Հարկայց Կանո․ Նախազգացում

Հարկայց Կանո․ Նախազգացում

Հարկայց Կանոն (ծնվ. 1975թ.) Բասկերի Երկրի ճանաչված արվեստագետներից է՝ ոչ միայն որպես բանաստեղծ, այլեւ՝ արձակագիր, թարգմանիչ, վավերագրող ու արվեստի տեսաբան: Գրականությունից բացի, նրա ստեղծագործական հետաքրքրությունների ծիրում են թատրոնը, կինոն, երաժշտությունն ու պարը: Կանոյի ստեղծագործություններն աչքի են ընկնում քննադատական խորաթափանցությամբ եւ գեղարվեստական նրբագեղությամբ՝ բացահայտելով ընթացիկ գլոբալ խնդիրների, Էուսկադիի խճճված պատմության եւ ժամանակակից աշխարհում հին լեզվի գոյատեւության տարբեր ասպեկտներ: Գրողի արձակն ու պոեզիան թարգմանվել են տասնյակ լեզուներով, ներառյալ Fakirraren ahotsa եւ Twist и Belarraren ahoa վեպերը: Երեք անգամ արժանացել է Էուսկադիի եւ չորս անգամ՝ Իսպանիայի ազգային քննադատության մրցանակին: Նրա տեքստերը հրապարակվել են The New Yorker եւ The Indian Quarterly պարբերականներում, դասախոսել է Չիկագոյի համալսարանի EQZE կինոդպրոցում: Կանոյի բանաստեղծությունների ժողովածուն հրատարակության է պատրաստվում «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնում: 

Ի՜նչ թեթեւացում։
Դու ծառ ես
ու չես կարող հետեւել ինձ:
Ֆելիքս Ֆրանցիսկո Կազանովա(1),
եթե ծառից ընկնող պտուղը
ժամանակ ունենար հրաժեշտ տալ ծառին՝
իր բոլոր կենսական օրգաններով հանդերձ,
ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Ով արժանի կլինի բացատրության,
կստանա:
Երանի մարդիկ գրկեին իրար, եւ մենք էլ՝ իրար,
մեր ընկերներին ու թշնամիներին,
գրկեինք ամուր՝ սեղմելով ուսերն ու 
պարանոցը:
Նայիր ժամացույցին եւ խորը շնչիր, 
ժամանակն է։
Ահա ինչպես են սկսում ձախողվել 
պատմությունները բոլոր։
Անհայտ մի բնակարանում,
ինչ-որ մեկը գզրոցներում
դավաճանության մասին նամակ է փնտրում:
Չբավարարվելով՝ նա նկարներն է շրջում դեպի պատը,
փչացնում բանալու անցքերը,
քաշում վարագույրները, որ տեսնող չլինի։
Ամեն ինչ շատ հանգիստ է, քեզ տեսնում են միայն
ուրվականների քարտուղարները։
Այժմ դու գիտես՝
ինչ պետք է անես:
Դու կանխատեսում ես, թե ինչ կլինի
եւ դուրս ես գալիս աշխարհի խաչմերուկից,
որ քեզ հետ կապված նախազգացումը 
չիրականանա։
Վերեւում գտնվող ինքնաթիռը սպիտակ ծխով գրում է.
ԱՊԱՇԽԱՐԵԼ ԱՊԱՇԽԱՐԵԼ ԱՊԱՇԽԱՐԵԼ
Ապաշխարե՞լ՝  ինչի համար:
Քար լռություն։

Դու քաշում ես վարագույրները: 
Զարմանում ես՝
մի՞թե ստվերները կարելի է ճանաչել դրսից։
Դու չես ուզում մոտենալ պատուհանին, 
Գերի Կուպերի(2) պես
գլխարկդ պահում ես ատրճանակի ծայրին
այնպես, իբր թե ծածուկ նայում ես ժայռերի ետեւից:
Նրանք կխաբվե՞ն:
Կարծում ես՝  նրանք կկրակե՞ն 
գլխարկի վրա:
Շատ միամիտն ես։ Դու չես խաբի
նետաձիգին նման էժանագին հնարքով։
Իրականում նա Նավահո(3) է, ով 
չի վրիպում:
Մուգ մազերով մի աղջիկ զանգը հնչեցնում է, եւ դու
արդեն պատրաստ ես ծվեն-ծվեն անել
տասը տարվա հավատարմությունը: 
Ի՞նչ պատահեց այն ժամանակ,
երբ կարող էիր ցավալի ճշմարտություններ ասել,
բնականաբար։ «Խոհանոցում չէ,- 
ասում ես,-
գնանք ննջասենյակ՝ աշխարհի եւ 
հայելիների
խաչմերուկից հեռու»:
Եթե պահվեր անկման հետ կապված փոքրագույն հիշողությունը,
եթե պտուղները ճյուղերից այդքան շուտ չընկնեին,
նրանց նայելով, հավանաբար, 
տիեզերագիտության մեջ
կհայտնաբերեինք ավելի լավ 
համաստեղություններ՝
խնձորներից եւ «մայր ու ձագերից» 
ձեւավորված Բազումք(4), Փոքր արջ
եւ Հարդագողի այլ ճանապարհներ․
վերջապես,
մեր աշխարհում կողմնորոշման համար 
մի վայր գտանք:
Դուք հանում եք մեկդ մյուսի շորերը եւ զբաղվում սիրով
առանց որեւիցե բառի։
Սիրուհուդ թողնելու 50 եղանակ կա՝ 
գրամոֆոնի միջոցով
կամ այլ երգերով, որոնց համար
ստիպված չես լինել վճարելու։
Նա ծառ չէ, այդ իսկ պատճառով
նա հետապնդում է քեզ:

1․ Ֆելիքս Ֆրանցիսկո Կազանովա (1956-1976 թթ․) - իսպանացի բանաստեղծ, ռոքեր եւ գրող
2․ Գերի Կուպեր (իսկական անունը՝ Ֆրանկ Ջեյմս Կուպեր (1901-1961թթ․)) -  ամերիկացի դերասան
3․ Նավահո (ինքնանվանումը` դենե, դինե) - Հնդկացիական ցեղ, որ հիմնականում բնակվում է ԱՄՆ-ի տարածքում։ Նավահո ցեղի լեզուն աթաբասկյան լեզվաընտանիքից է։
4․ Բազումք (բույլք, պլեադներ) - Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից մեկը, հեռավորությունը՝ շուրջ 130 պս, տրամագիծը՝ 10 պս-ից քիչ ավելի։

Թարգմանությունն անգլերենից՝ Քրիստինե ՔՈՉԱՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ