Երեկվա ասուլիսից հետո Փաշինյանը զանգահարել է Բալասանյանին

Երեկվա ասուլիսից հետո Փաշինյանը զանգահարել է Բալասանյանին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝  լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի: Փողոցաշինության թեմայի հետ կապված վարչապետը զարմանք հայտնեց.

«Ես փողոցների թեմայով զրույց եմ ունեցել Գյումրիի քաղաքապետի հետ, ծրագիրն իրականացնում է նա: Այն, ինչ ասացիք, ինձ համար զարմանալի է: Ես տարածքային կառավարման նախարարությանը կհանձնարարեմ, զրույց կունենամ Գյումրիի քաղաքապետի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է եղել, քանի որ փողը կա, նախագիծը կա, շինարարություն է գնում, թվում է՝ պետք է հաճելի լինի, բայց էլի այդտեղ էլ է պրոբլեմ»,- ասաց նա:

Այս հարց ու պատասխանը կարծես ծանր է նստել Գյոմրու քաղաքապետի վրա: Այսօր   Սամվել Բալասանյանը ասուլիս է հրավիրել եւ խոստովանել, որ առավոտյան իր հետ հեռախոսազրույց է ունեցել  Փաշինյանը, որին տեղեկացրել է, թե ինքը հանդես կգա մամուլի ասուլիսով եւ կներկայացնի ամենը: Գյումրու քաղաքապետի համար SHANTNEWS.am-ի թղթակցի  հարցը վիրավորական էր: «Նախքան հարց բարձրացնելը, լրագրողը պետք է իրազեկված լիներ, նոր ձայն բարձրացներ, եթե իմ նկատմամբ հակակրանք, թշնամանք կա, այն չպետք է արտացոլվի մեր աշխատանքների վրա: Փողոցները քանդել են, պարզ է, տարբեր տեսակի անհանգստություն է պատճառվել: Շինարարության ընթացքում կլինի թոզ, ցեխ, որի համար ես մի քանի անգամ խնդրել եմ համբերատար լինել: Էսպիսի աշխատանքներ երբեք չեն արվել: ժամանակացույց կա, նախագծերը կան: Ամեն մի փողոցում կա պատասխանատու: Եթե որեւէ մեկը թերանում է  իր պարտականություններում, տույժ ու տուգանք կսհամանենք: Պետք է օբյեկտիվությունը ներկայացնել»,-ակնհայտ սրտնեղած նշել է քաղաքապետը
Հիշեցնենք, Գյումրիում փողոցաշինությունը ընթանում է երեք ծրագրով, որոնցից գլխավորն ու ամենամեծըՙ 23,84 մլն եվրոյին համարժեք ընդհանուր գումարով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» երկար սպասված ծրագիրն է:

Դրանով նախատեսվում է երեք տարվա ընթացքում իրականացնել քաղաքի տասնյակ ճանապարհների հիմնանորոգման եւ փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, ներառելով ասֆալտի, մայթերի եւ դրանց եզրաքարերի նորացում, ջրահեռացման, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում ու արդիականացում եւ այլն:Քաղաքի պատմական միջուկում գտնվող Շիրազի փողոցի հիմնանորոգումը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացան հիմնադրամի միջոցովՙ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մի շարք փողոցներ էլ նորոգվում են համայնքային բյուջեի միջոցներով: