Եթե չլսեն մեր խորհուրդները, այս իշխանությունը շատ շուտ վարկաբեկվելու է

Եթե չլսեն մեր խորհուրդները, այս իշխանությունը շատ շուտ վարկաբեկվելու է

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներին խիստ մտահոգում է ոչ միայն ներկայիս ներքաղաքական վիճակը, այլև՝ արտաքին, մասնավորապես'Արցախի հարցը: Կուսակցության անդամներն այսօր հանրապետության երկրորդ քաղաքում էին: «Ապրիլ-մայիսյան իրադարձությոններից մեկուկես տարի է անցել, ժողովրդի հետ միասին հույսով սպասել ենք արմատական փոփոխությունների, առհասարակ, մեծ ակնկալիքներ ունեինք, ցավոք սրտի, ամեն ինչ դոփում է տեղում: Արմատական փոփոխություն էինք ակնկալում նաև Արցախի հարցում, սակայն ներկայիս հայեցակարգը, որով առաջնորդվում ենք, իրականում փակուղային է, տանելու է լարումների, նորանոր ռազմական բախումների: Մեր աչքի առաջ զոհերը շարունակվում են, բանակը կարգի չի գալիս, հնարավոր չէ ասել` Արցախը Հայաստան է, եւ գնալ, մադրիդյան սկզբունքներով բանակցել: Հիմա էլ նախագահական ընտրությունների թատրոն են խաղում Արցախում: Այսօր ռեալ ծրագրեր կան Արցախը մեզանից դե յուրե եւ դե ֆակտո անջատելու, ուստի պետք է այս թատրոնի վերջը տալ եւ համախմբվել միացման համար»,- քաղաքական իրավիճակին նման գնահատականներ տալով՝ ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը` Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում:

Կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ իր համար անընդունելի է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, որը տանում է գաղութացման:

«Պատերազմի տարիներն ամենից ազատ տարիներն էին: 91-ին մեզ հնարավորություն ընձեռվեց ձերբազատվել այդ կեղեքող համակարգից, 94-ից հետո հետ վերադարձանք այդ ճիրանների մեջ: Ես ուզում եմ իրազեկել, որ այժմ մենք գտնվում ենք շատ վտանգավոր պահի: Եթե մեկ տարի առաջ մեզ ասում էին, որ նախկին քաղաքական ուժերն ինչքան էլ համախմբվեին, գումարը զրո է, ապա առաջիկա ամիսներին այդպես չի լինելու, որովհետև գործող իշխանությունների արմատական փոփոխությունների բացակայությունն է բերել դրան: Եթե չլսեն մեր խորհուրդները, այս իշխանությունը շատ շուտ վարկաբեկվելու է: Ահազանգում եմ՝ մեր երկրի ներսում հեղաշրջում է սպասվում: Դժբախտաբար, գործող իշխանությունը ոչ միայն քայլ չի անում, այլև մեզ զրկել են դրանից: 11 ամիս է՝ Հանրային հեռուստաընկերությունը մեզ չի հրավիրում եթերի, ում ասես հրավիրում են՝ շարմազանովներ, աշոտյաններ, բայց ոչ մեզ: Մենք նոր բևեռ ենք ձևավորում, որ երբ իշխանությունները չկարողանան զսպել սպասվող հեղաշրջումը, մենք չթողնենք, անցյալին վերադարձ այլևս չի լինելու»,-նշեց կուսակցության ղեկավարը: