10 000 դրամից մինչև 150 հազար դոլար․ փաստաբանական ծառայության սակագները

10 000 դրամից մինչև 150 հազար դոլար․ փաստաբանական ծառայության սակագները

Մի շարք հայտնի անունների պաշտպանությունն իրականացնող փաստաբանների՝ մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարները՝ դատական պաշտպանության գումարները, ըստ մեր տեղեկությունների, հասնում են 100 և 150 հազար ԱՄՆ դոլարի։ Ինչը, բնականաբար նշված անձանց պաշտպանները չեն հաստատում։ 

Ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքացիական գործերով փաստաբան Դավիթ Դանիելյանը սա շատ սպեցիֆիկ է։

«Շուկայում մի գործի համար կարող է լինել 10 հազար դրամից մինչև 100 հազար դոլար՝ նույն գործի համար, պայմանավորված փաստաբանական ծառայութունների որակից ու լիքը այլ բաներից»,- ասաց Դավիթ Դանիելյանը։

Հարցին, թե եթե, ենթադրենք փաստաբանի պաշտպանյալը չի արդարացվում, միջնորդությունները մերժվում են, նույնն էլ վերաբերում է վստահորդին, ապա հնարավո՞ր է, որ առաջինը չվճարի, փաստաբանը պատասխանեց ասելով, որ նման բան չի կարող լինել։

«Տեսեք՝ եթե լինում էլ են, դա լինում է ոչ պատշաճ կատարում պարտավորությունների,որովհետև փաստաբանը, ըստ օրենքի, ու էթիկայի կանոնների՝ իրավունք չունի երաշխավորել որևէ դատական ակտ։ Ինքը կարող է երաշխավորել միայն իր ծառայություններն ու ծառայությունների որակը։ Եթե որևէ նման բան երաշխավորի, որ գիտես ինչ, կարող է նման բան լինել, դա արդեն կոռուպցիա է»,- մանրամասնեց Դավիթ Դանիելյանը։

Այսինքն՝ անկախ նրանից՝ ինչ դատական ակտ է կայացվում, փաստաբանը ստանում է իր ծառայությունների վճարը։ «Այլ բան է, որ դրական ելքի դեպքում կարող է լինեն պարգևավճարներ ու դա նորմալ պրակտիկա է»,-ասում է փաստաբանը։

Նշենք, որ Փաստաբանների պալատի պաշտպանության վճարների միջին գնացուցակ է մշակել և այն ներբեռնել ՓԲ կայքում՝ որպես  խորհրդատվական բնույթի գնացուցակ, որոնք վերաբերում են տարբեր հայցերի։ Օրինակ՝ չվճարված աշխատավարձի կամ այլ վճարների բռնագանձում՝ բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոս, սեփականության իրավունքի ճանաչում՝ բազային տուրքի 300-ապատակի չափով, և այլն։ 

Մյուս կողմից, փաստբանական ծառայությունները հարկվում են և ենթադրվում է, որ այդ գումարներից մի որոշ մաս մտնում է բյուջե։ Իհարկե, հազիվ թե կարելի է ենթադրել, որ փաստաբանական ծառայությունների դիմաց ձևակերպված պայմանագրերում նման ահռելի գումարներ կարող են ֆիքսված լինել և այդքան հարկեր մուծված լինեն։

Ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքացիական գործերով փաստաբան Դավիթ Դանիելյանը՝ փաստաբանական այն գրասենյակների նկատմամն հարկային ռեժիմը նույնն է, ինչ յուրաքանչյուր տնտեսվարողի՝ թերթի խմբագրությունից մինչև վարսավիրանոց կամ առևտրի կենտրոն։ Այն է՝ աշխատողների եկամտային հարկ և այն գրասենյակները, որոնց դրամական եկամուտը  գերազանցում է տարեկան 58 միլիոն դրամի շեմը, նաև ԱԱՀ։