Առանց բացառության

Առանց բացառության

Ես բոլորովին դեմ չեմ, որ նախկինում հանցանքներ կատարած եւ բյուջեն թալանած մարդիկ պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց՝ բոլորն անխտիր եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։ Որքան էլ մենք վստահություն չունենանք դատարանների նկատմամբ, այլ դատավոր եւ ուրիշ չափման գործիք մենք չունենք, եւ դա է աշխարհի ստեղծած միակ օրինական պատժիչ համակարգը։ Ես դեմ չեմ վեթթինգին, բայց ուզում եմ, որ այն իրականացվի հստակ չափորոշիչների միջոցով, մինչեւ վերջ եւ բոլորի նկատմամբ անխտիր։ Եթե թեկուզ մեկ դատավոր «խծբ»-ով ազատվելու է այդ գործընթացից, ուրեմն առհասարակ չպետք է անգամ սկսել։

Ես դեմ չեմ, որ Մարտի 1-ի գործը քննվի, բայց նորից մինչեւ վերջ եւ բոլոր նրբությունների ու դեպքերի բոլոր մասնակիցների բացահայտմամբ։ Եթե գեթ մեկ մեղավոր խուսափելու է պատժից, ուրեմն պետք չէ անգամ սկսել այդ պրոցեսը։ Դեմ չեմ նաեւ, որ ապրիլյան քառօրյան քննվի Ազգային ժողովի հանձնաժողովում, բայց կրկին պահանջում եմ, որ այն իրականացվի ամբողջությամբ՝ առանց այդ օրերի որոշ գործող անձանց միջից հանելու։ Ես նաեւ դեմ չեմ, որ Ամուլսարի հանքը փակվի, եւ մենք հրաժարվենք այդ ներդրումներից, բայց մի պայմանով, որ անհապաղ փակվեն նաեւ Թեղուտի եւ մյուս հանքավայրերը, որոնք ոչ պակաս վտանգ են ներկայացնում մեր էկոլոգիայի համար։

Դեմ չեմ նաեւ, որ Մանվել Գրիգորյանին դաժան պատիժ տան, Արամ Հարությունյանին բռնեն ու կանգնեցնեն դատարանի առաջ, հետ վերադարձնեն Սաշիկ Սարգսյանին ու նրա որդուն, բայց կրկին պայմանով, որ բոլոր նախկիններն էլ առանց բացառության պատժվեն ու կանգնեն դատարանի առաջ։ Առհասարակ՝ պետության կողմից իրական արդարադատության գլխավոր ցուցանիշը հավասարության սկզբունքի կիրառումն է բոլորի հանդեպ՝ առանց բացառությունների եւ անխտիր։