Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է

Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է
Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է
Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է
Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է
Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է
Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետև տունը փլվել է

Ամեն անգամ արձագանքելով ընթերցողի որևէ խնդրանքի, զանգի, նամակի, նախևառաջ ուզում ես համոզված լինել, որ նա իր ծանր վիճակը չի գունազարդում, ավելի չի ծանրացնում` խղճահարություն առաջացնելու կամ որևէ այլ նպատակով: Քաղաքացին, ամեն դեպքում, հենց այնպես չի զանգահարում կամ դիմում խմբագրություն:

Մեր քաղաքացին բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, որոնք ինքը լուծել չի կարող, որովհետև դրանք կան, առաջացել են և առաջանում են իր կամքից անկախ, օբյեկտիվ պատճառներով` կապված այս կամ այն իշխանության վարած քաղաքականության, երկրի տնտեսական վիճակի, ընդհուպ պաշտոնյաների քրոնիկ անգրագիտության և այլ բաների հետ: Այս տեսանկյունից մեր քաղաքացիների խնդիրները շատ դեպքերում համընկնում են, դեպքեր կան, որ նրանք խմբակային նամակներով են դիմում զանազան կազմակերպությունների և գերատեսչությունների` պահանջելով համալիր լուծում գտնել իրենց խնդրին:

Երևանի բնակիչ Ամալյա Մելքոնյանի (ծնվ. 1936թ.) պարագայում բոլոր տիպի խնդիրները` օբյեկտիվ և սուբյեկտիվ, կարծես, միատեղվել են և ստեղծել մի վիճակ, որի մեջ մարդն իր գոյությունը պաշտպանել պարզապես ի զորու չէ: Ընդունենք, որ մեր պետությունը չի կարող բոլորին բնակարանով ապահովել, ընդունենք, որ մենք դեռ շատ հեռու ենք միայնակ թոշակառուի համար գոյության նվազագույն պայմաններ ապահովելուց, ընդունենք, որ նոր-նոր ենք փորձում հաշմանդամների տեղաշարժի պայմաններ ստեղծել մեր բնակավայրերում ու շենքերում, ընդունենք, որ «Փարոս» ծրագրով հատկացվող նպաստն ուղղակի ծաղր է ծայրահեղ աղքատ մարդու հասցեին: Բայց ինչպե՞ս ընդունենք այն անտարբերությունը, որ դրսևորվում է մեր այն քաղաքացիների հանդեպ, որոնք միաժամանակ ունեն թե կացարանի, թե օրվա հացի, թե տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիրներ և, որպես այդ ամենի հավելում, զրկվում են նաև օրենքով տրվող նպաստից:

Երբեմնի մեծ գերդաստանից այսօր մնացել են Ամալյան և քույրը, որն ապրում է Վանաձորում: Ամալյան բնակվում է Նոր Արեշի 7-րդ փողոցի 54 տանը, որ անցյալ դարի 40-ական թվականների շինություն է և սկսել է փլուզվել: Միայնակ կինն ունի ընդգծված հաշմանդամություն և տեղաշարժման լուրջ դժվարություններ, մինչև վերջերս ապրում էր ծերության թոշակով և նպաստով: Տան վերջնական փլուզման վտանգը, սակայն, ավելի ծանրացրեց նրա առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը: Բարեկամները նրան ժամանակավորապես պատսպարեցին, իհարկե, բայց դա պատճառ դարձավ, որ համապատասխան ծառայության աշխատակիցները «մշտադիտարկում» իրականացնեն և կտրեն Ամալյայի նպաստը: Կա՞ տրամաբանություն այստեղ: Ոչ մի: Փախարենը պարզ է այլևս , որ սոցիալական ապահովության նախարարության համապատասխան բաժնում «կույր» պաշտոնյաներն են մշտադիտարկում անցկացնում, որոնք մի կողմից վախենում են մտնել Ամալյա Մելքոնյանի տուն, իսկ մյուս կողմից` նրան զրկում նպաստից, որ նա այդ տանը «չի բնակվում»:

-Դիմե՞լ եք որևէ տեղ, -հարցնում եմ:

-Լսող չկա, շատ տեղեր եմ դիմել, ամեն մեկը մի բան է ասում` իր վրայից գցում պատասխանատվությունը: Թաղապետարանից ասացին` քաղաքապետարան դիմիր տան հարցով: Նամակ գրեցի Հայկ Մարությանին, 10 օրից պետք է պատասխանեն, բայց մեծ հույս չունեմ: Մի օր էլ էս առաստաղը կփլվի վրաս` կվերջանա, կգնա…

-Այդպես մի ասեք: Եթե նամակ եք գրել, պետք է սպասել պատասխանին: Իսկ, եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք խնդրել Հայկ Մարությանից:

-Չէ, ի՞նչ գաղտնիք, խնդրել եմ ինձ ընդգրկել քաղաքապետարանի աջակցության որևէ ծրագրում և այս տան տեղում մի անկյուն կառուցել:

Ահը հաղթահարելով` մտնում եմ ներս, որ մի քանի լուսանկար անեմ պատկաններին ցուցադրելու համար: Գուցե գտնվի մեկն ու նկատի, որ այդ տանն ապրել իսկապես հնարավոր չէ ու պետք է աջակցել քաղաքացուն: Որպես լրատվամիջոց մենք այլ աջակցություն չենք էլ կարող ցուցաբերել: Հին ու բարի ժամանակներում մեր նմանատիպ հրապարակումներին արձագանքում էին նաև անհատներ` առաջարկելով իրենց օգնությունը: Շատ ժամանակ հենց այդ մարդկային քայլերի շնորհիվ են լուծվել մեր ծայրահեղ կարիքավոր քաղաքացիների ցավոտ խնդիրները: