականացրել են այդ ծառայությունը»,-ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ հեծանվահրապարակի ներկայացուցիչը, որի հետ քիչ առաջ հանդիպում է ունեցել, խնդրել է, որ մրցութային կարգում փոփոխություններ կատարվեն։

«Հիմա էս պահին կարգը չի բավարարում իրենց և իրենք կարծում են, որ այդ կարգում պիտի փոփոխություններ արվեն և կարգը, այսպես ասած, հարմարեցնեն իրենց, այսինքն՝ անել այնպես, որ իրենք լինեն բացարձակ կազմակերպիչը և տնօրինողը։ Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը ճիշտ չի։ Եթե այդ կազմակերպությունը կարծում է, որ իրենք լավագույնն են, թող մասնակցեն մրցույթին և շահեն»,-ասաց Վիրաբյանը։