Ինձ մոտ տպավորություն է, որ եթե երկրորդ Քրիստոս ծնվեր Հայաստանում՝ փոքր ժամանակ քարերով կսպանեին

Ինձ մոտ տպավորություն է, որ եթե երկրորդ Քրիստոս ծնվեր Հայաստանում՝ փոքր ժամանակ քարերով կսպանեին

«Տպավորություն է ստեղծվել, որ հանրությունը դերակատարում չունի հայրենիքի կյանքում, ընդհանրապես որևէ դերակատարում չունի», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Նա այդ եզրակացության հանգել է մարդկանց հետ զրուցելու արդյունքում` մարդիկ հասկանում են, որ ոչ մի դերակատարում չունեն ու չեն կարող ունենալ։

«Շատ լավ հասկանալով, որ այսօրվա իշխանությունները տանում են դեպի հայրենիքի վերացում, միևնույն ժամանակ և Նիկոլի կողմնակիցները, և ընդդիմադիրները՝ խոսքս քաղաքական գործիչների մասին չի, այլ ժողովրդի, համոզված են, որ երբևէ Հայաստանը չի եղել այսպիսի կարգավիճակում, որ ժողովրդի ձայնը զրոյական լինի։ Այսինքն, այսօրվա դրությամբ համոզվածություն կա, որ եթե նույնիսկ 3 միլիոն հայեր դուրս գան փողոց, ասեն` Նիկոլ հեռացիր, Նիկոլն ասելու է՝ ես դեմոկրատական ընտրված եմ, մնալու եմ մինչև վերջ»,-ասաց հոգեբանը։

Իսկ ինչու  է հանրությունը համոզված, որ միասնաբար ոտքի կանգնելու դեպքում ոչնիչ հնարավոր չէ փոխել, Մադաթյանն ասաց, որ 2018 թվականից կանոնները թելադրվեցին համացանցի միջոցով, համացանցի միջոցով ստեղծվեց ֆեյքային մի իրավիճակ, որտեղ դեմոկրատիկ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իսկ հետո ստյոպասաֆարյանական բանակների ու Վիետնամից ֆեյքերի միջոցով քանակ ապահովեցին՝ համացանցում տպավորություն ստեղծելով, թե Նիկոլ Փաշինյանն ամենադեմոկրատիկ կերպարն է Հայաստանում։

«Հիմա համացանցային պատկերն ու իրական պատկերը իրարից տարբերվում են, բայց միևնույն ժամանակ` ուզենք, թե չուզենք, համացանցից ինչ-որ ինֆորմացիա ենք վերցնում, պատկեր ենք վերցնում, և ստացվում է, որ չես կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Դրա վառ օրինակը եղավ անցած ամռանը, երբ դեմոկրատիայի բաստիոն իրենց հայտարարած այս իշխանությունը փողոցում 50 հազարից ավել մարդու գտնվելու պարագայում, Եվրոպայի դեսպանի պատուհանի տակ կրակեց միտիգավորների վրա և այնպիսի տպավորություն էր` և աշխարհում, և Հայստանում, կարծես թե այդպես էլ պիտի լիներ։ Հայաստանի համար 50 հազար մարդը` ոնց որ Ֆրանսիայի դեպքում մեկ միլիոն մարդը։ Ու լռել այս հարաբերակցության դեպքում նշանակում է մարդուն բերել մի դաշտ, որտեղ ինքը հասկանում է, որ ոչ մի հարց չի կարող լուծել, ի վերուստ իրենց տրված է կորցնել այս հայրենիքը և մարդուն մնացել է հիմա ընտանիքում սեղանների շուրջ Նիկոլ հայհոյելը, տաքսու մեջ, տաքսու վարորդներից սկսած` Նիկոլ հայհոյելը։ Մի քանի օր առաջ հետաքրքիր միջադեպ եղավ, մի  տաքսու վարորդ էր` ընդդիմադիր հայացքներով, ասաց, այ ցավդ տանեմ, նիկոլական եմ ման գալիս մի երկու բառ ասեմ, ով նստում է տաքսիս՝ սաղ ընդդիմադիր են»,- նշեց Մադաթյանը։

Մադաթյանի կարծիքով, իհարկե, Նիկոլ Փաշինյանը դեռ կունենա համակիրներ, սակայն չնչին շեմ ունի: Շատ ավելի ցածր, քան Սերժ Սարգսյանինն էր` 2018 թվականին, սակայն նա սոսնձվել է իր աթոռին ու չի պատրաստվում որևէ քայլ անել։ Ու չնայած ամբողջ աշխարհը, թե արևմուտքը, թե արևելքը, Ռուսաստանը, ուզում են, որ Փաշինյանը հեռանա, սակայն այդպես էլ հասկանալի չի, թե ինչպես է նա շարունակում նստած մնալ այդ աթոռին։

Բայց նախկիններին մեղադրողների ձայները դեռ բավականին բարձր են հնչում, հոգեբանը նշեց, որ այդ ձայներն ուժեղ հնչում են համացանցում։ Նա խորհուրդ տվեց անպայման ուսումնասիրել այդ մարդկանց անձնական էջերն ու կտեսնենք, որ այդպես արտահայտվողների 90 տոկոսը Հայաստանում չեն ապրում, իսկ մնացած 10 տոկոսը գտնվում են ինչ-որ մի գյուղում, որի անվանը նույնիսկ ծանոթ չենք։

«Բնակչության առումով մենք ակնհայտորեն կարող ենք ասել, որ Հայաստանում կենտրոնացվածություն կա և բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, և այլն։ Այս երեք քաղաքների դժգոհությունը լրիվ բավարար է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ես ունենալով շատ մեծ շփման շրջան, հաշվի առնելով, որ նրանք տարբեր խավի ներկայացուցիչներ են, դեռ չեմ հանդիպել Նիկոլի աջակցի, իսկ 2018-ին կամ 2019-ին նույնը չէի կարողանա ասել»,-ասաց վերջինս։ Մեր հարցին, թե արդյոք ընդդիմության մեղքը չկա՞ դրանում, որ մարդիկ` այլընտրանք չտեսնելով հաշտվել են կործանման գնալու մտքի հետ։

Մադաթյանն ասաց. «Ամենադեստրուկտիվ բանը մեղավորներ փնտրելն է, այդ ավանտյուրայով Նիկոլ Փաշինյանը վաճառեց մեր հայրենիքը։ Ընդդիմությունը ժողովրդի մի մասն է, ես հասկանում եմ` 2018 թվականից այս կողմ ժողովուրդը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ էր որպես իշխանություն ընկալում, քան Նիկոլ Փաշինյանին և դրա բազմաթիվ օրինակները ես տեսել եմ։ Մինչև այսօր էլ Նիկոլ Փաշինյանը չի դարձել իշխանությունը... ինչ-որ շատ բան ենք դնում այս մարդկանց վրա։ Երրորդը՝ գերմարդ չունենք: Երկրորդ նախագահը, երրորդ նախագահը բեթմեն չեն, մեզ պես մարդիկ են, ովքեր և կոնսոլիդացիայի կոչեր են արել, և ամբողջ անցած գարուն եղել են Հրապարակում՝ երկու նախագահներն էլ, սեփական  օրինակով, ցույց տալով, որ պետք է դուրս գալ։ Այսօրվա դրությամբ տանը նստելով մեղադրել սրան, նրան՝ սա ամենահիմար մոտեցումն է՝ այսպես ասեմ»,- շեշտեց Մադաթյանը։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չունեն բավարար ռեսուրսներ՝ այն պահանջներն իրագործելու համար, որն իրենցից ակնկալում են։ Այդ դեպքում ստեղծված իրավիճակում ո՞րն է փրկությունը հարցին հոգեբանը պատասխանեց, որ երկու նախագահներն էլ պատասխանել են՝ պատրաստ են կանգնել կամայական լիդերի կողքին և համախմբվել․ «Մենք ունենք բազմաթիվ լիդերներ՝ հիմա անուններ չեմ տա, որոնք պատերի տակ խոսում են, որ իրենք են փրկողը այս երկրի, բայց նույնիսկ այս արտահայտությունից հետո, կամք չեն ունեցել այդ համախմբումը անելու։ Անուն-ազգանուններով մարդիկ կան՝ Սուրեն Սուրենյանց, Նորայր Նորիկյան, մի հատ կարդացեք իրենց՝ իրանք ամենամեծ փրկիչներն են այս հայրենիքի»։ Բայց  չընդունելով անգամ այդ մարդկան տեսակետները, եթե նրանք դուրս գան փողոց` հայրենիքը փրկելու, ինքը կկանգնի նրանց կողքին։
Միհրդատ Մադաթյանը շեշտեց, որ հայ ժողովուրդն է նշանակել իրական լիդերներին․

«Մենք ենք նշանակել երկու նախագահներին լիդեր, մենք էլ գնդակահարում ենք իրենց։ Ինձ մոտ տպավորություն է, որ եթե երկրորդ Քրիստոս ծնվեր Հայաստանում՝ փոքր ժամանակ քարերով կսպանեինք, ինձ մոտ արդեն այդ տպավորությունն է, որ մենք այսքան անհավատ ու կեղտոտ ենք դարձել։ Ու դա եղել է 2018 թվականից հետո, երբ որ թույլատրվել է հայհոյախառն խոսքը, որը հիմա Հ1-ից հնչում է, մենք ապականվել ենք։ Րաֆֆի, Պետրոս Դուրյան, Կոմիտաս, քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ` մոռացեք այդ ամենը։ Ճղճիմ ինչ-որ վիճակի մենք ենք ու ասում ենք՝ մեղավոր է ընդդիմությունը։ Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, ինձ ասեք՝ ես փորձեմ ձեզ հետ անել, ով ասում է` ընդդիմությունը մեղավոր է, ես իր հետ եմ՝ թող դուրս գա անի՝ ես իր հետ կանեմ, եթե ինչ-որ բան ասում ես սխալ է՝ պիտի ասես ճիշտը որն է, սա է խնդիրը»։