Արցախի քաղաքական ուժերի արձագանքը միանշանակ չէ

Արցախի քաղաքական ուժերի արձագանքը միանշանակ չէ

«Սասնա ծռեր» կուսակցությունն օրերս Արցախ էր մեկնել։ «Արցախը Հայաստանի մարզ է» խորագիրը կրող ակցիան ղեկավարում էին Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։ Նրանք համապատասխան գրությամբ պաստառ են փակցրել Արցախի մուտքի ցուցանակին։ Սակայն նրանց ակցիան ո՛չ մեծ լուսաբանում գտավ, ո՛չ մեծ արձագանք։ Նկատելի է, որ այս ծայրահեղ դրսեւորումները մեր հանրության կողմից չեն ողջունվում։ Նրանց ավտոերթին եւ «Սասնա ծռերի» մյուս ակցիաներին Արցախի քաղաքական ուժերի գնահատականը եւս միանշանակ չէ։ Եթե ոմանց կարծիքով նորմալ է նաեւ նման գաղափարներով ու լոզունգներով քաղաքական ուժ ունենալը, մյուսները կարծում են, որ սա «քարտ-բլանշ» է Ադրբեջանի համար։

Թեմային անդրադարձել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը։ «Հրապարակի» հետ զրույցում Բաբայանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Արցախի իշխանությունները գնահատում այդ ակցիաներն ու հնչած կոչերը, նա ասաց, որ ամեն ինչ այդ մասին արդեն ասել է ուղիղ միացումով․ «Ասում են, որ չկա Արցախ պետություն՝ որպես այդպիսին, Արցախի պետություն երբեւիցե չի եղել, որ սա ձեւական է, որ դա արել են, որպեսզի միջազգային հանրությանը թյուրիմացության եւ մոլորության մատնեն, դա, փաստորեն, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի մի մաս։ Որ Արցախը Հայաստանի մի մարզ է, եւ ով դեմ է դրան, նա դեմ է հայոց միասնականությանը՝ այդպիսով եւս երկպառակտելով մեր ժողովրդին։

Հիմա հարց է ծագում․ իսկ, ինչ է, հայոց պետականությունը երբ որ Արցախում կա, դա հայոց միասնականության դե՞մ է։ Ադրբեջանն ասում է, որ Արցախի պետություն գոյություն չունի, որ դա օկուպացված տարածք է, որ դա որպես պետություն չի ձեւավորվել, չի ձեւավորվելու եւ պարզապես Հայաստանի կողմից զավթված տարածք է։ Այս մարդիկ նույնն են ասում, ասում են՝ չկա այդպիսի պետություն։ Իսկ ո՞վ չի ուզում, որ ստեղծվի միասնական պետականություն, մենք չե՞նք ուզում՝ սա մեր կյանքի, սա մեր շարժման նպատակն է, բայց դա չի նշանակում, որ միասնական պետականության ստեղծումը պետք է լինի նրա հաշվին, որ ամբողջ աշխարհով մեկ Հայաստանը ճանաչվի որպես ագրեսոր, այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան հասնեն իրենց բուն նպատակին։ Սա բերելու է անկանխատեսելի հետեւանքների»։ 

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն էլ «Հրապարակին» ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում, Ադրբեջանը որեւէ կապ չունի, եւ նորմալ է, որ կան միավորմանը կողմնակից քաղաքական ուժեր։ «2016 թվականին նման ակցիա չկար, Ադրբեջանը, ինչ է, դրա՞ն է սպասում հարձակվելու համար։ Ճիշտն ասած՝ ես հետեւել եմ միայն սոցցանցերով, բայց կարծում եմ, որ շատ նորմալ է, երբ քաղաքական որեւէ ուժ կամ հասարակության որեւէ մաս գտնում է, որ Արցախը Հայաստանի մարզ է, եւ պայքարում է այդ գաղափարի համար։ Միավորման կողմնակիցներ տարբեր երկրներում կան, տարբեր պատմական իրավիճակներում հայտնված երկրներում կան՝ Մոլդովայում Ռումինիայի հետ միավորման կողմնակիցներ, օրինակ․ այդպիսիք թող լինեն նաեւ այստեղ եւ ինչքան շատ լինեն, ավելի լավ, որեւէ խնդիր չկա։ Ադրբեջանն այստեղ ի՞նչ կապ ունի, ենթադրենք՝ անկախության կողմնակից են, Ադրբեջանն այդտեղ շահե՞ց ինչ-որ մի բան։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Խանումյանը։