Արարատ Միրզոյանը կարող է հաջողություններ ունենալ միայն իր զոքանչի տունը փոշեկուլով մաքրելու հարցում
Երեկ «Հայաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաքի մեկնարկը հայտարարեց։ Կենտրոն վարչական շրջանի շենքում սկսվեց ստորագրություններ հավաքելու գործընթացը։ Եվ չնայած նախաձեռնության անդամները 60 օր ունեն 50 հազար ստորագրություն հավաքելու համար, սակայն, մեր տեղեկություններով, որոշել են այդ քանակն ապահովել առաջին մեկ շաբաթվա ընթացքում։ Կենտրոնի թաղապետարանի մոտ էր նաեւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան։
- Դուք եւս «Հայաքվե» նախաձեռնությանն եք միացել: Արցախն այլ պետության մաս ճանաչելու կոչերը քրեականացնելու հարցն այսօր ինչո՞ւ դարձան այսչափ ակտուալ:
- Ամեն բան ակնհայտ է: Այս խնդիրն այնքան է հասունացել, որ այս մասին չխոսելը դժվար է: Մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, որն ամեն օր խախտում է մեր պետության իրավական հիմքերը, այն է` ՀՀ անկախության հռչակագիրն ու ՀՀ սահմանադրությունը: Նիկոլ Փաշինյանի թեզերը, մոտեցումներն ու պատկերացումները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հետեւաբար՝ անհրաժեշտություն է առաջացել քրեականացնել այն խոսույթը, որը հակասում է մեր երկրի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին: Շատ խորհրդանշական է, որ այս նախաձեռնությունը ոչ թե ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ է իրականացվում, այլ՝ քաղաքացիական նախաձեռնությամբ: Ստեղծվել է «Հայաքվե» նախաձեռնությունը, որն այս էտապում նախատեսում է 50 հազար ստորագրություն, ինչի արդյունքում նախագիծը կմտնի Ազգային ժողով` քննարկման:
- Մի իշխանություն, որը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, մի իշխանություն, որն առիթը բաց չի թողնում Թուրքիայի նախագահին շնորհավորելու, թշնամի պետությունների ղեկավարների հետ ողջագուրվելու համար, թույլ կտա՞ նման հայանպաստ նախաձեռնությունը կյանքի կոչել:
- Իշխանության տերն այս մարդիկ չեն, իշխանության տերը ժողովուրդն է, ուստի ժողովուրդն է որոշում՝ ում իշխանության միջոցով եւ ինչպես, ինչ նախաձեռնություն պետք է կյանքի կոչվի: Այն մարդիկ, որոնք ինչ-որ պաշտոններ են այսօր զբաղեցնում, զուտ հանրային ծառաներ են, որոնք պարտավոր են որակյալ եւ արդյունավետ ծառայություններ մատուցել մեր հասարակությանը: Ակնհայտ է, որ դա նրանց մոտ չի ստացվում: «Հայաքվեն» ընդհանուր գաղափարների ամբողջություն է, որ ոչ թե պետք է սպասել իշխանություն կոչվածի բարեհաճությանը, այլ առիթն օգտագործել՝ նրանց իրենց պաշտոններից դուրս շպրտելու համար:
- Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին Վաշինգտոնում բանակցում է իր պաշտոնակցի հետ, որեւէ մեկը տեղյակ չէ, թե ինչ են բանակցում՝ գոնե մանրամասներ չգիտենք: Ձեր տպավորություններով` ինչի՞ շուրջ է բանակցում Միրզոյանը:
- Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Պրահայում հայտարարեց, որ ձախողված բանակցությունների պատճառն այն է, որ Իլհամ Ալիեւը պատրաստ չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Արտաքին գործերի փոխնախարարներից մեկն էլ հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ այս պահին ընդհանուր եզրեր չկան: Այսօր բանակցությունների մասին չի խոսվում, որովհետեւ չկան հաջողություններ, եւ պետք էլ չէ ակնկալել հաջողություններ: Արարատ Միրզոյանից դիվանագիտական հաջողություններ ակնկալելը ֆանտաստիկայի ժանրից է: Արարատ Միրզոյանը կարող է հաջողություններ ունենալ իր զոքանչի տունը փոշեկուլով մաքրելու հարցում, սակայն ո՛չ դիվանագիտության մեջ: Նա կարող է հաջողություններ ունենալ իր նոր առանձնատան մետլախի ընտրության հարցում, կովրոլիտի ընտրության հարցում, թե որ պատն ինչ գույն պետք է ունենա եւ այլն, եւ այլն, բայց այդ մարդը դիվանագիտության մեջ որեւէ հաջողություն ունենալ չի կարող: Սրանց պետք է վռնդել իշխանությունից՝ իշխանության բերելով մարդկանց, որոնք կարող են հայ ժողովրդի եւ հայկական պետությունների շահերից բխող որոշումներ կայացնել:
Կարծիքներ