Ո՞րն է այլընտրանքը

Ո՞րն է այլընտրանքը

Կարդում եմ հրադադարի պայմանավորվածության մասին հանրային արձագանքները եւ զարմանում՝ կան մարդիկ, որոնք մեղադրում են հրադադարի պայմանավորվածությունը, կարծում են, որ դա պարտություն է՝ կոչ են անում ամեն գնով շարունակել պատերազմը եւ ռեւանշի հասնել։ Սրանք, կարծում եմ, այն մարդիկ են, որոնք ռազմի դաշտում հարազատներ չունեն, իսկ ուրիշի որդուն, հորը, եղբորը կարելի է զոհել հանուն հայրենիքի, հերոսացնել, գովերգել, մի քանի օր արցունք թափել եւ մոռանալ։

Նրանք չեն կարծում, որ մարդկային կյանքն ամենաթանկ բանն է այս երկնքի տակ, եւ եթե գեթ մեկ զինվորի կյանքը պիտի փրկվի, ուրեմն արժե հրադադարի պայմանավորվածության գնալ։ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Մեկամսյա պատերազմի այլընտրանքն առավել երկարատեւ պատերազմն է՝ Սիրիա եւ Լիբանան դառնալը։ Մենք պատրա՞ստ ենք նման ճակատագրի, ունե՞նք այդքան ռեսուրս, այդքան գենոֆոնդ, որ զոհաբերենք պատերազմի աստծուն։ Եվ արդյոք այդ երկարատեւ ու արյունաքամ անող պատերազմը, ի վերջո, հանգեցնելո՞ւ է հաղթանակի։ Թեեւ, անկեղծ ասած, երբ մարդիկ են մեռնում այլեւս ի՞նչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել։ Մի՞թե հողը մարդկային կյանքից ավելի թանկ է։

Բայց ենթադրենք, որ մենք ազգովի որոշեցինք չկնքել հրադադար եւ մայր ու մանուկ, կին ու տղամարդ մեկնեցինք ռազմի դաշտ՝ մեր կրծքով ու ձեռքերով թշնամու ԱԹՍ-ների դեմ կռվելու։ Ի վերջո, երբ ընտրությունն ազատության, անկախության կորստի եւ կյանքից զրկվելու միջեւ է, մեծ թվով մարդիկ ընտրություն կկատարեն հօգուտ մահվան։ Բայց արդյոք մենք կկարողանա՞նք այս կռիվը շարունակելով հասնել գերնպատակին։ Իսկ գուցե կռվի շարունակությունն այս պահին գերնպատակի էլ ավելի կորստի՞ կբերի։ Խելամիտ որոշումներ խելացի ազգերն են կայացնում, ինչպես նաեւ խելացի իշխանություն ընտրում։