Օրհներգի նոր տարբերակը մրցակից ունի

Օրհներգի նոր տարբերակը մրցակից ունի

ԱԺ-ում հերթական սուրբ երրորդությունն է ձեւավորվում, այս անգամ՝ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի եւ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Չուզողները հիմա կասեն՝ ոնց էլ իրար գտել են… Իսկ ես, որ շատ լավ գիտեմ, թե նրանք ինչպես են իրար գտել, եւ մեր երկրի լավն եմ ուզում, կբավարարվեմ այս տրիոյին անկեղծ ողջույններս հղելով: Կեցցեք, բա ի՞նչ, իսկը ժամանակն է Հայաստանի օրհներգը փոխելու: Մի քիչ էլ, ու կուշանայինք «խաղաղության խաչմերուկին» հարիր օրհներգ ունենալուց: Փառք Աստծու, հայ ժողովրդի պանծալի զավակներ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Ալեն Սիմոնյանն արդեն ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Հեսա տեսեք, ինչ ենք անելու, հեսա տեսեք՝ ոնց ենք մատ անելու աշխարհին, երբ փոփոխված օրհներգը թնդացնենք Նիկոլի մասնակցությամբ տեղական եւ միջազգային միջոցառումներում:

Չնայած իմ բուռն սպասումներին՝ պարզվեց, սակայն, որ այս տրիոն պատրաստվում է ընդամենը մուկ ծնել, այսինքն՝ ոչ թե փոխել օրհներգը, այլ փոխել քառատողերի հերթականությունը: Երեք պատգամավոր հավաքվել են, որ մի քառատող տանեն վերեւ ու մի քառատող ներքեւ իջեցնեն: Ում պատմես՝ չի հավատա: Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե այս տրիոյից ով է գեղարվեստական ղեկավարը՝ Սիսա՞կը, Թագուհի՞ն, թե՞ Ալենը: Խոսքն ի վերջո «բանաստեղծություն» եւ «երաժշտություն» հասկացությունների մասին է, դրանց համադրության, իսկ դրանով սովորաբար բանաստեղծներն ու կոմպոզիտորներն են զբաղվում: Ես, օրինակ, չլինելով ո՛չ մեկը, ո՛չ մյուսը եւ անգամ օրինագծի համահեղինակ չլինելով, արդեն սկսեցի վախենալ՝ սրանք մի օյին չբերե՞ն մեր գործող օրհներգի գլխին, ինչպես դա արեցին Արցախի գլխին, Կիրանցի գլխին, Գորիս-Կապան ճանապարհի գլխին, Սեւ լճի գլխին, Ջերմուկի գլխին, ինչու ոչ՝ կոռուպցիայի գլխին, Բալասանյան դաշինքի գլխին, Երեւանի տրանսպորտի գլխին: Ինչի ձեռք են տալիս, չորանում է, էլի, եսիմ:

Տրիոն որպես սկզբունք որդեգրել է այն գաղափարը, որ մեր օրհներգը պետք է ավարտվի բարձր նոտայի վրա: Ահա եւ առաջարկել են իրենց կարծիքով մահվան տեսիլքներ պարունակող քառատողը, որտեղ ասվում է՝ «Ամենայն տեղ մահը մի է, -Մարդ մի անգամ պիտ մեռնի, -Բայց երանի, որ յուր ազգի -Ազատության կզոհվի», տանել, կորցնել մեջտեղներում, իսկ օրհներգն ավարտել «-Նայիր նրան երեք գույնով, -Նվիրական մեկ նշան -Թող փողփողի թշնամու դեմ, -Թող միշտ պանծա Հայաստան» քառատողով: Սիսակն ասել է՝ մենք այդպես ենք նպատակահարմար գտնում: Այսինքն՝ գեղարվեստական ճաշակի մասին կարելի է մոռանալ, որովհետեւ տրիոն այլեւս «նպատակահարմար է գտել» աղավաղել բանաստեղծությունը եւ օրհներգի՝ սերունդներին ուղղված բուն ասելիքը «ճխտել» մի տեղ, այնքան, որ լինի: ՔՊ-ական մտածողություն՝ ուրիշ ի՞նչ ասես սրան:

Իսկ հիմա ենթադրենք, որ տրիոյի «նախաձեռնությունը», խութերի չհանդիպելով, դառնա օրենք ու պաշտոնական օրհներգ, որն ավարտվում է «Թող միշտ պանծա Հայաստան» տողով: Բայց չմոռանանք, որ վերջերս մենք «լրջորեն» քննարկում էինք «Հայաստան» եւ «հայրենիք» հասկացությունների փոխկապակցվածության հարցը եւ կանգ առանք այն կետում, որ հայրենիքը պետությունն է, այն էլ՝ ոչ այն պետությունը, որ մինչ այդ ունեինք՝ Արցախով, Կիրանցով, Սեւ լճով-բանով, այլ առանց այդ «ավելորդությունների՝ «իրական» պետությունը կամ «իրական Հայաստանը»: Եվ, ուրեմն, առանց «իրական» բառի ինչպե՞ս հասկանանք «Թող միշտ պանծա Հայաստան» արտահայտությունը:

Տրիոն մոռացել է նաեւ հեծանիվի մասին, հանրության շրջանում այդ հրաշք «գործիքը» պրոպագանդելու ու ամեն առիթով հեծանվավարելու անհրաժեշտության մասին: Նիկոլը հաստատ դժգոհ կմնա օրհներգի նոր խմբագրումից, եւ, քանի որ Ալեն Սիմոնյանի կարծիքով նոր օրհներգը պետք է ավելի հայկական լինի եւ ավելի սերտ կապ ունենա պետության հետ, կհանդիմանի վերջինիս՝ իսկ ո՞վ ասաց, որ հեծանիվը հայերը չեն ստեղծել: Մի խոսքով, տրիոյի նախաձեռնությունը լիքը բացեր ունի, որոնք պետք է ամենայն լրջությամբ քննարկել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:

Եվ, ահա, որպեսզի օրհներգի պատգամավորական տարբերակը միայնակ չմնա ԱԺ-ում եւ հընթացս չքվեարկվի ՔՊ-շնիկների կողմից, որոշեցի համապատասխան հանձնաժողով մուտքագրել նաեւ իմ տարբերակը, որտեղ, կարծում եմ, ավելի ճիշտ է արտացոլված թե՛ իրական Հայաստանը, թե՛ իրական Հայաստանի ապագան եւ թե՛ իրական Հայաստանի վարչապետը: Ծանոթացեք, խնդրեմ.

Ջան, իրական մեր Հայաստան,
Խաղաղության խաչմերուկ,
Էլ ի՜նչ բանակ, ֆլան-ֆստան,
Կեցցե ելակ, ձմերուկ…

Ահա, եղբայր, քեզ մի քարտեզ,
Որ իմ ձեռքով շինեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Ֆաներայից կտրեցի:

Նայիր նրան, դեղին գույնով,
Հասած տանձի մի նշան,
Քոչվոր ցեղեր ոտքի կանգնել,
Անպակաս է թամաշան:

Չեղած տեղը, երբ ճար չունես,
Խնձորն էլ է անանաս,
Մեր տանձին չէ, թեկուզ ասեն՝
Ազգակործան պատուհաս:

Ի՞նչ ասել է՝ փառք ու պատիվ,
Կամ գիտություն բարձր ու մեծ,
Եկ հորինենք նոր հեծանիվ,
Խաբենք իրար միշտ անկեղծ: