Լևոն Մարկոսի գործով մեղադրյալ չկա

Լևոն Մարկոսի գործով մեղադրյալ չկա

Մոսկվաբնակ գործարար Լեւոն Մարկոսը՝ Լեւոն Հովհաննիսյանը, որը հայտնի է որպես «Կրեդիտ Երեւան» բանկի «քցված» փայատեր, իրեն համարում է նախկին իշխանությունների զոհերից։ Նա հեղափոխությունից հետո արդարության նոր հույս ստացավ։ 2001 թվականին «Կրեդիտ-Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանից գնել էր նրա ակտիվները եւ մեկ տարուց այս բանկի մոտ 50 տոկոսի բաժնետերն էր դարձել։ Սակայն հետագայում զրկվել էր ունեցվածքից։ 

2009 թվականին նրա դեմ քրեական գործ հարուցվեց, Մարկոսին կալանավորելու որոշում ընդունվեց։ Գործարարը մեկնեց երկրից։ Իրեն ունեզրկելու համար նա մեղադրում էր հայաստանյան օլիգարխներին ու հատկապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հեղափոխությունից հետո Լեւոն Մարկոսի բաժնետոմսերի հափշտակությանն առնչվող քրեական գործը, որը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով (Քրօր․ 178, 3-րդ մաս), նոր թափ ստացավ։ Լեւոն Մարկոսի կալանավորման որոշումը վերացվեց։ 

Սա շահեկան գործ էր նոր իշխանության համար, քանի որ ուղղակի առնչվում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Լեւոն Մարկոսը Ռուսաստանից եկավ Հայաստան, ցուցմունք տվեց, որ «Կրեդիտ Երեւան» բանկը ձեռք է բերել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա, եւ որ իրենից թաքցրել են բանկի վատ ֆինանսական վիճակը, իսկ հետո, երբ ներդրողն արդեն բանկին պատկանող մի քանի ձեռնարկություններում ներդրումներ է կատարել, Սերժ Սարգսյանը պահանջել է նրանից բանկի անշարժ գույքի մի մասը՝ Երեւանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը, երեք շուկաները։

Գործարարը հրաժարվել է կատարել հրահանգ-խնդրանքը եւ քրեական հետապնդման է ենթարկվել։ Այս ամենը նա մանրամասն շարադրել է թղթի վրա, սակայն գործի քննությունն ինչ-որ պահից արգելակվել է։ Լեւոն Մարկոսի շահերի պաշտպանը՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, վերջին օրերին ավելի կարեւոր գործով էր զբաղված՝ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր։ Նա մեզ ասաց․ «Գործով նորություն չկա։ Ես հիմա շատ զբաղված եմ։ Ես Լեւոն Մարկոսին այլեւս չեմ պաշտպանում»։ Լեւոն Մարկոսի ընկերներից մեզ հայտնի դարձավ, որ նա այժմ գտնվում է ՌԴ-ում, Ռյազանի մարզում։ Կասեցումից հանված գործը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ, քանի որ այն առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Մարկոսը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Արդյոք նրա մասով քննություն արվե՞լ է, կա՞ն մեղադրանքներ։ Մեր այս հարցին ՀՔԾ-ից պատասխանեցին․ «Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»։