Դասագիրքը 3-րդ կողմի անկախ փորձագետներն են քննում` անունները գաղտնի են պահվում

Դասագիրքը 3-րդ կողմի անկախ փորձագետներն են քննում` անունները գաղտնի են պահվում

ԿԳՄՍ նախարարությունը մոտ 2 շաբաթ առաջ ներկայացրեց «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումները՝ մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների եւ դիտարկումների վերաբերյալ: Ամփոփաթերթով ներկայացված հեղինակի պարզաբանումները 133 էջ են, մի սյունակով ներկայացված են դասագրքի առնչությամբ արված դիտարկումները, 2-րդ սյունակով՝ հեղինակի պատասխան-առարկությունները, 3-րդով՝ համաձա՞յն է հեղինակը դրանց հետ, թե՞ ոչ։ Մասնավորապես, Ս․ Հովհաննիսյանը 121 կետով արձագանքել էր «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացրած մասնագիտական եզրակացությանը, 129 կետով պատասխանել էր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին եւ 13 կետով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտարկումներին։ Ընդհանուր առմամբ, դասագրքի հետ կապված՝ 263 դիտարկում էր արել, որոնց մեծ մասի հետ հեղինակը ոչ թե համաձայնել էր, այլ ընդամենն իր պարզաբանումներն էր ներկայացրել։

Ի դեպ, անգամ այս փուլում պատմաբաններից շատերը շարունակում են հրապարակել դասագրքի հետ կապված իրենց մասնագիտական դիտարկումները եւ փաստարկները: 

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ինչպես է վճռվելու դասագրքի ճակատագիրը, երբ բոլոր կողմերն արդեն ասել են իրենց խոսքը: Նա նշեց, որ նախարարի մոտ` բոլոր կողմերի մասնակցությամբ վերջին քննարկումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր դիտարկումները ներկայացնելուց հետո հեղինակը դրանց ծանոթանալու է ու ներկայացնելու է ամփոփաթերթի տեսքով, թե որոնք են ընդունվում, որոնք` ոչ: Քանի որ հեղինակն արդեն ներկայացրել է իր պարզաբանումները, ապա հաջորդ փուլով փոփոխված դաագիրքը, առկա պարզաբանումներով հանդերձ, ներկայացվել է 3-րդ կողմին. «Դասագիրքը ներկայացվել է այս գործընթացում չներգրավված 3-րդ կողմին` մասնագիտական կարծիք ստանալու համար: Առաջիկա օրերին սպասում ենք, որ կստանանք փորձագիտական կարծիքները: Եվ, ինչպես գիտական աշխատանքներում է լինում, անհամաձայնությունների դեպքում, արդեն 3-րդ կարծիքի հիման վրա, որոշում կկայացնենք դասագրքի հետագա գործածության վերաբերյալ, այսինքն՝ արդյոք անհրաժե՞շտ է փոփոխություններ անել, թե՞ անհրաժեշտ է վերահրատարակել դասագիրքը: Հիմա գտնվում ենք այս փուլում, երբ սպասում ենք 3-րդ փորձագիտական կարծիքին, որպեսզի կարողանանք շարժվել առաջ»:

Ենթադրենք, այս փուլում էլ հեղինակի եւ փորձագիտական խմբի կարծիքները մի շարք հարցերի շուրջ եղան իրարամերժ ու տարբեր, ի՞նչ է անելու ԿԳՄՍՆ-ն, այսպես ինչքա՞ն կարող է ձգձգվել գործընթացը։ «Այս փուլում մեզ համար ավելի վճռորոշ է լինելու փորձագետի կարծիքը, որը լինելու է դասագրքի երաշխավորման կամ փոփոխության վերաբերյալ»: 

Վերջին հաշվով, փորձագիտական խմբի տված եզրակացությա՞ն, թե՞ նախարարի որոշման համաձայն է որոշվելու դասագրքի ճակատագիրը։ «Լինելու է նախարարի որոշումը, բայց բոլոր կարծիքները համադրելու արդյունքում` հեղինակի, մասնագիտական համայնքի, 3-րդ կողմի»։ 

ԿԳՄՍՆ-ից հրաժարվեցին ասել, թե ովքեր են 3-րդ կողմի փորձագետները. «Դա հրապարակման ենթակա չէ, գաղտնի օպոնենտի տարբերակով է, այն էլ՝ այս փուլում, երբ տարբեր թիրախավորումների եւ ճնշումների վտանգ կա»:
Փորձագիտական կարծիքներ ներկայացնող 3-րդ կողմը ոլորտի մասնագետներ են, որոնք մի խմբում ներգրավված չեն, այլ առանձին-առանձին իրենց մասնագիտական կարծիքներն են տրամադրելու նախարարությանը. «Մենք այստեղ պետք է մաքսիմալ պահպանենք գաղտնիության բոլոր սկզբունքները եւ մեկը մյուսի վրա ազդեցություն ունենալու բոլոր փորձերը: Դրա համար օբյեկտիվության համար մենք իրարից անկախ մի քանի մասնագետի ենք ուղարկել դասագիրքը` առաջարկվող փոփոխություններով հանդերձ, այսինքն՝ ոչ թե խումբ է աշխատում, այլ իրարից անկախ մասնագետներ, որոնք միմյանց մասին չգիտեն»:    

Անկախ փորձագետների մեջ կա՞ն այնպիսիք, ովքեր հենց մասնագիտական համայնքի կողմից իրենց դիտարկումներն են ներկայացրել հեղինակին։ «Չեմ կարող ասել, որովհետեւ նույնիսկ ես չգիտեմ, թե ում է ուղարկվել փորձաքննության, նրանց միայն նախարարը գիտի, ուրիշ ոչ մեկը»,- նշեց ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: