Ինչու էին մարդիկ առանց տրանսպորտ մնացել․ CPS-ը ևս պարզաբանում է

Ինչու էին մարդիկ առանց տրանսպորտ մնացել․ CPS-ը ևս պարզաբանում է

Վաղ առավոտից Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում։ Մի  շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսների ու երթուղայինների վարորդները դժգոհում էին, որ արդեն տևական ժամանակ է ՝ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի: Վարորդների պնդմամբ՝ նախկինում սովորաբար աշխատանքային օրվա ավարտին՝ երոկոյան են լիցքավորել մեքենաները, որպեսզի առավոտյան կրկին դուրս գան աշխատանքի, սակայն տևական ժամանակ է խնդիրներ են առաջացել, վառելիք կամ ընդհանրապես չի հասնում, կամ հասնում է առավոտյան, ինչը աշխատանքային մի շարք խնդիրներ է առաջացնում վարորդների համար։

Վարորդներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Առավոտյան գրեթե 6-ից աշխատում ենք մինչև ուշ երեկո։ Եթե վառելիքը չենք լցնում երեկոյան, ապա դա մեզ համար մի շարք խնդիրներ է առաջացնում։ Առավոտյան ենք այդ դեպքում լցնում, հսկայական հերթեր են գոյանում, ինչի արդյուքնում էլ առհասարակ տապալվում է ողջ օրվա գրաֆիկը»։

Մենք առավոտյան գրել էինք, որ քաղաքապետարանին ավտուբուսների համար վառելիք է տրամադրում CPS ընկերությունը։  Վարորդների պնդմամբ՝ իրենք հստակ չեն կարող ասել՝ իրականում ինչ խնդիր է առաջացել վառելիքային ընկերության ու քաղաքապետարանի միջև, սակայն ենթադրում են՝ ինչ է տեղի ունեցել։

«CPS ընկերությունը հստակ չգիտենք՝ երբ է պայմանագիր կնքել, բայց երևի կնքել է վառելիքային նախկին գներով։ Մենք սալյարկա ենք լցնում հիմնականում։ Գիտեք՝ որ վառելիքի գները բարձրացել են, իսկ պայմանագիրը ամենայն հավանականությամբ կնքվել է նախկին գներով։ Դե երևի էդ է պատճառը, որ չեն կարողանում համաձայնության գալ։ Մենք հո չենք դնելու էդ հարցերն էլ մենք լուծենք, դա արդեն իշխանությունների, քաղաքային իշխանության հարցն է, իրենց խնդիրն է, մենք դրա համար փո՞ղ ենք ստանում, որ էդ հարցն էլ լուծենք, բա այնտեղ նսած էդքան աշխատողը ինչով են զբաղբում»,- ասաց վարորդներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում։

CPS-ից մեզ հայտնեցին․ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությունը՝ CPS–ը, պաշտոնապես հայտարարում է, որ մշտապես կատարել է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությանը վառելիքի մատակարարման հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները։ Ավելին, մենք մշտապես աջակցել ենք մեր գործընկերներին՝ ապահովելով ֆինանսապես ավելի լավ պայմաններ, քան նախատեսված էր պայմանագրով։ Դա եղել է CPS–ի բարի կամքի դրսևորումն ու գործընկերային էթիկան։ Մասնավորապես, ելնելով 2020թ. ստեղծված իրավիճակից (կորոնավարակ)՝ մենք զգալիորեն նվազեցրել ենք մրցույթով սահմանված վառելիքի գները, թեև ըստ պայմանագրի կարող էինք դա չանել։ Մեր որոշման արդյունքում «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունն ունեցել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:

Ներկայիս մատակարարման գինը հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող այդ ընկերությանը բացառիկ ցածր է։ CPS–ը դիզելային վառելիքը «Երևանի Ավտոբուս»–ին վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, ինչը զգալիորեն ցածր է շուկայականից և ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում չթանկացնել ուղևորափոխադրման գինը մեր քաղաքացիների համար։

«Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման և վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետևանքով «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար:

Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Մեզ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել անհաղթահարելի ուժի ազդեցության թեմաներով:
Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12–ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է)։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մրցութային մատակարարման պայմանագրով CPS–ի կողմից ոչ միայն սպասարկվում է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այլ նաև «Երևանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ  ընկերությունը, Երևանի վարչական շրջանները և այլ հիմնարկ-ձեռնարկությունները և նրանցից որևէ մեկը չի բողոքում մեր մատակարարումներից, քանզի կողմերը կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները»։