Երկու իրականություն

 Երկու իրականություն

Նախօրեին բոլորիս ցնցած լուրը՝ 19 գերիների մահվան մասին, մեզ նորից հիշեցրեց, որ պատերազմն իրականում ավարտված չէ, եւ մեծ թվով մարդիկ, ում հարազատներն անհետ կորած են կամ գերեվարված, ապրում են իսկական մղձավանջի մեջ։ Եվ այդ մղձավանջի մեջ լսել, թե ինչպես են քաղաքական ուժերը քննարկում ընտրական դաշինքների հարցը, ինչպես է երկրի վարչապետը հոխորտում ԱԺ ամբիոնից եւ բոլորի բերանը փակելով՝ սպառնում մի օր ստանձնել Արամ Մանուկյանի լիազորությունները եւ պատերի տակ գնդակահարել ընդդիմախոսներին, առնվազն սրբապղծություն է։

Հայաստանում ինչ-որ պահից երկու իրականություն է գոյացել․ մեկը պատերազմից անկորուստ դուրս եկածների իրականությունն է, որի մեջ նախեւառաջ իշխանության մեջ գտնվող ամբարտավաններն են, որոնք մեղքի ու զղջումի զգացում չունեն եւ այսօր միայն իրենց վերարտադրվելու մասին են մտածում։ Մյուսը զոհվածների ու անհետ կորածների, գերիների ու հաշմանդամների ընտանիքների, սահմանին բնակվողների, արցախցիների իրականությունն է, որն օրեցօր ավելի ու ավելի է հեռանում կուշտ կերած, ավտոմեքենաներով շրջող, պարգեւավճարներ ստացող եւ ընտրությունների պատրաստվող զանգվածի իրականությունից։

Իհարկե, մի երրորդ զանգված էլ կա, որին պատերազմն ու կորուստներն անմիջականորեն չեն հարվածել, բայց որը գիտակցում է, թե ինչ աղետի մեջ ենք հայտնվել եւ ինչպիսի՝ էլ ավելի մեծ աղետ է մեզ սպասվում առաջիկայում, եթե անմեղսունակ ու անհայրենիք այս զանգվածը վերարտադրվի։ Եվ եթե մեր պետությունը շարունակի կառավարել մի մարդ, ով օրեցօր ավելի ու ավելի քիչ է տիրապետում իր էմոցիաներին, բայց ավելի ու ավելի է հմտանում մանիպուլյացիաների հարցում եւ սուտ ասելու կոմպլեքս էլ չունի։ Ընդամենը իր առաջ խնդիրներ է դնում եւ դրանք ցանկացած գնով լուծում։